Հա

Մշակոյթ

16/07/2019 - 09:40

Լեւոն Շանթ-150. ցուցադրութիւն Հայաստանի Ազգային գրադարանում

Լեւոն Շանթը ծնւել է Թումանեանի հետ, ապրել` Իսահակեանի չափ. Հայաստանի ազգային գրադարանում Լեւոն Շանթի 150-ամեակին նւիրւած ցուցադրութիւն-միջոցառման ժամանակ նշեց գրականագէտ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը՝ նշելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն` Շանթի կեանքն ու ստեղծագործութիւնը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

«alikonline.ir» - Լեւոն Շանթը ծնւել է Թումանեանի հետ, ապրել` Իսահակեանի չափ. Հայաստանի ազգային գրադարանում Լեւոն Շանթի 150-ամեակին նւիրւած ցուցադրութիւն-միջոցառման ժամանակ նշեց գրականագէտ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը՝ նշելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն` Շանթի կեանքն ու ստեղծագործութիւնը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

Ըստ «Yerkir.am»-ի՝ Հայաստանի Ազգային գրադարանից յայտնում են, որ անւանի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, պետական եւ հասարակական գործիչ, «Համազգային մշակութային հիմնադրամի» հիմնադիր, դաշնակցական գործիչ Լեւոն Շանթի (Լեւոն Նաղաշպետեան կամ Լեւոն Սեղբոսեան) 150-ամեակին նւիրւած գրքերի ցուցադրութիւնը բացւեց Հայաստանի Ազգային գրադարանի` պետական կարգավիճակ ստանալու 100-ամեակի միջոցառումների շրջանակում: Ազգային գրադարանի հարուստ հաւաքածուից ցուցադրւեցին Լեւոն Շանթի ամենաառաջինից գրքերից մինչեւ ամենավերջին հրատարակութիւնները՝ 1893-ին լոյս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչեւ 21-րդ դարի երկրորդ տասնամեակում հրատարակւած ինը հատորեակը, ինչպէս նաեւ գրական թարգմանութիւնները, գրողին վերաբերող աշխատութիւններ…

«Կարեւոր ցուցադրութիւն է: Կարծում եմ՝ նմանատիպ ցուցադրութիւնները շարունակական կը լինեն Ազգային գրադարանում: Եթէ անգամ մի մարդ ինչ-որ նոր բան քաղի ցուցադրութիւններից, կարող ենք դրանք ստացւած համարել»,- ասաց Արքմենիկ Նիկողոսեանը՝ յաւելելով, որ իր համար, օրինակ, բացայայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:

Գրականագէտը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի կողմից գրադարանին նւիրւեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները եւ ընդգծեց, որ Հայաստանի Ազգային գրադարանը գրքերի ամենայուսալի պահոցն է:

Միջոցառումն ուղեկցւեց թամանեանական մասնաշէնքի մեծ ցուցասրահի սիւներին եւ առաստաղին շարժապատկերների ցուցադրութեամբ: Այնուհետեւ գրադարանի կինոսրահում ցուցադրւեց Լեւոն Շանթի կեանքին ու գործունէութեանը նւիրւած ֆիլմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։