Հա
Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 13:10

Ստամբուլահայերը դիմաւորել են Պոլսոյ պատրիարքի նորընտիր տեղապահին, Աթեշեանը փորձել է տապալել հանդիպումը

Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի պաշտօնում ընտրւած Գարեգին արքեպիսկոպոս Բէկչեանը նախօրէին ժամանել է Ստամբուլ:

Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բէկչեանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ:

«alikonline.ir» - Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի պաշտօնում ընտրւած Գարեգին արքեպիսկոպոս Բէկչեանը նախօրէին ժամանել է Ստամբուլ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Ակօս»-ը:

Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բէկչեանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ:

Յիշեցնենք, որ փետրւարին Էջմիածնում կայացւած որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւն: Ընտրութիւնից յետոյ, որում համոզիչ յաղթանակ էր տարել Արամ Աթեշեանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բէկչեանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրութիւններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրութիւնների սկսւելը գրութիւն է ուղարկել, որն իրաւաբանօրէն անհնար է համարում պատրիարքական ընտրութիւնների գործընթացի մեկնարկը: Այս գրութիւնը Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւններից անմիջապէս յետոյ պատրիարքարանի հոգեւորականներին է ներկայացրել տեղապահի ընտրութիւններում պարտւած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը եւ յայտարարել, որ չի հեռանայ տեղապահի պաշտօնից:

Յայտնի է, որ Արամ Աթեշեանը, որը դեռ հրաժարական չի ներկայացրել, հանդիպմանը չի եկել, աւելին` Բէկչեանի մուտքը եկեղեցի փորձել են խոչընդոտել: Նշւում է, որ Աթեշեանի անմիջական յանձնարարութեամբ պատրիարքարանի աշխատակիցների կողմից սկզբում փակւել են եկեղեցու դռները ժողովրդի առաջ, մինչդեռ ժողովուրդը շարունակել է սպասել դռների մօտ, որոնք բացւել են արդէն եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանի ժամանելուն պէս, որն էլ ուղեկցել է ընտրւած տեղապահ Բէկչեանին:

Հաւաքւած բազմութիւնը եկեղեցում աղօթք է արել եւ «բարի գալուստ» մաղթել Բէկչեանին:

Նշենք, որ աւելի վաղ Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել էր Արամ Աթեշեանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարէնը՝ ստամբուլահայերի մեծ մասն ուղեւորւել է Ստամբուլի Ֆերիքեոյ թաղամասում գտնւող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բէկչեանը:

Յիշեցենք, որ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը կոմայի մէջ է գտնւում 2008 թւականից եւ փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազօրութիւնները։ Նրա փոխարէն այդ լիազօրութիւնները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, որն ընտրւել է ոչ թէ համայնքի, այլ պետութեան կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տեւական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրութիւնների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թէ պետութեան կողմից նշանակւած, այլ իրենց ձայների արդիւնքում ընտրւած անձի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։