Հա

Մշակոյթ

27/08/2019 - 08:20

Առեղծւածային բերդ ու գանձերի փողոց. Գիւմրիում պարտադիր այցի վայրերի հնգեակը

Հայաստանի մեծութեամբ երկրորդ քաղաքը` Գիւմրին, գնալով աւելի գրաւիչ է դառնում զբօսաշրջիկների համար։ Անցեալ տարի այն մերձաւոր արտասահմանի քաղաքներից ամենամեծ պահանջարկ ունեցողներից էր, այն առաջ էր անցել նոյնիսկ Օդեսայից։ Sputnik Արմենիան ներկայացնում է Գիւմրիում այցելելու համար պարտադիր վայրերի հնգեակը։

«alikonline.ir» - Հայաստանի մեծութեամբ երկրորդ քաղաքը` Գիւմրին, գնալով աւելի գրաւիչ է դառնում զբօսաշրջիկների համար։ Անցեալ տարի այն մերձաւոր արտասահմանի քաղաքներից ամենամեծ պահանջարկ ունեցողներից էր, այն առաջ էր անցել նոյնիսկ Օդեսայից։ Sputnik Արմենիան ներկայացնում է Գիւմրիում այցելելու համար պարտադիր վայրերի հնգեակը։

 

Վարդանանց հրապարակ

Վարդանանց հրապարակը քաղաքի ոչ միայն պատմական, այլեւ հոգևոր կենտրոնն է։ Երկու կողմից հիանալի եկեղեցիներ են` Սուրբ Աստւածածին («Եօթ վերք») ու Ամենափրկիչ, որը կառուցւել է Անիի Մայր տաճարի մոդելով։ Ճիշտ է` հիմա այն վերանորոգման մէջ է։

Ցարական իշխանութեան ժամանակ Ամենափրկիչի տաճարի դիմաց ռուսական դպրոց էր կառուցւել։ Հետագայում այն տեղափոխւել է, իսկ շէնքը քանդել են, որ եկեղեցիները միմեանց դիմաց լինեն։

Հրապարակի կենտրոնական հատւածում դեռ խորհրդային տարիներից ցայտաղբիւր կայ, որը մի քանի տարի առաջ «երգող» դարձաւ` ի ուրախութիւն Գիւմրու բնակիչների ու հիւրերի։ Հէնց դրա դիմաց Աւարայրի ճակատամարտին նւիրւած արձան կայ։

Այստեղ է գտնւում նաեւ քաղաքապետարանի շէնքը, որը 1988 թւականի երկրաշարժի ժամանակ մասամբ քանդւել էր։ Հետագայում այն վերականգնել են։ Հրապարակում կարելի է նաեւ տեսնել Գիւմրու ամենահին ու այս պահին միակ «Հոկտեմբեր» կինոթատրոնը։ Ռուսական կլասիցիզմի ոճով շէնքը կառուցւել է հեռաւոր 1926 թւականին։

 

Աբովեանի ու Ռիժկովի փողոցները, խաչքարերի պուրակը

Վարդանանց հրապարակում յայտնւելուց յետոյ պէտք է անպայման զբօսնել դրան կից երկու փողոցներով` Աբովեան ու Ռիժկով, նաեւ այցելել Ամենափրկիչ եկեղեցու մօտի ծառուղին։

Աբովեան փողոցի ամենասկզբում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մօտ աշխարհահռչակ գործարար ու բարերար Քըրք Քըրքորեանի արձանն է։ Այդ փողոցը յայտնի է իր տներով՝ սրբատաշ տուֆից, ճակատների վրայ հետաքրքիր զարդանախշերով, դրանք խորհրդանշում են քաղաքի «ոսկէ դարը»։

Հէնց այստեղ են գտնւում Ասլամազեան քոյրերի պատկերասրահը, «Ֆրանսիա» նախկին հիւրանոցը, քաղաքային ակումբի զարդանախշ շէնքը, ունեւոր քաղաքացիների երկյարկ տները... Այստեղ է գտնւում 19-էդ դարի Սուրբ Նշան եկեղեցին։

Սա իսկապէս զարմանալի փողոց է քաղաքի պատմութեան, մշակոյթի, ճարտարապետութեան, աւանդոյթների ու արհեստների մասին գիտելիքների իսկական գանձարան։ Այնտեղ յայտնւելով ասես 19-րդ դար ես ընկնում։

Ռիժկովի փողոցը, որը ժողովրդի մէջ աւելի շատ յայտնի է նախկին` Կիրովի փողոց անւանումով, զուգահեռ է Աբովեան փողոցին։ Հայաստանի երկրորդ քաղաքի հիւրերին այն կուրախացնի բազմաթիւ սրճարաններով, պատկերասրահներով ու յուշանւէրների խանութներով։

Ամենափրկիչ եկեղեցու մօտի ծառուղին զբօսանքի համար հաճելի, գեղեցիկ շատրւաններով վայր է։ Ուշագրաւ է այստեղի խաչքարների պուրակը։ Դրանք Ջուղայում վերացրած խաչքարերի կրկնօրինակներն են։

 

Ասլամազեան քոյրերի պատկերասրահը

Բացի այդ, Աբովեան փողոցում է գտնւում Մարիամ ու Երանուհի Ասլամազեանների եզակի պատկերասրահը։ Այստեղ քոյրերի նւիրած կտաւների մօտ 620 բնօրինակ կայ։

Հիանալի առանձնատունը, որտեղ հիմա գտնւում է պատկերասրահը, 1880 թւականներին կառուցել են հարուստ վաճառականներ Քեշիշովները։

Երկյարկ տունը գեղեցիկ ներքին բակով, հսկայական փայտէ պատշգամբով, կառուցւել է սեւ տուֆից ու Ալեքսանդրապոլի՝ ժամանակւայ ճարտարապետութեան հիանալի նմուշ է։ Այն ներառւած է պետութեան կողմից պահպանւող մշակութային ժառանգութեան օբիեկտների ցանկում։

 

Մայր Հայաստան ու Սեւ բերդ

Բարձրութեան վրայ գտնւող Սեւ բերդը նայողի մօտ միստիկ վախ է առաջացնում։ Սակայն դա միայն աւելացնում է սպառնալից կառոյցի գրաւչութիւնը։ Այն կառուցւել է Հայաստանի թշնամիներին վախեցնելու համար։

Միջնաբերդը, որը տեղացիները «Սեւ ղուլ» են անւանում, հիմնւել է 1834 թւականին ռուսական իշխանութեան կողմից Թուրքիայի հետ սահմանին գտնւող քաղաքն ամրացնելու համար։ Դրա կառուցումն աւելի քան տասը տարի է տեւել։

Իսկ մի քանի տարի առաջ բազալտէ բերդը քաղաքի ծայրամասում մշակութային կենտրոնի է վերածւել։ Այնտեղ տարբեր հասարակական միջոցռումներ ու նոյնիսկ ֆեշն-ցուցադրութիւններ են անցկացւում։

Այն կառավարութեան որոշմամբ հանրապետական նշանակութիւն ունեցող տեսարժան վայրերի ցանկում է ներառւել։

Միջնաբերդի մօտ խոյանում է ազդեցիկ Մայր Հայաստանը, որը յաղթանակի խորհրդանիշն է, մասնաւորապէս` Մեծ Հայրենական պատերազմում ունեցած։ Սա խորհրդային մոնումենտալիզմի տիպիկ նմուշ է, որը ստեղծւել է 1975 թւականին։ Ծածանւող զգեստով հպարտ կինը ձեռքում հասկ է բռնել։ Յայտնի չէ, արդեօ՞ք դա պատահական է ստացւել, բայց եթէ Թուրքիայի կողմից ես նայում, այն վայրենի կոկորդիլոս է թւում։

 

Գիւմրու ժողովրդական ճարտարապետութեան, քաղաքային կենցաղի եւ ազգային ճարատարապետութեան թանգարան, Ձիթողցոնց տուն-թանգարան

Գիւմրիում անպայման պէտք է այցելել նաեւ թանգարանը, որը յայտնի է որպէս Ձիթողցոնց տուն-թանգարան։ Դա քաղաքի այցեքարտն է։

Թանգարանի վերածւած հիանալի առանձնատունը երկու մասից է բաղկացած։

Այն ոչ միայն շատ բան կը պատմի քաղաքի, դրա լեգենդների ու աւանդոթյունների մասին, այլեւ կը փոխանցի Ալեքսանդրապոլի (1837-1924) ոգին։

Այս եզակի համալիրով շրջելիս պատկերացնում ես Գիւմրու ծաղկունքի կենդանի պատկերը։ Դա նաեւ կօգնի հասկանալ` ինչու են Գիւմրին անւանել «եօթ եկեղեցու քաղաք», «Հայաստանի մշակութային կենտրոն», «արւեստների ու արհեստների քաղաք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։