Հա
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 08:30

Մուրադ Փափազեան. «Թեկնածուները պէտք է երաշխիք տան, որ իրենց դիրքորոշումները կեղծ չեն»

Մուրադ Փափազեանը նշեց, որ իրենց ցանկութիւնն ու պահանջը թեկնածուներից այն է, որ նրանք քաղաքական յարաբերութիւններ ունենան իրենց հետ: «Թեկնածուները պէտք է ընդունեն համայնքին, երկխօսութիւն պէտք է տեղի ունենայ, որպէսզի մենք կարողանանք դատել՝ նրանց ասածները միայն ընտրակա՞ն կեցւածք են, թէ՞ քաղաքական: Այդ առիթը չունեցանք: Դրա համար համայնքը եւ ոչ մի կազմակերպութիւն որեւէ թեկնածուի օգտին չի աշխատում: Դրա համար ընտրութիւնների առաջին փուլի համար որեւէ մէկին ընտրելու կոչ չենք արել»,- ասաց նա:

«alikonline.ir» - Համայնքը դեռ չի կողմնորոշւել` Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որին է իր ձայնը տալու, ֆրանսահայերից իւրաքանչիւրը պէտք է առաջնորդւի իր անձնական ցանկութիւններով: Այս մասին, «tert.am»-ին յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

Դիտարկմանը, թէ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որոշները խօսել են հայկական խնդիրների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան շուրջ, Մուրադ Փափազեանը պատասխանեց, որ լրատւամիջոցն է նրանց այդ թեմաներով հարցեր ուղղել, նրանք էլ խօսել են:

«Այսօր կոչ չենք անում՝ որեւէ թեկնածուի օգտին հայերը քւէարկեն: Կան թեկնածուներ, որ դրական ձեւով են արտայայտւել Հայաստանի եւ Ղարաբաղի մասին, բայց չկայ այն թեկնածուն, ինչպէս որ էր Ֆրանսուա Օլանդը, որ կարեւորութիւն է տւել հայկական հարցերին, իր հետ քննարկումներ ենք արել, իր հետ աշխատել: Նոյն մակարդակի վրայ չեն հիմա այլ թեկնածուների հետ մեր յարաբերութիւնները»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ թեկնածուները հայ համայնքին ուղղւած առաջարկութիւններով հանդէս չեկան, քանի որ նրանք կարծեցին, որ կարող են բաւարարւել մամուլին տւած իրենց հարցազրոյցներով, ինչը, ըստ նրա՝ սխալ էր:

«Մենք նրանց քաջալերեցինք, որ տարբեր ձեւերով իրենց դիրքորոշումը յայտնեն հայկական հարցերի վերաբերեալ՝ մեր, համայնքի առջեւ, որպէսզի լաւ հասկանանք իրենց դիրքորոշման մակարդակը: Բայց նման բան տեղի չունեցաւ: Եւ հիմա մենք յստակօրէն իրենց մասին ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական կարծիք չունենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանը նշեց, որ իրենց ցանկութիւնն ու պահանջը թեկնածուներից այն է, որ նրանք քաղաքական յարաբերութիւններ ունենան իրենց հետ: «Թեկնածուները պէտք է ընդունեն համայնքին, երկխօսութիւն պէտք է տեղի ունենայ, որպէսզի մենք կարողանանք դատել՝ նրանց ասածները միայն ընտրակա՞ն կեցւածք են, թէ՞ քաղաքական: Այդ առիթը չունեցանք: Դրա համար համայնքը եւ ոչ մի կազմակերպութիւն որեւէ թեկնածուի օգտին չի աշխատում: Դրա համար ընտրութիւնների առաջին փուլի համար որեւէ մէկին ընտրելու կոչ չենք արել»,- ասաց նա:

Փափազեանի խօսքով՝ համայնքը դեռ սպասում է երկրորդ փուլին: Ապրիլի 24-ին՝ ընտրութեան յաջորդ օրն արդէն միջոցառում է լինելու, որին ներկայ են լինելու Ֆրանսուա Օլանդը եւ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները:

«Կը դատենք․եթէ երկրորդ փուլի առիթով կարելի լինի կոչ անել, կանենք: Հիմա այդ փուլից առաջ ոչինչ չենք անում»,- ասաց նա:

Հարցին, թէ ինչ է կարծում, արդեօք համայնքն իր լծակները չի՞ կորցնի, եթէ որեւէ թեկնածուի կողմից հանդէս չգայ, նա պատասխանեց․ «Չենք կորցնի: Նոյնը չէ Ֆրանսուա Օլանդի հետ համեմատած: Բոլորովին տարբեր է, քանի որ Ֆրանսուա Օլանդի հետ երկար պատմութիւն ունենք: Ժամանակ ենք ունեցել, որպէսզի նա կարողանայ փաստել մեզ, որ հայ ժողովրդի եւ Հայ Դատի բարեկամն է: Այս անգամ չկայ նման բան: Դեռ երկրորդ փուլ կայ, համայնքը պէտք է կողմնորոշւի, դեռ Ապրիլի 24 կայ եւ հնարաւոր է, որ համայնքը կողմնորոշւի: Եթէ թեկնածուներն իրենց դիրքորոշումը չյայտնեն, իրենք գիտեն, որ ձայները քիչ չեն, մենք էլ չենք կողմնորոշւի: Պէտք է թեկնածուները երաշխիք մեզ տան, որ իրենց դիրքորոշումները կեղծ չեն»,- ասաց նա:

Նշենք, որ ընտրութիւններին ընդառաջ Ֆրանսիայի նախագահի որոշ թեկնածուներ «Nouvelles d’Armenie»-ի հետ զրոյցում խօսել են հայկական հարցերի շուրջ: Մասնաւորապէս, Ֆրանսիայի իշխող «Սոցիալիստական» կուսակցութիւնը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը նշել էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը 20-րդ դարի խոշորագոյն իրադարձութիւններից մէկն է, տրաւմայ ամբողջ մարդկութեան եւ, իհարկէ, մասնաւորապէս, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետեւաբար՝ Ֆրանսիայի համար:

Ամոնը խոստացել էր նաեւ, որ նախագահ ընտրւելու դէպքում շարունակելու է մասնակցել Հայոց Ցեղասպանութեան յիշատակման արարողութիւններին, որպէսզի այդ ցեղասպանութիւնը երբեք չմոռացւի: «Ես նաեւ յոյս ունեմ, որ կը կարողանամ մի օր այցելել Երեւանում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր»,- ասել էր նա:

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցութիւնը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պէնն էլ նոյն լրատւամիջոցի հետ զրոյցում նշել էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը 20-րդ դարի մարդկութեան դէմ առաջին մեծ յանցագործութիւնն է, իսկ բազմաթիւ հայերի ժամանումը Ֆրանսիա կարեւոր իրադարձութիւն է եղել երկրի պատմութեան համար: Նա նաեւ խօսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ նախկին ԽՍՀՄ-ի վարչական սահմաններն, իհարկէ, շատ արագ են ձեւաւորւել, եւ նա կարծում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնութեան, որ Լեռնային Ղարաբաղը միանայ Հայաստանին:

Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետական» կուսակցութիւնից առաջադրւած Ֆրանսուա Ֆիոնն էլ «Nouvelles d'Arménie»-ին տւած հարցազրոյցում ասել է, որ «Պէտք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քւոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականօրէն կտրել է այն Հայաստանից ու յանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկայ, պէտք է խաղաղ ու կայուն կարգաւորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնութեամբ:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրութիւնների առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի 23-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։