Հա

Մշակոյթ

10/08/2019 - 10:50

Ջաջուռում գտնւող տան առեղծւածային պատմութիւնը, կամ այն, ինչ չգիտէինք Մինասի մասին

Շատ շուտով կը սկսւեն ականաւոր հայ նկարիչ Մինաս Աւետիսեանի (որին ժողովուրդը պարզապէս Մինաս է կոչում) հայրական տան վերականգնողական աշխատանքները։ Թէ ի՞նչ է թաքցնում անցած դարի սկզբին հիմնադրւած այդ տան ընտանեկան աւանդազրոյցը, բացայայտել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«alikonline.ir» - Շատ շուտով կը սկսւեն ականաւոր հայ նկարիչ Մինաս Աւետիսեանի (որին ժողովուրդը պարզապէս Մինաս է կոչում) հայրական տան վերականգնողական աշխատանքները։ Թէ ի՞նչ է թաքցնում անցած դարի սկզբին հիմնադրւած այդ տան ընտանեկան աւանդազրոյցը, բացայայտել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հայաստանի հիւսիսում գտնւող Ջաջուռ գիւղի տանը, որտեղ մեծացել է Մինաս Աւետիսեանը, առաջին քարը դրւել է նրա ծնւելուց յետոյ` 1929 թւականին. Մինասը ծնւել է 1928 թ.-ին։

Նկարչի որդին` Արման Աւետիսեանը պատմում է` տունը երեք փուլով էր կառուցւում. շինարարութեան երկրորդ փուլում յայտնւեց մեծ սենեակը, խոհանոցը, փոքրիկ մառանը եւ գոմը։ Իսկ յետոյ արդէն հայրիկը վերեւում ստուդիա կառուցեց։

1988 թւականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Աւետիսեանների տունը փլուզւեց։ Մինասի որդիները վաղուց էին ուզում վերականգնել «հայրական տունը»` հետագայում այն տուն-թանգարանի վերածելու նպատակով, սակայն սեփական ուժերով դա անել չյաջողւեց։

Աւելի ուշ «Լինսի» հիմնադրամի միջոցներով պատկերասրահի միանգամայն նոր շէնք կառուցւեց, որտեղ ցուցադրւում են նկարչի աշխատանքները։ Այն այցելուների առաջ իր դռները բացեց 2005 թւականին։

Իսկ ի՞նչի կը վերածվի հայրական տունը, եթէ թանգարանն արդէն գործում է։

«Գաղափար կայ այն հիւրատան նման մի բան դարձնել, որտեղ կը կարողանան մնալ ու ստեղծագործել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արւեստի գործիչներ»,-ասաց Մինաս Աւետիսեանի աւագ որդին` Արմանը։

Նա ծրագրել է Ջաջուռում «արւեստի ինքնատիպ օջախ» հիմնել, վայր, որտեղ կը հաւաքւեն ստեղծագործ մարդիկ` իրենց գլուխգործոցները կերտելու համար, ինչպէս ժամանակին դա անում էր իր հայրը։ Չի բացառւում, որ այստեղ նաեւ փառատօններ անցկացւեն։

Արմանը համոզւած է` նախաձեռնութիւնը, նախեւառաջ, կը նպաստի գիւղի զարգացմանը, որը ԽՍՀՄ փլուզումից յետոյ անտեսւած է։

Տան վերականգնման հարցը երկար ժամանակ օդում կախւած էր։ Վերջերս նախաձեռնութեան մասին իմացել են Հայաստանի քաղաքաշինութեան կոմիտէում. Արմանի խօսքով` ֆինանսաւորում, ամենայն հաւանականութեամբ, կը լինի ինչպէս պետութեան, այնպէս էլ մասնաւոր ներդրողների կողմից։

«Արդէն ճարտարապետներ են եկել, որոնք այժմ համարակալում են քարերը, որպէսզի տունն առաւելագոյնս ճշգրիտ վերականգնեն։ Գիտէք, դա հասարակ շինութիւն չէ, այլ ինքնատիպ, առեղծւածային մի վայր...»,- ասում է Արմանն ու պատմում ընտանեկան աւանդազրոյցը։

Մինասի հայրական տան կառուցումը, ինչպէս նաեւ նա ծննդեանը նախորդած այդ պատմութիւնը, մեղմ ասած, արտասովոր է...

 

«Սովորական հրաշք»

«Մինասի ծնունդից առաջ մի բարձրահասակ, ծեր կին ոտքով գալիս է մեր գիւղ եւ հարցնում` որտե՞ղ է ապրում Կարապետը։ Նրան ցոյց են տալիս պապիս տուն տանող ճանապարհը։ Անծանօթ կինը, երբ հասնում է պապիս տուն, պնդում է, որ Կարապետը գնայ Ջաջուռի մօտակայքում գտնւող քարի հանք, քանի որ  երազում տեսել է Տիրամօրը, որը նրան ասել է, թէ այդ հանքի քարերի տակ է թաքնւած Սուրբ «Նարեկը», որն անպայման պէտք է գտնի ջաջուռցի Կարապետը։ Խօսքն, իհարկէ, հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփայ եւ աստւածաբան Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» մասին է, որը, ժողովրդական աւանդազրոյցի համաձայն, առանձնայատուկ բուժիչ ուժ ունի»,- պատմում է Արմանը։

Արմանի խօսքով` պապը կարծում է` այդ կինը խենթ է եւ փորձում է նրան վտարել, բայց կինը շարունակում է յամառել եւ մէկ շաբաթ անընդմէջ գալիս է եւ պնդում իր ասածն անել։ Ի վերջոյ, հարեւանները սկսում են համոզել Կարապետին, որ կատարի կնոջ խնդրանքն ու նրա հետ գնայ հանք (ի դէպ, այդպէս էլ ոչ ոք չի իմացել, թէ որտեղից է եկել «առեղծւածային» կինը, նշւում է միայն` հեռւից):

Կնոջից ազատւելու համար, Կարապետն, ի վերջոյ, համաձայնում է կատարել նրա խնդրանքը. երկուսով գնում են հանք եւ սկսում ձեռքով քարեր հանել։

«Դէ տեսնում ես, ոչինչ չկայ»,- մի քարը միւսի յետեւից հանելով, փնթփնթում է Կարապետը, եւ յանկարծ, մեծ քարի տակ, տեսնում է կտորի մէջ փաթաթած եւ մեղրամոմով պատւած արծաթէ շրջանակով գիրքը։

Զարմանքից քարացած, նոյնիսկ վախեցած, Կարապետը որոշում է գիրքը յանձնել ծեր կնոջը, որպէսզի նա վերցնի այն եւ հեռանայ։ Սակայն կինը պատասխանում է` ո՛չ, Մարիամ Աստւածածինը չի պատւիրել, որ գիրքն ինձ մօտ պահեմ, նա պարզապէս ասել է` օգնել քեզ այն գտնել։ Դու պէտք է տանես այն եւ պահպանես այն տանը, որը կը կառուցես...

Համագիւղացիները, լսելով այդ մասին, հասկանում են, որ հրաշք է տեղի ունեցել։ Նրանք մի մարդու պէս երդւում են ոչ մէկի չպատմել «գտածոյի» մասին, չէ՞ որ ժամանակներն այլ էին` խորհրդային դարաշրջանում էր...

«Եթէ կոմունիստներն իմանային, գիրքն անմիջապէս կայրէին, իսկ պապիս` կը կալանաւորէին։ Ինչեւէ, այդ դէպքից յետոյ պապս սկսում է տուն կառուցել։ Այդ ժամանակ էլ լոյս աշխարհ է գալիս հայրս` Մինասը։ Ինձ համար այդ ամէնը շատ խորհրդանշական է...»,- ասում է Արմանը։

Իսկ ո՞րտեղ է գտնւում այժմ «Նարեկը»։ Արմանի խօսքով` բարեկամները վախեցել են խորհրդային իշխանութիւններից, եւ այն թաքցրել տան պատերից մէկում, որտեղ կարմիր տուֆով մի խորշ են դրել` փորագրւած խաչով, այնուհետեւ տունը կառուցել։

«Երբ տունը 1988 թւականի երկրաշարժից փլուզւում է, գիրքն անհետանում է։ Ինձ յաջողւեց գտնել միայն խաչով քարը։ Մենք, այն, բնականաբար, թողեցինք տան մօտ, որպէսզի ժամանակին օգտագործենք։ Սակայն, ցաւօք, յետոյ չգտանք։ Հաւանաբար, այն գողացել են։ Սակայն, խաչով քարը տեսել եմ սեփական աչքերով»,- ասում է զրուցակիցս։

Արամը նաեւ պատմեց, որ յաճախ եւ երկար ժամանակով էր հիւր գնում պապին, որը 102 տարի ապրեց եւ մահացաւ երկրաշարժից որոշ ժամանակ առաջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։