Հա
Կիրակի, 23 Յուլիսի 2017 10:00

Պոլսահայ գրող Սեւան Նիշանեանը հրապարակել է իր բանտարկութեան պատմութիւնը

Պոլսահայ գրող եւ լեզւաբան Սեւան Նիշանեանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկէս տարիների ու փախուստի պատմութիւնը:

«alikonline.ir» - Պոլսահայ գրող եւ լեզւաբան Սեւան Նիշանեանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկէս տարիների ու փախուստի պատմութիւնը: 

«2014թ. յունւարի 2-ին բանտարկւեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարէն ստիպւած ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթութեան մակարդակով եւ նոյնատիպ բարոյական արժէքներով մի քանի հարիւր մարդու հետ: Ստիպւած ես հանդուրժել գրեթէ նրանց մակարդակին գտնւող ղեկավար կազմի վիրաւորանքներն ու ստորացումները»,- «panorama.am»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիշանեանը: 

Այնուհետեւ հեղինակը պատմում է, թէ ինչպէս իր վարքուբարքը հաւանութեան չարժանացաւ բանտի ղեկավարութեան կողմից եւ մէկ ամիս անց նա տեղափոխւեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անւանի մտաւորականը 40 հոգու համար նախատեսւած բանտախուցը կիսում է 120 բանտարկեալի հետ: Այնուհետեւ տեղափոխւում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մէկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարւայ ազատազրկման դատապարտւած դիարբեքիրցի մի կալւածատիրոջ եւ նրա յանցակցի հետ նոյն բանտախցում: 

2014 թ. յուլիսին Նիշանեանին տեղափոխում են Այդընի Եենիփազար փակ բանտը: Այստեղ նա մէկ հոգանոց ազատ բանտախուց եւ շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտւելու հնարաւորութիւն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրայ, ուսումնասիրում հարիւրաւոր թուրքերէն ու օսմաներէն աղբիւրներ: Այդ ընթացքում մտաւորականի դէմ հարուցւած դատական գործերը շարունակւում են եւ նրան տրւած պատժաչափը աւելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարւայ: 

2015 թ. օգոստոսին բաց ռեժիմի Սեոքէ բանտ տեղափոխւելով՝ Նիշանեանը ստանում է մէկշաբաթեայ արձակուրդի իրաւունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդեան օրւայ հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջոյք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի յայտնւեց ու մի լրագրող, որ չգիտեմ, թէ ինչու էր այնտեղ գտնւում, անմիջապէս լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչութիւն, որ չեմ հասկանում, թէ ինչու է ապրում, մեծացրեց ու  իր թերթի մի անկիւնում հրապարակեց այդ նկարը»,-պատմում է Նիշանեանը: 

Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանեանին «բռնում են» համակարգչից օգտւելիս ու անջատում ինտերնետ կապը: Ապա նա կրկին տեղափոխւում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիւ կարգապահական պատիժներ: 2016 թ. մարտին տեղափոխւում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղւած նամակների տեսքով գրքի վրայ աշխատանքը: 

2017 թ. փոտրւարին տեղի ունեցած օրէնքի փոփոխութիւնների շնորհիւ մարտին 25-ին հայ մտաւորականը տեղափոխւում է Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: 

«Նախկինների հետ համեմատած՝ այստեղ շատ հանգիստ ու հարմարաւէտ էր: Ինձ շատ նեղութիւն չէին տալիս: Ես էլ, իհարկէ, օգտւում էի առիթից: Նոյնիսկ ազատ տեղաշարժւելու համար հեծանիվ ձեռք բերեցի ու յայտնի դարձայ որպէս Թուրքիայի հանրապետութեան պատմության մէջ առաջին հեծանւով դատապարտեալը»,- պատմում  է հեղինակը:

Ի վերջոյ, Նիշանեանի համբերութիւն սպառվում է: Նա հասկանում է, որ ոչ ոք չի պատրաստւում իրեն ազատ արձակել: Աւելին, տարիներ առաջ եթերից նրա հնչեցրած այս կամ այն արտայայտութեան համար դեռ նորանոր քրէական գործեր են հարուցւում, պատժաչափը գնալով մեծանում է: 

«Իրականում դեռ երկու տարի առաջ արդէն պարզ էր, որ սրա վերջը էսպէս է լինելու: Ես դեռ 2015 թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու: Բայց ընկերներս հորդորեցին մի փոքր էլ սպասել, համբերատար լինել, լաւ պատրաստւել… Մինչդեռ, այդ ամէնը զուր էր: Իրականում եթէ որեւէ  կտրուկ քայլ ես ուզում անել, երբեք չպէտք է ականջ դնես խելացի մարդկանց խորհուրդներին: Նման քայլ անելու համար պէտք է խենթ լինել, սկզբի ու վերջի մասին շատ չմտածել»,- գրում է Նիշանեանը՝ վերջում մէկ առ մէկ շնորհակալութիւն յայտնելով բոլոր հեռու-մօտիկ, ծանօթ ու անծանօթ այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նրան՝ բանտարկութեան ողջ ընթացքում եւ փախուստի ժամանակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։