Հա
Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 11:50

Սելինա Դողանը՝ պատրիարքի իր նախընտրած թեկնածուի մասին. «Կարիք ունենք, որ մեր դպրոցների, հիմնադրամների մասին հոգ տանեն»

Սելինա Դողանը նշել է, որ հաւանական է, որ երկար տարիներ Պոլսոյ պատրիարքի փոխանորդ նշանակւած եւ համայնքի դժգոհութիւնն առաջացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշեանն իր թեկնածութիւնն ընտրութիւններում առաջադրի, սակայն, իր կարծիքով, նա ընտրւելու հնարաւորութիւն չունի:

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը Պոլսոյ պատրիարքի ընտրութիւններում կաջակցի այն թեկնածուին, ով կը կանգնի համայնքի կողքին, կը զարգացնի համայնքը: 

«tert.am»-ի հետ զրոյցում նա նշել է. «Ես դեռ չգիտեմ էլ, թէ ով կը լինի թեկնածու: Մենք կարիք ունենք, որ հոգ տարւեն մեր դպրոցները, մեր հաստատութիւնները, մեր հիմնադրամները: Նա, ով կը կարողանայ այս խնդիրներով զբաղւել Թուրքիայում, ես կաջակցեմ նրան»: 

Սելինա Դողանը նշել է, որ հաւանական է, որ երկար տարիներ Պոլսոյ պատրիարքի փոխանորդ նշանակւած եւ համայնքի դժգոհութիւնն առաջացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշեանն իր թեկնածութիւնն ընտրութիւններում առաջադրի, սակայն, իր կարծիքով, նա ընտրւելու հնարաւորութիւն չունի: 

Յիշեցնենք, որ 2017 թ.-ի փետրւարին Էջմիածնում կայացւած որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցաւ Պոլսոյ Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրութիւնից յետոյ, որում համոզիչ յաղթանակ էր տարել Արամ Աթեշեանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրութիւններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրութիւնների սկսւելը գրութիւն էր ուղարկել, որով իրաւաբանօրէն անհնար էր համարում պատրիարքական ընտրութիւնների գործընթացի մեկնարկը: Այս գրութիւնը Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւններից անմիջապէս յետոյ պատրիարքարանի հոգեւորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրութիւններում պարտւած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը եւ յայտարարել, որ չի հեռանայ տեղապահի պաշտօնից: 

Դրանից յետոյ Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշեանի մատուցած պատարագներն ու ելոյթները, կազմակերպել ստորագրահաւաքներ՝ պահանջելով Աթեշեանի հրաժարականը: 

Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը մայիսի 25-ին պաշտօնապէս հրաժարական է տւել, ինչից յետոյ արքեպիսկոպոս Բեքչեանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտօնապէս ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականութիւնները: 

Սելինա Դողանը Պոսլոյ պատրիարքարանի շուրջ հիմա տեղի ունեցողը՝ Արամ Աթեշեանի հրաժարականը եւ Գարեգին Բեքչեանի սպասւելիք վերադարձը (հիմա նա Գերմանիայում է) Ստամբուլ՝ ընտրութիւնների գործընթացն սկսելու նպատակով, դրական համարեց:  

«Ես հիմա իսկապէս յոյս ունեմ, որ ընտրութիւնները տեղի կունենան: Բայց այդ ամէնը մենք նաեւ պէտք է դիտարկենք ընդհանրապէս Թուրքիայի ներքին քաղաքականութեան մէջ: Մենք չգիտենք, թէ ինչ է տեղի ունենալու: Գիտենք, որ երկիրը դեռ արտակարգ դրութեան մէջ է,- ասել է նա՝ մատնանշելով, որ օրինակ իրենք նախատեսում են բողոքի ակցիաներ՝ Ստամբուլում եւ Անկարայում, քանի որ իրենց կուսակցական ընկերը ձերբակալւել է,- այսպիսով՝ չգիտենք, թէ ինչ կը լինի վաղը Թուրքիայում, իսկ այստեղ ամէն ինչ փոխկապակցւած է: Բայց, այնուամենայնիւ, ես հաւատում եմ, որ մենք կունենանք առողջ ընտրութիւններ»: 

Սելինա Դողանը նաեւ նշել է, որ դրա համար համայնքը պէտք է ունենայ օրէնսդրութիւն ոչ միայն կապւած Պատրիարքարանի, այլ ընդհանուր, բոլոր կառոյցների աշխատանքի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։