Հա

Մշակոյթ

22/09/2019 - 12:00

«Նահապետի յոբելեանական աշունը»՝ Ստեփանաւանում

Հայաստանեան փառատօնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակութեամբ, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ու «Սօս Սարգսեան մշակութային հիմնադրամի» յուսալի աջակցութեամբ, հայրենի բնօրրան Ստեփանաւանում կը լուսարձակի «Նահապետի յոբելեանական աշունը» խորագրով նորաստեղծ փառատօնը՝ ի նշանաւորումն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական վաստակաշատ գործիչ, ճշմարիտ հայրենասէր ու իմաստուն մտաւորական, տոկուն թատերաշինարար ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ ծննդեան 90-րդ տարեդարձի։

«alikonline.ir» - Հայաստանեան փառատօնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակութեամբ, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ու «Սօս Սարգսեան մշակութային հիմնադրամի» յուսալի աջակցութեամբ, հայրենի բնօրրան Ստեփանաւանում կը լուսարձակի «Նահապետի յոբելեանական աշունը» խորագրով նորաստեղծ փառատօնը՝ ի նշանաւորումն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական վաստակաշատ գործիչ, ճշմարիտ հայրենասէր ու իմաստուն մտաւորական, տոկուն թատերաշինարար ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ ծննդեան 90-րդ տարեդարձի։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում է Հայաստանի թատերական գործիչների միութեան կայքը (նիւթի հեղինակ՝ Նւարդ Ասատրեան)։ 

Թատրոն տաճարի անխոնջ «ռանչպարը», ի սկզբանէ լինելով հոգեբանական ռեալիզմի ջահակիր, Երեւանի պատանի հանդիսատեսի, Սունդուկեանի անւան, ապա հակամշակութային պատերազմական թոհուբոհում իր սխրալից նւիրումով հիմնած Համազգային թատրոններում ինքնայատուկ զուսպ ու կենսահենք կերպապնակով բեմական կենսաթրթիռ կեանք պարգեւեց ամենատարբեր մարդկային նկարագրեր ունեցող բազմատասնեակ գրական հերոսների։ Նրա արտիստական տարեգրութեան մէջ բեկումնային առաջնեկի՝ Տոպիի («Դաւիթ Կոպերֆիլդ») ծանրակշիռ յայտի խթանով մնայուն յետագիծ թողեցին՝ սերժանտ Բլէյկն («Ձիւնիկ») ու հովիւ Բահիրը («Կախարդական կարաս»), Ջաւադն («Նամուս») ու Արտաշէսը («Կարմիր մեխակներ»), Թիբալտն («Ռոմէօ եւ Ջուլիետ») ու Ջոն Պրոկտորը («Սալեմի վհուկները»), Կարէնինն («Կենդանի դիակ») ու Եագոն («Օթելլօ»), Մացակ Աւագեանն («Հացաւան») ու Ջոն արքան («Ջոն արքայ»), Անտոնիօ Բարականոն («Սանիտայի թաղապետը) ու Լիր արքան («Լիր արքայ»):

Մարդակերտման զինանոցը թատրոնում հարստացնելուն համընթաց հաստատւեց կինեմատոգրաֆիայում։ Համաժողովրդական սէր եւ լայնատարած ճանաչում բերեցին բնածին արտիստին վարպետ մկրտիչներն («Եռանկիւնի», «Հեղնար աղբիւր») ու Զամբախովը («Խաթաբալա»), միլիցիայի լէյտենանտն («Մենք ենք, մեր սարերը») ու Հայրապետը («Ժայռը»): Անդրէյ Տարկովսկու «Սոլեարիսում» կայացաւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանի միութենական լայնէկրան կինոդեբիւտը (Գիբարեան), երբ արդէն արժանացել էր «Հանդիսատեսի դրւատանքին» Պեզարոյի միջազգային կինոփառատօնում եւ «Տարւայ լաւագոյն դերասան» ճանաչւել հեռուստատեսային ֆիլմերի մոսկովեան 9-րդ փառատօնում:

ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր անզուգական Նահապետն ու Ձորի Միրոն, Մարտին ապերն («Խնձորի այգին») ու Ասացողը («Մատենադարան»), յայտնւելով ազգային-ազատագրական պայքարի առաջնագծում, գերադասեց անմնացորդ նւիրւել Համազգային թատրոնի կայացմանը։ Ձեռնարկեց մի շարք բեմադրութիւններ՝ «Սանիտայի թաղապետը», «Մի գաւաթ բարութիւն», «Լիր արքայ», «Ծննդեան տօները սենեոր Կուպեէլոյի տանը», «Խեղճ Պետրոս», «Չեխովեան կատակներ»(«Արջը»):

Վերջին բեմելն իր իսկ կեանքի կոչած Լիր արքան եղաւ (1993 թ.), իսկ կինոդերը՝ Վահագն Գրիգորեանի «Ես եմ» ֆիլմի Յովսէփ պապը (2012 թ.): Մտահոգւած սերնդափոխութեան հիմնախնդրով՝ մօտ մէկ տասնամեակ գլխաւորեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։

Պատկառելի կենսափորձի ու անպարփակ մտահորիզոնի յղկած ու կոկած գրչով տասնեակ գրքեր հրատարակեց նաեւ Հայաստանի հող ու ջրի, ծառ ու ծաղկի, աղաւնիների, Թումանեանի ու Կոմիտասի խենթ սիրահար ՆԱՀԱՊԵՏԸ։

Նրա արւեստանոցում թրծւած «արծիւներն» այսօր իրենց բիւրեղացող կատարողական վարպետութեամբ ամենաքմահաճ արւեստասէրների նախապատւելի թատրոնի համարումն են ամրապնդում 28-ամեայ Համազգայինի ստեղծագործական բեղուն բազմերանգութեամբ, ուշի ուշով հետեւում են իրենց սիրելի «ՊԱՊԻ» նւիրական երազանքի՝ սեփական շէնքի շինարարական աշխատանքներին։ Միաժամանակ՝ ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ ծննդեան 90-ամեակին նւիրւած յոբելեանական թատերաշրջանի մեկնարկն են ազդարարում Յովհաննէս Թումանեանի «Լոռեցի Սաքոն» պոէմի արտասովոր վառվռուն թատերայնացմամբ։

Ստեփանաւանում նախաձեռնւած «ՆԱՀԱՊԵՏԻ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ» փառատօնը, որի արժանապատիւ կենսագործմանը մեծ խանդավառութեամբ լծւել են Սօս Սարգսեանի ներկայիս համաքաղաքացիները, ոչ թէ սոսկ մեծանուն Հայի յոբելեանամեծարումն է, երախտիքի տուրք նրա աւանդած հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգութեանը, այլեւ հին ու նոր սերունդների ինքնատիպ մտերմիկ երկխօսութիւն, որին ՆԱՀԱՊԵՏԻ աներեւոյթ ներկայութիւնը, ամենատարբեր հնարքներով, կարծում ենք, ապահովւած է։

««Պապը» ո՜նց կուրախանար... Ո՜նց կուրախանար...»։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։