Հա

Մշակոյթ

15/09/2019 - 10:35

ԵՊՀ-ում տեղի է ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամաւոր պարսկերէն մենագրութեան շնորհանդէսը

ԵՊՀ արեւելագիտութիւն ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնում երէկ տեղի են ունեցել Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, պատմագիտութեան դոկտոր Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան սահմանումը ըստ իսլամական աղբիւրների» պարսկերէն մենագրութեան շնորհանդէսը եւ հեղինակի հետ հանդիպումը։

«alikonline.ir» - ԵՊՀ արեւելագիտութիւն ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնում երէկ տեղի են ունեցել Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, պատմագիտութեան դոկտոր Կարէն Խանլարեանի «Հայաստանի աշխարհագրութեան սահմանումը ըստ իսլամական աղբիւրների» պարսկերէն մենագրութեան շնորհանդէսը եւ հեղինակի հետ հանդիպումը։

Միջոցառմանը ներկայ էին ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամաւոր, պատմագիտութեան դոկտոր Կարէն Խանլարեանը, Արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Հայկազուն Ալւրցեանը, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի ասպիրանտ, իրանցի հետազօտող Մաջիդ Քեարամին, պրոֆեսորադասախօսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ։

Գրքի շնորհանդէսի սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, որը շնորհակալութիւն յայտնեց հիւրերին հրաւէրն ընդունելու համար։

«Սա նշանակալի իրադարձութիւն է, որն ունի թէ՛ գիտական բնոյթ, թէ՛ մշակութային առաքելութիւն։ Այն միտւած է Հայաստանն Իրանում ճանաչելի դարձնելուն»,- ասաց նա։

Վ․ Ոսկանեանը նշեց, որ Կ․ Խանլարեանի եւ Իրանագիտութեան ամբիոնի համագործակցութիւնը ներառում է ակադեմիական ոլորտը, հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման գործընթացը, կրթական, մշակութային հարցեր եւ որոշ դէպքերում երկու պետութիւնների համատեղ հետաքրքրութիւններից ու շահերից բխող գործունէու թեան ծաւալումը։

«Աշխատանքը, ըստ էութեան, նւիրւած է Հայաստանի սահմանների խնդրին. մի հարթութիւն, որը չափազանց կարեւոր է ակադեմիական ոլորտի համար՝ հաշւի առնելով, որ հեղինակն օգտւել է բացառապէս իրանական աղբիւրներից։ Աշխատանք, որը հայ իրականութեան մէջ հայերէնով չի իրականացւել, բայց որն իրականացւել է հայազգի հեղինակի կողմից պարսկերէնով։ Սա գրքի արժէքը կրկնակի մեծացնում է»,- յաւելեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչը։

ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամաւոր, պատմագիտութեան դոկտոր, «Հայաստանի աշխարհագրութեան սահմանումը ըստ իսլամական աղբիւրների» պարսկերէն մենագրութեան հեղինակ Կարէն Խանլարեանը ողջունեց ներկաներին եւ իր ուրախութիւնը յայտնեց, որ այս գիրքը ներկայացւում է Երեւանի պետական համալսարանի 100-ամեակի միջոցառումների շրջանակում․ «Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հպարտութիւն կը զգամ, եւ դա Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի շնորհիւ»:

Նա խօսեց Հայաստանում համալսարան հիմնադրելու որոշման եւ դրա համար պահանջւած գերմարդկային ջանքերի մասին՝ նշելով, որ հարեւան Իրանում եւ Թուրքիայում համալսարան հիմնադրւել է միայն Հայաստանում Երեւանի պետական համալսարանի հիմնադրումից մօտ 15 տարի անց։

«Ես փորձեցի ի մի բերել 110 աղբիւրից ունեցած փաստերը, որոնք հաւաքագրեցի այս գրքի մէջ։ Նշւած 110-ին աւելացան եւս 100-ը, որոնք կը ներառեմ 2-րդ աշխատութեան մէջ»,- նշեց Կ. Խանլարեանը։

«Յիշում եմ Յիսուս Քրիստոսի յայտնի խոսքը, երբ Պիղատոսը նրան ծաղրանքով ասում է՝ այդ դու ես աշխարհի թագաւորը, եւ Յիսուսը պատասխանում է՝ այդ դու ասացիր։ Նմանատիպ քայլերով մենք պէտք է մեր հակառակորդ պետութիւններին անընդհատ ասենք՝ այդ դուք ասացիք՝ սա Հայաստանն է։ Իմ աշխատութեամբ ես փորձել եմ այդ նպատակին ծառայել»,- իր խօսքը եզրափակեց բանախօսը։

Մենագրութեան շնորհանդէսին ներկայ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Հայկազուն Ալւրցեանը շնորհաւորեց գրքի հեղինակին եւ ասաց, որ սա շատ կարեւոր գործ է, ու իրենք առաջիկայում պատրաստւում են այն թուրքերէն թարգմանել ու հէնց Թուրքիայում հրատարակել։

«Մենք մեր պատմութիւնը պէտք է ծառայեցնենք մեր քաղաքական հարցերի լուծմանը, ոչ թէ վարւենք այնպէս, ինչպէս մեր հարեւանները, որոնք փորձում են կեղծ պատմագրութեամբ իրենց օգտին քաղաքական հարցեր լուծել»,- ասաց նա։

Ներկաներին ողջունեց ու «Հայաստանի աշխարհագրութեան սահմանումը ըստ իսլամական աղբիւրների» պարսկերէն մենագրութեան հեղինակին շնորհաւորեց նաեւ ԵՊՀ արեւելագիտութիւն ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի ասպիրանտ, իրանցի հետազօտող Մաջիդ Քեարամին։ Նա նշեց, որ այս գիրքը շատ կարեւոր է թէ՛ աշխարհագրութեան, թէ՛ պատմագիտութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։