Հա
Շաբաթ, 11 Մարտի 2017 11:10

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուի սատարելու որոշում չունի

Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուին աջակցելու յստակ դիրքորոշում չունի:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուին աջակցելու յստակ դիրքորոշում չունի:

Ինչպէս «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը, այս իրավիճակը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ թեկնածուները եւս «բաւականին ներդրում չունեցան»:

«Շարունակում ենք աշխատել: Արդեօք համայնքի որոշ կազմակերպութիւններ կամ կուսակցութիւնները յստակ դիրքորոշում կարտայայտե՞ն, հիմա այդ նշանները չկան: Այսօր կոչ չկայ, մենք պէտք է փորձենք այնպէս աշխատել, որ ով էլ նախագահ դառնայ, նրա հետ կրկին կապեր հաստատենք: Սակայն, կարծում եմ, որ երբեք նոյն կերպ չի լինի ինչպէս Օլանդի օրօք»,- շեշտեց Փափազեանը:

Նրա խօսքով՝ հայ համայնքը ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կապեր ունէր դեռեւս ընտրւելուց շուրջ 15 տարի առաջ: «Նա համայնքի թեկնածուն էր: Այս հինգ տարիների ընթացքում նա առիթ տւեց, որ Ֆրանսիայի պետութեան ամենաբարձր մակարդակի պաշտօնեաներին ներկայացնենք Հայ Դատը, հայկական խնդիրները, Ցեղասպանութեան, ուրացման հարցերը, Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգութեան խնդիրները եւ այլն: Պատմականօրէն այս 5 տարիների ընթացքում այս աշխատանքը տարանք ամենաբարձր մակարդակով: Հիմա նա որոշել է չառաջադրւել, ուստի մեզնից պահանջւում է աշխատանքը նորից սկսել: Ով էլ նախագահ լինի, նոյն յարաբերութիւնները չենք ունենալու, այսինքն՝ պէտք է նոր մշակենք, աշխատենք եւ գաղութի ու Հայ Դատի պահանջները նորից ներկայացնենք»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահը:

Փափազյանի բնորոշմամբ՝ այսօրւայ դրութեամբ Ֆրանսիայում ներքաղաքական իրավիճակը բաւականին բարդ է, որովհետեւ ամենայն հաւանականութեամբ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցութիւնների՝ «Սոցիալիստներ»-ի ու «Հանրապետականներ»-ի թեկնածուները նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում չեն լինելու: «Սա է հիմնական պատկերը: Ամենայն հաւանականութեամբ, տեսնելու ենք «Ազգային ճակատ» կուսակցութեան եւ «En Marche!» շարժման թեկնածուներին»,- նշեց Մուրադ Փափազեանը:

Նշենք, որ Ֆրանսիայում մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում միմեանց հետ մրցում են չորս հիմնական թեկնածուներ՝ «Ազգային ճակատ» կուսակցութեան առաջնորդ Մարին Լը Պէնը, En Marche! շարժման առաջնորդ Էմանուիլ Մակրոնը, «Հանրապետականներ»-ի առաջնորդ Ֆրանսուա Ֆիոնը եւ «Սոցիալիստական» կուսակցութեան թեկնածու Բենուա Ամոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։