Հա
Երեքշաբթի, 31 Յունւարի 2017 10:10

Մուրադ Փափազեան. «Ֆրանսիայի ՍԴ-ն քաղաքական որոշում է կայացրել»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ ոչ միայն քննադատում, այլ նաեւ դատապարտում են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը՝ մերժել Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող յօդւած պարունակող օրինագծի ընդունումը:

«ԱԼԻՔ» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ ոչ միայն քննադատում, այլ նաեւ դատապարտում են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը՝ մերժել Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող յօդւած պարունակող օրինագծի ընդունումը:

«Մենք բոլոր մասնագէտների հետ աշխատել ենք արդէն քանի տարի: Պետութեան, կառավարութեան հետ ենք քննարկել օրինագիծը, եւ տեքստը, որ ներկայացաւ Սենատին եւ քւէարկվւեց, բոլոր ծերակուտականների կարծիքով՝ սահմանադրական էր: Մենք համոզւած ենք, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը քաղաքական որոշում է կայացրել»,- ասաց Մուրադ Փափազեանը՝ նշելով, որ հէնց այդ պատճառով են նրանք դատապարտում այդ որոշումը:

Յիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը իր պաշտօնական տեսակէտն էր յայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունւած ազգային կամ կրօնական հողի վրայ ցեղասպանութիւնների եւ զանգւածային սպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին օրինագծի առնչութեամբ: Խորհուրդը որոշել է, որ այն հակասում է ցեղասպանութիւնը եւ մարդկութեան դէմ կատարւած այլ յանցագործութիւնները դատապարտող 173-րդ յօդւածի 2-րդ մասին:

Յիշեցնենք նաեւ, որ աւելի վաղ Ֆրանսիայի Սենատը քննարկման եւ քւէարկութեան արդիւնքում ընդունել էր ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող «Հաւասարութիւն եւ քաղաքացիութււն» օրինագծի փոփոխութււնները: Օրինագծին կողմ էր քւէարկել 156, դէմ` 146 պատգամաւոր:

Մուրադ Փափազեանը նշեց, որ իրենք քայլեր են ձեռնարկելու Սահմանադրական դատարանի որոշման դէմ: «Սահմանադրական դատարանը չէր կարող արգելել, որ մենք Թուրքիայի դէմ մեր պայքարը շարունակենք, չի կարող նաեւ մեզ արգելել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում աշխատենք»,- ասաց նա՝ յաւելելով, որ իրենք պատրաստւում են բրիֆինգ անել՝ հասկանալու, թէ ինչպէս պէտք է շարունակեն իրենց պայքարը՝ օրէնքի՞ միջոցով, թէ ուրիշ ճանապարհով:

ՀՅԴ Բիւրոյի անդամը յիշատակեց, որ այս օրինագիծը երկու անգամ է Սահմանադրական դատարանի կողմից մերժւում: «Սա նշանակում է, որ իրենց համար չի կարելի ընդունել օրէնք, որը կը դատապարտի Հայոց Ցեղասպանութեան մերժումը, ուրացումը»,- ասաց նա:

Հարցին՝ արդեօք ի՞նչ ընթացակարգեր կան Սահմանադրական դատարանի որոշման դէմ պայքարելու, Մուրադ Փափազեանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խօսելը։

«Դեռ որոշումը նոր է ընդունւած: Ինչ-որ ժամանակ պէտք է անցնի, որպէսզի մենք ճիշտ որոշում կայացնենք: Սա լուրջ հարց է, եւ մենք մեր համակիրների հետ պէտք է աշխատենք, քննենք եւ որոշում գտնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանն ընդգծեց այս իրադարձութեան մէջ թուրքական լաբբինգի նշանակութիւնը։ Նա նշեց, որ Ֆրանսիայում թուրքական լաբբինգը շատ հզօր է:

«Հասկացան, որ այս օրէնքն իրենց համար վտանգաւոր է, հասկացան, որ Թուրքիային պէտք չէ, որ այդ օրէնքը կեանքի կոչւի: Մենք գիտենք, թէ նրանք ինչ են արել, ինչ միջոցներ են օգտագործել, ինչ ձեւով են աշխատում: Մենք էլ երբեք չենք մոռանում, որ այդ աշխատանքի վերջը պէտք է տանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ օրինագիծը նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստումն էր հայ համայնքին, ֆրանսահայ գործիչը պատասխանեց․

«Մենք մշտապէս կապի մէջ ենք նախագահի հետ: Ինքն էլ դժգոհութիւն յայտնեց, որ Սահմանադրական դատարանը չհաստատեց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։