Հա
Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 14:30

Մի բան, որի մասին շատ չէր խօսւում. թուրքական կայքն անդրադարձել է թենիսիստ Դաւիթ Նալբանդեանի ընտանիքի՝ Ցեղասպանութիւնից փրկւելու պատմութեանը

Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի աշխարհահռչակ թենիսիստ Դաւիթ Նալբանդեանի ու նրա ընտանիքի պատմութիւնը, որը կապւած է Հայոց Ցեղասպանութեան հետ:

«alikonline.ir» - Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի աշխարհահռչակ թենիսիստ Դաւիթ Նալբանդեանի ու նրա ընտանիքի պատմութիւնը, որը կապւած է Հայոց Ցեղասպանութեան հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

«auroraprize.com» կայքի «100 կեանք» նախագծի շրջանակում Նալբանդեանի հարցազրոյցը թուրքական կայքը թարգմանել եւ ներկայացրել է ամբողջութեամբ՝ օգտագործելով Ցեղասպանութիւն բառն առանց չակերտների եւ անւանելով Նալբանդեանին աշխարհի ամենալաւ թենիսիստներից մէկը: 

Պատմելով իր ընտանիքի մասին՝ հայազգի թենիսիստը նշել է, որ Ցեղասպանութեան տարիներին իր պապիկը 12 տարեկան է եղել, նա նախ հասել է Ֆրանսիա, իսկ աւելի ուշ՝ Արգենտինա: 

Նալբանդեանը փաստել է, որ իրենց անցեալի մասին նրանք շատ բան չգիտեն, քանի որ հայրենիքում որբացած Գէորգ պապիկը չի սիրել խօսել վերքերի մասին: 

«Դա մի թեմայ էր, որի մասին շատ չէր խոսւում: Նա (պապիկը) ամէն անգամ արտասւում էր եւ չէր կարողանում աւարտին հասցնել սկսած պատմութիւնը»,- յիշում է Դաւիթը: 

Աշխարհահռչակ թենիսիստը նաեւ յիշում է, որ ամէն տարի ապրիլի 24-ն իր պապիկի համար ոչ աշխատանքային էր՝ նա փակում էր խանութն ու գնում Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու: 

«Նա աղօթում էր իր մայրենի լեզւով ու կարդում Աստւածաշնչի Նոր կտակարանը: Իր հայրենի տնից իրեն միայն դա էր մնացել»,- պատմում է Նալբանդեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։