Հա
Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 11:40

Հրանուշ Յակոբեանը մասնակցել է «Սփիւռքը նոր հորիզոնների դիմաց. Սփիւռքահայի ինքնահասկացողութիւնը» խորագրով հաւաքին

Բէյրութի Բիքֆայայի Սուրբ Աստւածածին վանքում յուլիսի 11-ին մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնած «Սփիւռքը նոր հորիզոնների դիմաց. Սփիւռքահայի ինքնահասկացողութիւնը» խորագրով հաւաքը, որին մասնակցել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Հաւաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը:

«alikonline.ir» - Բէյրութի Բիքֆայայի Սուրբ Աստւածածին վանքում յուլիսի 11-ին մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնած «Սփիւռքը նոր հորիզոնների դիմաց. Սփիւռքահայի ինքնահասկացողութիւնը» խորագրով հաւաքը, որին մասնակցել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Հաւաքը նախագահել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հաւաքը բացւել է Տերունական աղօթքով եւ Վեհափառ Հօր Հայրապետական օրհնութեամբ, որից յետոյ բացման խօսքով հանդէս է եկել պատմաբան Երւանդ Փամբուկյանը: Նա նշել է, որ երբ խոսվում է Սփյուռքի հայեցի դիմագծի մասին, նկատի է առնվում դասական Սփյուռքը, որը կազմավորվել է առավելապես եկեղեցու, դպրոցի եւ քաղաքական ու մշակութային կազմակերպությունների շուրջ: Փամբուկեանը մատնանշել է, որ դասական Սփիւռքի չորրորդ սերունդը նոյն ձեւով չի ապրում, ինչպէս առաջինը: Բայց յատկանշական է չորրորդ սերնդի՝ ազգային պահանջատիրութեանը մասնակից դառնալու ձգտումը, մի բան, որ անցեալում վերաբերում էր միայն քաղաքական խաւին:

Ողջոյնի խօսքով հանդէս է եկել ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա անդրադարձել է ազգային ինքնութեան եւ հայկական ինքնագիտակցութեան կարեւորութեանը: Նախարարը նշել է, որ հայկական ինքնութեան խնդիրը ռազմավարական նշանակութիւն ունի, միշտ փոփոխութեան մէջ է եւ բազմաշերտ: Անդրադառնալով հայկական ինքնութեան առանձնայատկութիւններին՝ Սփիւռքի նախարարը նկատել է, որ այն հիմնւած է ցաւի եւ տառապանքի վրայ: «Հայկական Սփիւռքը աշխարհի միւս սփիւռքների համեմատութեամբ ամենատարածւածն է (119 երկրում ձեւաւորւել են հայկական համայնքներ): Հայկական Սփիւռքը բազմամշակոյթ է, ուստի նաեւ՝ բազմաթիւ ինքնութիւնների տէր: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը յատուկ ուշադրութիւն է դարձնում ծպտեալ հայերի ինքնութիւնը վերագտնելու խնդրին եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ իրականացնում»,- նշել է նախարարը:

Նախարար Հրանուշ Յակոբեանը մանրամասն անդրադարձել է խառն ամուսնութիւններին եւ դրանց հետեւանքներին, հայեցի կեանքից եւ հայկական աւանդոյթներից գիտակցաբար հեռու ապրող, իրենց աշխարհի քաղաքացի համարող, իսլամացած եւ արմատներին վերադառնալ ցանկացող հայերին եւ նշել, բոլոր դէպքերում հայ մնալու երաշխիքը հայ եկեղեցին է, հայ դպրոցը, պատմական յիշողութիւնը, ընտանիքը, հայկական աւանդոյթների պահպանումը, ազգային եւ մշակութային կառոյցների, հայ մամուլի գործունէութիւնը, հայկական խորհրդանիշների պահպանումը, ազատ եւ անկախ երկու պետութիւնների՝ Հայաստանի եւ Արցախի գոյութիւնը եւ հզօրացումը:

Եզրափակելով խօսքը՝ Սփիւռքի նախարարը յաւելել է, որ շատ կարեւոր է հայ երիտասարդին գրաւիչ դարձնել հայկական ինքնութիւնը, Հայաստանն ու Արցախը, որպէսզի Հայաստանը նրանց համար դառնայ տուն եւ ոչ թէ միայն պատմական Հայրենիք:

Առաջին նիստի աւարտին հանդէս է եկել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը: Նա նշել է. «Սփիւռքահայի ինքնահասկացողութեան եւ ինքնարտայայտութեան ներկայ վիճակը քննարկելուց եւ առկայ պատկերը նկարագրելուց յետոյ մենք պէտք է որոնենք ինքնութեան նոր մօտեցումներ, նոր չափանիշներ, նոր սահմաններ ու սահմանումներ»: Անդրադառնալով սփիւռքահայութեան մէկ դարից աւելի հայ մնալու փաստին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ տարբեր պատճառներով եւ հանգամանքների բերումով այսօր Սփիւռքի պայքարելու ձգտումը սկսել է աստիճանաբար թուլանալ եւ յաւելել է. «Մենք պէտք է նորովի կազմակերպենք մեր համայնքների կեանքը, նոր կենսունակութիւն հաղորդենք նրան, գտնենք ինքնաճանաչողութեանը նպաստող նոր եւ ազդու մեթոդներ, ուղիներ: Պէտք է վերստեղծենք սփիւռքահայի ինքնահասկացողութիւնը եւ ամրապնդենք ինքնագիտակցութիւնը՝ տւեալ միջավայրին եւ ներկայ պայմաններին համահունչ»:

«Պատմական ակնարկ» խորագրով առաջին նիստին զեկոյցներով հանդէս են եկել ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, պրոֆեսոր Սեդա Տատոեանը եւ գրող, հրապարակախօս Նազարէթ Պերպերեանը:

Աշոտ Մելքոնեանը ներկայացրել է Հայկական լեռնաշխահում հայ ժողովրդի ինքնութեան կազմաւորման պատմութիւնը՝ սկսած ք.ա.2-րդ դարից եւ հայ ինքնութեան կազմաւորումը բաժանելով չորս փուլերի: Պրոֆեսոր Սեդա Տատոեանն իր զեկոյցում անդրադարձել է Կիլիկիայի հայկական թագաւորութիւնում հայկական ինքնութեան հարցերին՝ այն տեղաւորելով հայոց պատմութեան ուղեծրում: Նա առաջարկել է գործնական հայացք ձգել Կիլիկեան Հայաստանի պատմութեանը, որտեղ առկայ էին հանդուրժողականութեան ոգին եւ դիւանագիտական փորձառութիւնը: Հրապարակախօս Նազարէթ Պերպերեանը նշել է, որ ինքնահասկացողութեան համար Սփիւռքը կարիք ունի նոր բառամթերքի եւ եղած խնդիրների վերհանման:

«Ինքնութեան յատկանիշներ» խորագրով երկրորդ նիստին հանդէս են եկել Միհրան Քեորտողլեանը, Վարուժան արք. Հերկելեանը, Խաչիկ Դեդեեանը, Սեդա Խտշեանը եւ Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

«Ինքնութիւն եւ համաշխարհայնացում» խորագրով երրորդ նիստին՝ Վերապատւելի դոկտ. Փօլ Հայտոսթեանը, դոկտ. Հայկ Օշականը եւ գրող, հրապարակախօս Յակոբ Պալեանը:

Վերապատւելի Փօլ Հայտոսթեանն ընդգծել է, որ համաշխարհայնացման պատճառով «սահման» հասկացողութիւնը փոփոխութիւնների է ենթարկւել, առաջ են եկել ներ ըմբռնումներ: Դոկտ. Հայկ Օշականն անդրադարձել է հայ սփիւռքի բազմաշերտութեանը, իսկ Յակոբ Պալեանը՝ ներքին սփիւռքների խնդիրներին:

Իւրաքանչիւր նիստից յետոյ տեղի են ունեցել քննարկումներ: Հաւաքը շարունակւելու յուլիսի 12-ին եւ 13-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։