Հա

Մշակոյթ

06/08/2019 - 12:00

Արդեօ՞ք դժւար է Թուրքիայում հայերէն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում

Ստամբուլահայ երգչուհի Մարալ Այւազը, որ յունիսին ներկայացրեց իր առաջին ձայնասկաւառակը՝ «Մարալի պէս», այնուհետեւ տեսահոլովակ՝ «Գուշակի երգը», առաջիկայ օրերին այցելելու է Հայաստան։

«alikonline.ir» - Ստամբուլահայ երգչուհի Մարալ Այւազը, որ յունիսին ներկայացրեց իր առաջին ձայնասկաւառակը՝ «Մարալի պէս», այնուհետեւ տեսահոլովակ՝ «Գուշակի երգը», առաջիկայ օրերին այցելելու է Հայաստան։

«Այս այցելութեան ընթացքում ցանկանում եմ ալբոմս ներկայացնել հայ ժողովրդին։ Ունեմ մի քանի հանդիպումներ, ամենաշատն ինձ յուզում է բանաստեղծ Սուրէն Մուրադեանի հետ հանդիպումը։ Իմ առաջին տեսահոլովակը՝ «Գուշակի երգը», հէնց Սուրէն Մուրադեանի խօսքերով է, երաժշտութեան հեղինակը Գրիգոր Հախինեանն է։ Ծրագրելու եմ համերգներ եւ այլ ելոյթներ հայրենիքում։ Իմ ամենամեծ երազանքն է շուտով ներկայանալ հայրենիքում, շփւել ժողովրդի հետ»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Մարալը։

«Մարալի պէս» ալբոմում ընդգրկւած է հայերէն 8 երգ։ Խօսելով ալբոմի մասին՝ Մարալն ասաց. «Իմ առաջին ալբոմում ժողովրդական եւ արդիական ութ երգեր են ներկայացւած, վեցը հանրաճանաչ երգեր են։ Այդ երգերից ամէն մէկն իրարից անկախ բնօրինակ ոճով վերամշակւած ստեղծագործութիւններ են։ Ուշագրաւ է հայ դասական եւ արդի գործիքների հարստութիւնն ու ներդաշնակ միասնակութիւնը։ Ալբոմի երաժշտական ղեկավարն է պոլսահայ երաժիշտ Արի Հերկէլը, որը նաեւ կատարել է ալբոմի եօթ երգերի մշակումը։ Ալբոմի ամենաուշագրաւ երգերից մէկն է «Անվերջ խաւար», աշխարհահռչակ երաժիշտ, ուդահար Արա Տինքճիանին «Picture» անունով յօրինումն է, որ ճանաչւած եւ շատ սիրւած է լայն զանգւածների կողմից թուրքերէն «Ağladıkça» անունով։ Ես այս երգին հայերէն խօսքեր գրեցի։ Իմ ալբոմը կառուցւած է սիրւած եւ արդէն հնչած երգերով։ Միայն «Վայրի ծաղիկ» երգն է նոր, որը Վահան Թեքէեանի բանաստեղծութեան հիման վրայ է եւ նւագակցում է գերմանաբնակ յաջող երգիչ, երաժիշտ, գիթարահար Արէն Էմիրզէն։ Արդէն սիրահարւած եմ հայ երգին ու երաժշտութեանը»։

Հարցերին, թէ Թուրքիայում յաճա՞խ էք կատարում հայերէն երգեր, ինչպիսի՞նն է լինում արձագանքը, արդեօ՞ք դժւար է Թուրքիայում հայերէն երգեր կատարելը, Մարալը պատասխանեց. «Ստամբուլում մենք ունեն բազմաթիւ վարժարաններ, եկեղեցիներ, միութիւններ, երգչախմբեր։ Տարւայ մէջ շատ ելոյթներ ենք ունենում, որոնցից են նաեւ հայերէն երաժշտութեան համերգները։

Ես մանուկ հասակից յաճախում եմ «Լուսաւորիչ» երգչախմբի բազմաձայն հայ հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտութեան աշխատութիւններին՝ իբրեւ երգչախմբի անդամ եւ մենակատար, որը զանազան ձեռնարկներով բեմ է բարցրացել նաեւ Երեւանի տարբեր դահլիճներում, բացի դրանից, հայ էստրատային երաժշտութեան համերգների ընթացքում եմ ելոյթ ունեցել։ Այսինքն, այո, շատ յաճախ եմ հայերէն երգում։ Իմ անդրանիկ ալբոմը ներկայացնելու համար տարբեր մենահամերգներ պէտք է նախաձեռնեմ։

Ինչ վերաբերում է Թուրքիայում հայերէն երաժշտութիւն կատարելուն, դիւրին չէ։

Սակայն այս դժւարութիւնը ոչ միայն գոյութիւն ունի Թուրքիայում, այլ իւրայատուկ տեղական լեզու ունեցող բոլոր երկրներում։ Օտարութեան մէջ հայկական մշակոյթն ու աւանդոյթները պահելը եւ հայերէն խօսելը, ստեղծագործելը, բաւականին դժւար է։ Ես եւ իմ նմաններն ընտրեցինք այս ոչ դիւրին ճանապարհը, որ ջանքում ենք եւ միշտ պէտք է ջանանք մեր ազգային արժէքները պահել եւ ժողովրդին ներկայացնել մեր ուժերին ներածին չափ»։

Ինչ վերաբերում է առաջիկայ ծրագրերին, Մարալն ասաց, որ ձմեռային ամիսներին մասնակցելու է համայնքային զանազան համերգների, նաեւ «Լուսաւորիչ» երգչախմբի մասնաւոր համերգին, որ նւիրւած է հիմնադրման 90-ամեակին, այնուհետեւ ծրագրում է երկու համերգ Ստամբուլում։

«Ցանկանում եմ ալբոմում ընդգրկւած երգերից մէկի հիման վրայ եւս մէկ տեսահոլովակ նկարահանեմ։ Պատրաստել եմ մի երգ, որի տեսահոլովակի նկարահանումը երազում եմ իրականացնել Հայաստանում։ Ինչպէս արդէն նշեցի, երազում եմ հայրենիքում ելոյթ ունենալ, Աստծոյ կամքով պիտի կատարեմ»,- նշեց նա։

Խօսելով իր հայկական արմատների մասին՝ պոլսահայ երգչուհին ասաց. «Հայրական կողմից արմատներս չորս սերունդ Պոլիսից են, մեծմօրս կողմից էլ Պոլսեցի են, իսկ մեծհօրս ծննդավայրն է Սեբաստիա նահանգի Բրգնիկ գիւղը։ Հօրս հայրն է՝ Ստամբուլի «Քուլիս» թատերական հանդէսի հիմնադիր, խմբագիր, թատերական գործիչ լուսահոգի Յակոբ Այւազը։ Մօրս մեծհայրն է իմ անդամակցած «Լուսաւորիչ» երգչախումբի հիմնադիր վարիչ լուսահոգի Գրիգոր Կիւմուշեանը։ Պատիւ է ունենալ նաեւ հայրենասէր, մշակութասէր մայր եւ հայր։ Մանկութեանս տան մէջ կը խօսէինք հայերէն, կը լսէինք ու կերգէինք հայերէն երգեր։ Այսինքն, մեր հրաշք լեզուն առաջին անգամ լսած եւ սովորած եմ ընտանիքիս մէջ։ Այժմ այդ աւանդոյթները շարունակում եմ ապրեցնել իմ հարազատ փոքրիկ ընտանիքիս մէջ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։