Հա

Մշակոյթ

21/07/2019 - 09:30

Բինգեոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

«Բինգեոլի Քղի, Սանջաք, Ադաքլը եւ Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղօթատեղիների ու բոլոր մշակութային հարստութիւնների հետքերը ջնջւում են։ Որոշ կառոյցներում պահպանւած արձանագրութիւնները հանւել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբիւրներն են օգտագործւում»,- ահազանգում է «Demokrathaber.org» լրատւակայքը։

«alikonline.ir» - «Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Բինգեոլում հայերից մնացած մշակութային հարստութիւնը հետզհետէ ոչնչանում է։ Շատ աղօթատեղիներ քանդւում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցւում որպէս ախոռ։

Բինգեոլի Քղի, Սանջաք, Ադաքլը եւ Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղօթատեղիների ու բոլոր մշակութային հարստութիւնների հետքերը ջնջւում են։ Որոշ կառոյցներում պահպանւած արձանագրութիւնները հանւել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբիւրներն են օգտագործւում»,- ահազանգում է «Demokrathaber.org» լրատւակայքը։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Բինգեոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ - Խմբ․) շրջանում դեռեւս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմութիւնը տեղացիներին յայտնի չէ։ Եկեղեցու հարեւանութեամբ մզկիթ է կառուցւել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառոյցը նախկինում հայկական աղօթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրութիւն է եղել, բայց այն տեղից հանւել է, փոխարինւել փայտի կտորներով։ Յայտնի է նաեւ, որ Ադաքլը շրջանում եւս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցաւօք, աւերւել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպէս միւս հայկական եկեղեցիների դէպքում, չի խուսափել նաեւ գանձախոյզների աւերիչ ազդեցութիւնից։

Յօդւածի հեղինակը, ով շրջել է Բինգեոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դէպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբիւրները, որոշ տների քարերն ու ճարտարապետութեան ոճը յուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամեայ պատմութիւն են ունեցել»։

Բինգեոլի հայկական ճերմակ (այսօր՝ Հելդէյիրմէնի) անւամբ գիւղում եւս մէկ կանգուն եկեղեցի կայ։ Բնակավայրը, սակայն, լքւած է։ Եկեղեցին կիսաւեր վիճակում է։ Այն եւս Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ յայտնւել է գանձախոյզների թիրախում, ապա երկար տարիներ գիւղացիների կողմից օգտագործւել որպէս ախոռ։ Այսօր կառոյցը լիովին անհետացման վտանգի տակ է։

Եւս մէկ կիսաւեր եկեղեցի է պահպանւել Բինգեոլի Քղիի շրջանում։ Յայտնի է միայն, որ եկեղեցու անունը Սուրբ Գէորգ է։ Կառոյցի արձանագրութիւնները չեն պահպանւել։ Հայերի հեռանալուց յետոյ շինութիւնը որպէս ախոռ է ծառայել։ Բինգեոլի նահանգապետարանը 2015 թ․ յայտարարել էր, որ Չանաքչը գիւղում գտնւող Սուրբ Գէորգ եկեղեցին շուտով կը վերանորոգւի։ Անգամ նշւել էր աշխատանքների մեկնարկի տարեթիւը՝ 2016 թ․։ Սակայն անցել է արդէն երեք տարի, իսկ եկեղեցու տարածքում որեւէ վերականգնողական աշխատանք մինչ օրս չի կատարւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։