Հա
Շաբաթ, 15 Յուլիսի 2017 12:20

Նոր մանրամասներ Սեւան Նիշանեանի՝ թուրքական բանտից փախչելու եւ արտասահման մեկնելու լուրերի մասին

Թուրքական մամուլը շարունակում է բուռն քննարկել պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանի՝ բանտից փախչելու եւ արտասահման մեկնելու մասին լուրը: 

«alikonline.ir» - Թուրքական մամուլը շարունակում է բուռն քննարկել պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանի՝ բանտից փախչելու եւ արտասահման մեկնելու մասին լուրը: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Նիշանեանը, ով 17 տարւայ ազատազրկման է դատապարտւել Թուրքիայում, փախել է բանտից, որտեղ գտնւում էր 2014 թւականից: 

Նիշանեանի «Twitter»-ի էջում յայտնւել է հետեւեալ գրառումը. «Թռչնակը թռաւ. Նոյնը մաղթում եմ մնացեալ 80 մլն.ին»: 

«Եթէ իսկապէս այդպէս է՝ բարի գալուստ մեր՝ աքսորեալների ակումբ»,- գրել է թուրքական «demokrathaber.org» կայքի հայ համախմբագիրներից Հրանտ Գասպարեանը սոցցանցի իր էջում: 

Թուրք մտաւորականներից Թեւֆիք Ունալը, մեկնաբանելով Նիշանեանի փախուստի լուրը, սոցցանցի իր էջում գրել է. 

«Հայրենասէրի անւան տակ հասարակութեան մէջ դեգերող միլիոնաւոր անպետքներից շատ աւելին արեց այս հողերը գեղեցկացնելու համար, ինչ-որ տեղ՝ յաջողեց: Նա պատժւեց, որպէսզի ամբողջութեամբ չյաջողի, լաւ օրինակ չդառնայ: Սեւանը միայն մէկն է այն հազարաւոր արժէքաւոր մարդկանցից, որոնք ստիպւած են եղել լքել իրենց հայրենիքը: Մենք չիմացանք նրա գինը, յուսամ՝ այնտեղ, ուր գնացել է, կը հասկանան: Եւ յուսամ, որ մի օր Սեւանի հետ կրկին այստեղ՝ այս հողում միասին կը պարենք, եւ կը լինեն այնպիսի օրեր, որ գոնէ նրա յաջողութիւնը չպատժւի»: 

Թուրքական «habersol.org.tr» կայքը նշում է, որ Նիշանեանը փախել է, սակայն անյայտ է մնում, թէ ինչպէս: 

Թուրքական լրատւամիջոցների մեծ մասն առաջ են բերում Նիշանեանի՝ արտասահման մեկնելու վարկածը, սակայն չի յստակեցւում, թէ որ երկիր է մեկնել պոլսահայ մտաւորականը: 

«demokrathaber.org»-ը յիշեցնում է, որ աւելի վաղ Սեւան Նիշանեանը յայտնել էր, թէ նոր բանտում, ուր նա տեղափոխւել էր, պայմաններն աւելի լաւն էին. ժանդարմերիայի աշխատակիցները շարունակաբար դրսում չէին հսկում նրանց, նրանք կարողանում էին պարբերաբար հեռախօսազանգեր կատարել, ինչպէս նաեւ ցանկացած ժամի դուրս գալ կալանավայրի այգի: 

Պոլսահայ Նիշանեանը բանտում էր գտնւում 2014 թւականի յունւարի 2-ից: Այս ընթացքում մտաւորականն ու իր փաստաբանները բազմիցս ահազանգել են բանտում նրա հանդէպ ցուցաբերւող դաժան վերաբերմունքի մասին: 

Սեւան Նիշանեանը ծնւել է 1956 թւականին Ստամբուլում: Ճարտարապետ Վաղարշ Նիշանեանի որդին է։ Աւարտել է նախ Եյլի, այնուհետ՝ Կոլումբիայի համալսարանը: 

1985 թւականին Նիշանեանը վերադարձել է Թուրքիա՝ պարտադիր զինւորական ծառայութիւն անցնելու համար։ Հետագայ երկու տասնամեակներում նա հանդէս է եկել որպէս գրող եւ ուղեցոյցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցոյցներ Թուրքիայի շրջանների մասին։ 

2004 թ. պարգեւատրւել է Թուրքիայի մարդու իրաւունքների ասսոցիացիայի մրցանակով։ 

Նիշանեանը գրել է «Սխալ Հանրապետութիւն» գիրքը (թուրքերէն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման առասպելները։ Այն գրւած է 1994 թ. , սակայն շրջանառւում էր լուսապատճէնը, մինչեւ որ հնարաւոր եղաւ տպագրել 2008 թ.: 

2010 թ.-ին Նիշանեանը հրապարակել է «Index Anatolicus»-ը Թուրքիայի աւելի քան 16 հազար տեղանուններով, որոնք փոխւել են թուրքացման քաղաքականութեան պատճառով։ Ներառւած համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակւել եւ ներկայացնում են հազարաւոր աւանդական անուններ, հիմնականում յունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինւել են թուրքական անուններով 20-րդ դարում։ 

«Index Anatolicus»-ն առցանց է դարձել 2011 թ.: Ներկայիս տւեալների բազան ներառում է աւելի քան 56 հազար քարտէզագրւած տեղանուն։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։