Հա
Շաբաթ, 11 Մարտի 2017 12:40

«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան մասին նոր տւեալներ

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից յետոյ նրա ընտանիքի հիմնած «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի Կայսերիի (պատմական Կեսարիա) նահանգի Էւերեք շրջանում 19-րդ դարում գործած հայկական դպրոցների թիւն ու դրանց քարտէզները, ինչպէս նաեւ ընդհանուր տեղեկութիւններ մինչ ցեղասպանութիւնն այդ տարածքում ուսանած հայ երեխաների մասին:

«alikonline.ir» - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից յետոյ նրա ընտանիքի հիմնած «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի Կայսերիի (պատմական Կեսարիա) նահանգի Էւերեք շրջանում 19-րդ դարում գործած հայկական դպրոցների թիւն ու դրանց քարտէզները, ինչպէս նաեւ ընդհանուր տեղեկութիւններ մինչ ցեղասպանութիւնն այդ տարածքում ուսանած հայ երեխաների մասին: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝  գրում է «Ակօս»-ը:

Ինչպէս աւելի վաղ յայտնել է «tert.am»-ը՝ Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը նախաձեռնել է «Անատոլիայի մշակութային ժառանգութիւնը» անւանումով յատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացայայտել եւ հաշւարկել են Թուրքիայի ամբողջ տարածքում ազգային փոքրամասնութիւնների թողած պատմամշակութային շինութիւնների քանակն ու ներկայիս վիճակը:

Ըստ հիմնադրամի ուսումնասիրութեան՝ Էւերեքում մինչ 1840-ական թւականները հայ ուսուցիչները դասեր էին անցկացնում փոքր դպրոցներում ու առանձին սենեակներում: 1864 թւականին հայ համայնքն իր իսկ ուժերով հանգանակութիւն է հաւաքում տարածքում հայկական դպրոց կառուցելու համար, ինչից յետոյ 1870 թւականին Կ. Պոլսից Կեսարիա ուղարկւած Վռամշապուհ վարժապետը ժամանում է այստեղ: Նրա վարժապետութեան տարիները շրջադարձային են լինում տեղի հայութեան համար:

1872-1873 թթ.-ին Էւերեքում գործել է աղջիկների եւ տղաների համար նախատեսւած մեկական վարժարան, որոնց ընդհանուր բիւջէն կազմում էր ընդամենը 540 քուրուշ եւ ապահովւում էր տեղի հայ բարերարների կողմից: Դպրոցներն ունէին ընդհանուր 300 հայ աշակերտ: Նշւում է, որ 1875 թւականին այստեղ դասաւանդել է արմատներով էւերեքցի, Օքսֆորդի համալսարանի շրջանաւարտ Բարսեղ Վարդուկեանը:

1898 թւականին Էւերեքի դպրոցների հիմնադրամի տնօրէնի պաշտօնը ստանձնում է Կարապէտ վարժապետը, ում առաջարկած նոր համակարգի շնորհիւ աղքատ եւ մեծահարուստ ընտանիքների զաւակները սկսեցին կրթութիւն ստանալ նույն դպրոցում ու հաւասար պայմաններում:

Նշենք, որ հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկայ 10 հազար պատմամշակութային կոթողներից 4600-ը հայկական են, 4100-ը՝ յունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրէական:

Ըստ հետազօտութեան՝ ամենաշատ հայկական պատմական շինութիւններն առկայ են Մուշում՝ 401 պատմական կառոյց, Մուշին կաջորդում է Բիթլիսը՝ 325 շինութեամբ, այնուհետեւ Խարբերդը՝ 323 հին հայկական շինութիւններով: Դրանց են յաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնեակը եզրափակում է Վանը՝ 185 կառոյցով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։