Հա

Մշակոյթ

15/07/2019 - 13:10

Կոմիտասը եւ Թումանեանը` Գառնու տաճարում. երկու մեծ հայերի յոբելեանը նշել են մեծամասշտաբ համերգով

Երէկ ուշ երեկոյեան Գառնու հեթանոսական տաճարը եւ շրջակայքը մի քանի ժամ քրիստոնէադաւան  երկու մեծութիւնների՝ Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի «հսկողութեան» ներքոյ էր, եւ հեթանոսական տաճարի խորհուրդը եւ ասելիքը  բացարձակ հակասութեան մէջ չէր նրանց ստեղծածի հետ, ընդհակառակը՝ կար փոխլրացում:

«alikonline.ir» - Երէկ ուշ երեկոյեան Գառնու հեթանոսական տաճարը եւ շրջակայքը մի քանի ժամ քրիստոնէադաւան  երկու մեծութիւնների՝ Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի «հսկողութեան» ներքոյ էր, եւ հեթանոսական տաճարի խորհուրդը եւ ասելիքը  բացարձակ հակասութեան մէջ չէր նրանց ստեղծածի հետ, ընդհակառակը՝ կար փոխլրացում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ներկաները, թերեւս, նաեւ այս առումով յուլիսի 14-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին նւիրւած յոբելեանական համերգը համարեցին պատմական իրադարձութիւն, որին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նւագախումբը (գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսեան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքէեան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Յովհաննիսեան): Երեկոյի ընթացքում որպէս մենակատարներ հանդէս եկան Վահան Մարտիրոսեանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյեանը (ջութակ), Արտակ Ասատրեանը (դուդուկ), Ամալեա Թորոսեանը (սոպրանօ), Արամօ Մամիկոնեանը (տենոր), Ակսել Դաւէեանը (բարիտոն), Նարինէ Ոսկանեանը (սոպրանօ), Սոֆեա Սայադեանը (սոպրանօ), Վրէժ Ղարիբեանը (տենոր), Յովհաննէս Գրիգորեանը (բարիտոն), Մաւր Մկրտչեանը (բարիտոն):

Երկու ժամ տեւած համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից. առաջին մասը նւիրւած էր Կոմիտասին, այդ հատւածում երաժշտախմբերը ղեկավարեց Ռոբերտ Մլքէեանը, երկրորդ մասը՝  Թումանեանին, այս դէպքում դիրիժորը Վահան Մարտիրոսեանն էր:

Հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ ունկնդրելու կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործութիւններ եւ մշակումներ՝ կամերային նւագախմբի համար, Կոմիտասի ինչպէս սիրւած, այնպէս էլ լայն հանրութեանը անյայտ ստեղծագործութիւններ՝ «Կռունկ», «Հով արէք սարեր ջան», «Շուշիկի», «Գութաներգ», հարսանեկան երգեր եւ այլն:

Թումանեանական մասում ներկայացւեցին Յովհաննէս Թումանեանի գրւածքների հիման վրայ հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրւած մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատւածներ «Անուշ» օպերայից, ինչպէս նաեւ «Ախ ինչ լաւն են» ստեղծագործութիւնը, որն այն եզակի ստեղծագործութիւնն է, որի ե՛ւ խօսքերի, ե՛ւ երաժշտութեան հեղինակը Յովհաննէս  Թումանեանն է:

Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին նւիրւած յոբելեանական համերգը կազմակերպւել էր Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնի նախաձեռնութեամբ եւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։