Հա

Մշակոյթ

30/07/2019 - 10:30

Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է Այւազովսկու 202-ամեակին նւիրւած ցուցահանդէս

Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու, նրա աշակերտների եւ հետեւորդների նկարների վերարտադրութիւնների ցուցահանդէսը։

«alikonline.ir» - Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու, նրա աշակերտների եւ հետեւորդների նկարների վերարտադրութիւնների ցուցահանդէսը։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

««Այւազովսկին եւ ծովանկարչութեան աւանդոյթները» խորագիրը կրող ցուցադրական ծրագիրը նւիրւած է մեծ նկարիչ Այւազովսկու ծննդեան 202-ամեակին, որի անունն է այս տարւանից կրում Սիմֆերոպոլի օդանաւակայանը։ Ներկայացւած է Այւազովսկու ութ նկարի վերարտադրութիւն, նաեւ նրա աշակերտների եւ հետեւորդների՝ Էմմանուիլ Մագդեսիան, Միխայիլ Ալիսով եւ Արսէնի Մեշչերսկի»,- «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, յայտնել են օդանաւակայանի մամուլի ծառայութիւնից։

Օդանաւակայանում ցուցահանդէսի բացմանը բանաստեղծութեան եւ ջութակի հնչիւնների ներքոյ աւազի վրայ վերստեղծւել է Այւազովսկու երկու կտաւ եւ նրա աշակերտ Մագդեսիանի մէկ նկար։

 

Յովհաննէս Այւազովսկին ծնւել է 1817 թւականին Ղրիմում՝ Թէոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այւազեան էր։ Թէոդոսիայի հայկական եկեղեցու ծննդեան եւ մկրտութեան մատեանում Այւազովսկու ծնունդը գրանցւած է՝ Գէորգ Այւազեանի որդի Յովհաննէս:

Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրութիւնը՝ «Յովհաննէս Այւազեան»: Այւազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր 17-րդ դարում Գալիցիա էին գաղթել Արեւմտեան Հայաստանից։ Նրա՝ որպէս նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դէպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դէպի Սանկտ Պետերբուրգի գեղարւեստի ակադեմիա, որը Յովհաննէս Այւազովսկին աւարտեց ոսկէ մեդալով։ Ստեղծել է 6000-ից աւելի կտաւ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաեւ հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի յիշողութեամբ։ Իր յաջողակ ստեղծագործական գործունէութեան ընթացքում վաստակած զգալի գումարներով Այւազովսկին բացել է արւեստի դպրոց եւ պատկերասրահ իր հարազատ Թէոդոսիա քաղաքում։ Յ. Այւազովսկին վախճանւել է 1900 թւականին։

Այւազովսկին թաղւած է Թէոդոսիայում՝ հայոց միջնադարեան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ. նկարչի այրին մարմարէ շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրւած են պատմահայր Մովսէս Խորենացու խօսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։