Հա
Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 10:00

Անկարայում գանձագողերը աւերել են հայկական գերեզմանատունը

Թուրքիայում Անկարայի նահանգի Սթանոզ շրջանում գտնւող հին հայկական գերեզմանատունը շարունակում է ենթարկւել ազգայնականների ու գանձագողերի յարձակումներին:

«alikonline.ir» - Թուրքիայում Անկարայի նահանգի Սթանոզ շրջանում գտնւող հին հայկական գերեզմանատունը շարունակում է ենթարկւել ազգայնականների ու գանձագողերի յարձակումներին: Այս մասին՝ ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Ակօս»-ը:

Աւելի վաղ այդ մասին ահազանգել էր նաեւ Թուրքիայի «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան կենտրոնական գործադիր խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչընը: 

Կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացւել են տարածքից հէնց շրջկենտրոնի ղեկավարութեան անմիջական միջամտութեամբ:

Յայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ եւ Քառսուն մանուկ» հիմնադրամին: 

Նշենք, որ Անկարա քաղաքից 30 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Սթանոզ (այն անւանում են նաեւ Զիր) աւանի բնակչութիւնն Առաջին համաշխարհայինից առաջ ամբողջովին բաղկացած է եղել հայերից, Սթանոզի բնակչութեան թւաքանակը 20-րդ դարի սկզբին կազմում էր 3142 (668 ընտանիք): Ինչպէս եւ Անկարայի հայութեան մեծ մասը, Սթանոզի հայերն էլ այստեղ են գաղթել Կիլիկիայից, 15-րդ դարում: Ըստ որոշ տւեալների՝ հայ գաղթականների եւս մի մեծ խումբ այստեղ է հաստատւել 17-րդ դարում՝ Արեւելեան Հայաստանից:

Սթանոզում գործել է երկու հայկական բողոքական եկեղեցի` Սուրբ Փրկիչ եւ Քառսուն մանուկ: Սթանոզի հայերն ունէին նաեւ երկու կրթական հաստատութիւն, որտեղ, ընդհանուր առմամբ, կար 500 հայ աշակերտ: Այս շրջանում հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն էին, այգեգործութիւնն ու անասնապահութիւնը: Սթանոզում մեծ հռչակ էին վայելում հայ կաշւեգործները, գորգագործները, ներկարարները եւ մետաքսի արտադրութեամբ զբաղւողները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։