Հա
Շաբաթ, 08 Յուլիսի 2017 10:10

Ֆրանսիայի Սենատի հայազգի պատգամաւոր. «Կաշխատեմ հայերին վերաբերող հարցերը ներկայացնել իմ «Առա'ջ, Հանրապետութիւն» մեծամասնական խմբին»

Վերջերս Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան անցած հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը պատմական իրադարձութիւն է համարում այն, որ հայկական ծագմամբ երեք պատգամաւոր յայտնւել է Ֆրանսիայի Սենատում:

«alikonline.ir» - Վերջերս Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան անցած հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը պատմական իրադարձութիւն է համարում այն, որ հայկական ծագմամբ երեք պատգամաւոր յայտնւել է Ֆրանսիայի Սենատում: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում  նշել է, որ կաշխատի հայերին եւ հայկական հարցին վերաբերող խնդիրները ներկայացնել «Առա'ջ, հանրապետութիւն» կուսակցութեան իր մեծամասնական խմբին: «Tert.am»-ի հարցազրոյցը Դանիէլ Ղազարեանի հետ կարդացէք ստորեւ:

 

- Տիկին Ղազարեան, Դուք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւններին ընտրւեցիք պատգամաւոր Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրոնի կողմից հիմնադրած «Առա'ջ, Հանրապետութիւն» քաղաքական ուժի կազմում: Հետաքրքիր է՝ առաջարկութիւնը կուսակցութեա՞ն կողմից էր եղել, թէ ինքներդ էք որոշել մասնակցել քաղաքական պայքարին: Կուզէինք իմանալ Ձեր առաջադրման պատմութիւնը: 

- Ես միացել եմ «Առա'ջ, Հանրապետութիւն» կուսակցութեանը մի քանի ամիս առաջ: Ռոն-Ալպ մարզում ինձ մօտեցան այդ ժամանակ Լիոնի մետրոպոլի նախագահը եւ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի թիմի անդամները: Նախագահ Էմանուէլ Մակրոնը հնարաւորութիւն է տւել իմ նման մարդկանց, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակութիւնից եւ չունեն քաղաքական փորձ մասնակցել ընտրութիւններին: Նա այդկերպ ցանկանում էր թարմացնել ֆրանսիացի խորհրդարանականների կազմը:

 

- Լինելով Լիոնում հայկական մշակութային կենտրոնի ղեկավար, նախկինում երբեք քաղաքականութեամբ չզբաղւելով, ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականութեան մէջ: 

- Դա հանգամանքների համադրութիւն է, եւ ոչինչ նախասահմանւած չէր ինձ համար, որ ես քաղաքականութեամբ զբաղւէի: Ես մի քանի տարի ակտիւ ներգրաււած էի Դեսինում գտնւող Հայկական յիշողութեան ազգային կենտրոնի աշխատանքներում, որի նախագահն էի մինչեւ պատգամաւոր ընտրւելը:

 

- Տիկին Ղազարեան, ընտրապայքարում Ձեր յոյսը միայն համայնքի՞ տւած ձայներն էին, թէ Դուք Ֆրանսիայի այլ սեկտորներից էլ ձայների ակնկալիքներ ունէիք եւ ստացաք: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր էին Ձեզ ընտրողները: 

- Իմ ընտրատարածքը բաղկացած է աւելի քան 135 հազար բնակչից եւ 11 համայնքից: Դեսինի եւ Մէյզիոյի համայնքներում մեծամասամբ հայ ընտրողներ են: Իմ ընտրողները միայն հայեր չէին, բազմաթիւ ոչ հայեր ինձ վստահութիւն են յայտնել: Նախընտրական արշաւի ժամանակ ես հանդիպել եմ նրանցից շատերին, եւ նրանք ինձ ջերմ ընդունելութեան էին արժանացնում: Որոշ հայեր հստակ իրենց աջակցութիւնն են յայտնել տասը տարի գոյութիւն ունեցող աջ հայացքների քաղաքական կուսակցութիւնից իմ քաղաքական հակառակորդին՝ պնդելով, որ իմ թեկնածութիւնը համայնքային է, եւ ոչ հայը աւելի լաւ կարող է նրանց ներկայացնել:

 

- Ֆրանսիայի խորհրդարանում հայազգի պատգամաւորը՝ ի դէմս Ձեզ, ի՞նչ գործուէութիւն պէտք է ծաւալի հայկական հարցեր բարձրաձայնելու, Հայաստանի հետ համագործակցելու համատեքստում: Արդեօ՞ք խորհրդարանում յայտնւելը նաեւ պայմանաւորւած չէ հայկական խնդիրներ լուծելու ցանկութեամբ: 

- Իմ ներկայութիւնն Ազգային ժողովում ինձ պատիւ է տալիս եւ միեւնոյն ժամանակ պարտաւորեցնում է: Սա պատմական իրադարձութիւն է. մենք հայկական ծագմամբ երեք ֆրանսիացի պատգամաւոր ենք, որ մտել ենք խորհրդարան այս ընտրութիւններից յետոյ: Ես կաշխատեմ հայերին եւ հայկական հարցին վերաբերող հարցերը ներկայացնել «Առա'ջ, Հանրապետութիւն» կուսակցութեան իմ մեծամասնական խմբի հետ: Ես անհամբեր սպասում եմ Ազգային ժողովում Ֆրանս-հայկական բարեկամութեան խմբին միանալուն՝ մեր երկու երկրների մշակութային եւ տնտեսական յարաբերութիւններն առաջ տանելու համար:

 

- Տիկին Ղազարեան, վերջին հարցով կը ցանկանայի իմանալ՝ ընդհանրապէս ի՞նչ ակնկալիքներ ունեք արդէն անցած նախագահական ընտրութիւնների եւ սպասւող խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներից: Արդեօ՞ք դրանք փոփոխութիւններ են բերելու Ֆրանսիայի կեանքում եւ նաեւ Ֆրանսիա-Հայաստան յարաբերութիւններում: 

- Ֆրանսիան տնտեսական, սոցիալական եւ մարդկային լուրջ ճգնաժամի մէջ է: Մեր նոր նախագահի հետ կապւած ակնկալիքները հսկայական են, ֆրանսիացիները ցանկանում են փոփոխութիւն եւ արագ արդիւնքներ, որոնք կարող են բարելաւել նրանց կեանքի պայմանները: Մեր երկու երկրների միջեւ յարբերութիւնները միշտ բարեկամական եւ ուժեղ են եղել՝ անկախ նրանից, թէ ինչ նախագահ է եղել իշխանութեան: Ֆրանսուա Օլանդը 2015 թւականին Երեւանում մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յիշատակման արարողութեանը: Հայաստանը 2018 թւականին կը հիւրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը, ինչը անկասկած կամրացնի մեր երկու երկրների միջեւ յարաբերութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։