Հա

Մշակոյթ

31/08/2019 - 11:10

Տիգրանակերտեան նոր բացայայտումներ

Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տեւել են 40 օր, աւարտւել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրոյցում Տիգրանակերտի արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն ասաց, որ որպէս կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսաւորում է Արցախի իշխանութիւնը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ յատկացւել է 18 միլիոն դրամ, բաւարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրաւելով 30 բանւոր, հնագիտական արշաւախումբ, ներառելով նաեւ հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման եւ այլ ծախսեր։

«alikonline.ir» - Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տեւել են 40 օր, աւարտւել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրոյցում Տիգրանակերտի արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն ասաց, որ որպէս կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսաւորում է Արցախի իշխանութիւնը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ յատկացւել է 18 միլիոն դրամ, բաւարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրաւելով 30 բանւոր, հնագիտական արշաւախումբ, ներառելով նաեւ հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման եւ այլ ծախսեր։

Հնագէտի ներկայացմամբ, որպէս կանոն Տիգրանակերտում պեղումներ են իրականացնում երեք հիմնական վայերում։ Այս տարւայ պեղումների ընթացքում ամրացւած թաղամասի հիւսիսային պարսպապատը մօտաւորապէս 20 մետր առաջ են գնացել։ Պատերը շարւած են շատ հզօր կրաքարէ բլոկներով, իրար հետ ամրացւած են ծիծեռնակապոչ կապերով: Այս տարի պատի բարձրութիւնը կազմում է մօտ 2 մետր։ Պարիսպը ձգւում է դէպի արեւմուտք, հարաւ։ Արշաւախումբը յոյս ունի, որ մի քանի տարուց կաւարտեն ողջ պարսպապատի պեղումները։ Հ. Պետրոսեանի խօսքով, պարսպապատի պեղումները շատ կարեւոր են, որովհետեւ ողջ տարածաշրջանում նման յատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյութիւն չունի։

«Կարծէք էտալոնային է, վկայում է Տիգրան Մեծի նախաձեռնութեան մասշատաբայնութիւնը, որը հաւաքել էր փոքրասիական, հայկական ամենայայտնի ճարտարապետներին, վարպետներին, հզօր քաղաք է կառուցել»,- ասաց արշաւախմբի ղեկավարը։

Այս տարի շարունակւել է երկրորդ անտիկ թաղամասի պեղումները։ Առաջին թաղամասի պեղումները մասամբ աւարտւած են։ Հ. Պետրոսեանի ներկայացմամբ, այդ թաղամասերը ստեղծւել են ամրոցին զուգահեռ մ.թ.ա. 1 դարի սկզբներին, նոյնպէս ուղիղ յատակագծով, հզօր պատերով առանձին տնտեսական բնակելի համալիրներ են։

«Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտ՝ կառուցւած Տիգրանի ժամանակ, մ.թ. 1-ին դարում, վաղ միջնադարում։ Շատերի պէս իրար վրայ նստած են, հին պատերը վերանորոգւել են, աւելացւել են նոր պատեր, բացւել են նոր թոնիրներ»,- ասաց նա։

Հնագէտի խօսքով, կարեւոր է հնագիտական նիւթը, որը հիմնականում խեցեգործական արտադրանք է՝ ամբողջական ջրամաններ, կարասներ, զանազան տիպի պուլիկներ. «Յատկապէս նշելի է գունազարդ խեցեղէնի հարստութիւնը, որը տարածաշրջանի համար ֆենոմենալ է։ Կովկասում չունենք մի որեւէ յուշարձան, որն այդքան բազմազանութեամբ գունազարդ եւ սեւ փայլեցւած խեղեցէնի օրինակներ է տալիս։ Սա ցոյց է տալիս, որ Տիգրանակերտը տարածաշրջանային կենտրոնի դեր է խաղացել, ճաշակ է թելադրել»։

Պեղւած երրորդ հիմնական տարածքը վաղ քրիստոնէական հրապարակն է, որտեղ արդէն բացւել են երկու եկեղեցիներ, դամբարան, տապանաբակ, վաղ քրիստոնէական կոթողի մնացորդները։ Հ. Պետրոսեանն ասաց, որ այս տարի որոշել էին ընդարձակել հարաւային բակը, պեղումները դեռ ընթանում են 12-13 դարերի շերտերում։

«Այստեղ յատկապէս հետաքրքիր են շատ ընդարձակ համալիրները, որոնք ունեն կրաշաղախի սւաղած յատակներ, ընդարձակ թոնիրներ։ 12-13-րդ ջրանարակապատ խեղեցէնի գիւտերը նշանակալի են։ Գտել ենք ափսէ, ներսը գունազարդ արծիւ է պատկերւած, ինչը ցոյց է տալիս քաղաքի հարստութիւնը»,- ասաց հնագէտը։

Հ. Պետրոսեանը նշեց, որ այս տարի նախաձեռնել են նաեւ Տիգրանակերտի դիմաց գտնւող լեռան՝ Ցիցսարի գագաթին պեղումներ, յաջողւել է պեղել վաղ քրիստոնէական մի դամբարան-մանսունքարան՝ ստորգետնեայ, սրբատաշ քարերով, պատուհաններով, յատակին փռւած էին սրբերի ոսկորների մնացորդները։ Ֆրանսիայից մարդաբան է ժամանելու՝ պարզելու սեռը, տարիքը, նաեւ ժամանակագրութիւնը։

«Հետքերը նկատել էինք, բայց բացարձակապէս չէինք սպասում, որ կը բացւի 3x4-ի վրայ ստորգետնեայ սրբատաշ քարերով, յատուկ մուտքով, պատուհաններով կառոյց։ Դրա կողքը կայ մէկ ուրիշ եկեղեցական կառոյց, մնացորդները պահպանւել են, յոյս ունենք յաջորդ տարի աւելի մեծ, հետաքրքիր կառոյց կը բացենք։ Սա հնարաւորութիւն է տալիս խօսելու, որ Տիգրանակերտը լանդշաֆտային յուշարձան է, բազմաթիւ համալիրներից է բաղկացած, ցրւած է մօտաւորապէս 100-150 հեկտարի վրայ»,- ասաց արշաւախմբի ղեկավարը։

Համլետ Պետրոսեանն ընդգծեց, որ Տիգրանակերտը, ըստ էութեան, երեւան է բերում շատ հզօր քաղաքի մի պատկեր, որը գոյատեւել է մինչեւ 13-րդ դարի վերջերը։

 

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսեանի ֆէյսբուքեան էջից։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։