Հա
Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:38

Ադրբեջանի բուլղարական թղթապանակ. ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճիւղի դէմ Ադրբեջանի ճնշումների բացայայտումը նոր սկանդալային մանրամասներ է ստանում

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հիւրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին հրապարակումից յետոյ «armenpress.am» լրատւական գործակալութիւնը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանութիւն ստանալու ակնկալիքով:

«alikonline.ir»- Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հիւրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին հրապարակումից յետոյ «armenpress.am» լրատւական գործակալութիւնը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանութիւն ստանալու ակնկալիքով: «armenpress.am»-ի հարցումներին ի պատասխան երևան եկած տեղեկութիւնները, բացայայտեցին գործի նոր երեսակներ:

Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «armenpress»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Բուլղարիայի մասնաճիւղի կողմից կազմակերպւող միջոցառումների և միութեան աշխատակիցներ դէմ ուղղւած՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:

Ադրբեջանական դիւանագիտական շանտաժի անտեսանելի ձեռքը

Ադրբեջանի՝ Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու արդիւնքում ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճիւղի երիտասարդական միութեան նախագահ Հայկ Կարապետեանը, դեռևս չբացայայտւած հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիւի ազգային և ինտեգրման հարցերով զբաղւող խորհրդի անդամի պաշտօնը: Հարցի վերաբերեալ «armenpress» գործակալութիւնը դիմել է Հայկ Կարապետեանին, ով այդ պահին գտնւում էր Ուկրայինայում:

«Արմէնպրես» գործակալութեանը տրամադրած գրաւոր պատասխանում Հայկ Կարապետեանը չի անդրադարձել պաշտօնը լքելու պատճառներին, սակայն հանդէս է եկել կոշտ և ուշագրաւ յայտարարութեամբ. «Այն դէպքում, երբ բուլղարական իշխանութիւնները թոյլ են տալիս այլ պետութեան դեսպանատան խառնւել երկրի ներքին գործերին, նշանակում է, որ պետութիւնը ղեկավարում են ազգի դաւաճանները, որոնք պատմութեան դաժան դատաստանի առաջ կը կանգնեն: Բուլղարիայի հայ համայնքը մեծապէս ինտեգրւած է և համատեղ կեցութեան հարիւրամեակների ընթացքում լուրջ ներդրում է բերել Բուլղարիայի զարգացման գործում, կեանքի բոլոր ոլորտներում: Աւելին, մենք Բուլղարիայի քաղաքացիներ ենք ու մեր կառավարութիւնը պէտք է պաշտպանի մեր մարդկային ու քաղաքացիական իրաւունքները»:

Կարապետեանի հնչեցրած դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ իր պաշտօնաթողութիւնը կապւած է եղել ադրբեջանական դեսպանատան գործունէութեան հետ և Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրաւունքները պաշտպանելու փոխարէն տեղի են տւել տարատեսակ ճնշումների:

Բաքւի գործելաոճը հայկական կազմակերպութիւնների համար նորութիւն չէ

Հայ բարեգործական ընդհանուր միութունը համարում է, որ իրենց կազմակերպութեան դէմ Բաքւի պաշտօնական ներկայացուցիչների նախաձեռնած արշաւը առանձին միջադէպ չէ, այլ հանդիսանում է հայկական սփիւռքի կազմակերպութիւնների դէմ ուղղւած Ադրբեջանի պետական քաղաքականութեան մաս: Նման կարծիք «Արմէնպրես»-ի հետ զրոյցում յայտնեց ՀԲԸՄ Եւրոպայի պատասխանատու Նիկոլա Դաւիդեանը:

«Ես համոզւած եմ, որ սա ոչ թէ առաջին դէպքն է, որ տեղի է ունեցել, այլ առաջին անգամն է, երբ յայտնի է դարձել այս քայլերի մասին»,- ասաց Դաւիդեանը՝ նշելով, որ եւրոպական մի շարք երկրների ու հաստատութիւնների վրայ ազդելու համար ադրբեջանական դիւանագիտութիւնն օգտագործում է նաւթային լծակներն ու «խաւիարային դիւանագիտութեան» գործիքակազմը:

Ըստ բանախօսի՝ «Խաւիարային դիւանագիտութիւն» անւանումն ստացած կոռուպցիոն սխեմաները արդէն բացայայտւել են, հիմնականում քաղաքացիական հասարակութեան մի շարք կառոյցների կողմից ու հանդիսանում են ոչ միայն Բաքւի, այլև համանման մի շարք ամբողջատիրական ռեժիմների կողմից կիրառւող վարքաբանութիւն:

«Մեր նպատակն է, որ եւրոպական կառավարութիւնները հասկանան Արցախի և տարածաշրջանի նկատմամբ ազնիւ քաղաքականութիւն որդեգրելու անհրաժեշտութիւնը, ու դրան հասնելու համար աշխատելու ենք Եւրոպայի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների ու մամուլի հետ՝ շեշտելով խաղաղութեան ու մարդու իրաւունքների պաշտպանութեան առաջնահերթութիւնը»,- ասել է Դաւիդեանը՝ բարձր գնահատելով «Արմէնպրես»-ի ջանքերը՝ հանրութեանը ճշմարտութիւնը ներկայացնելու առումով:

Պլովդիւի ազգային և ինտեգրման հարցերով զբաղւող խորհրդի արդէն նախկին անդամ Հայկ Կարապետեանն իր հերթին կարևորել է, որ Ադրբեջանի այս քայլերը լայն քննարկման առարկայ դառնան, քանի որ Բուլղարիայի պաշտօնատարները միայն այդ պարագայում ստիպւած կը լինեն միջամտել. «Նրանց ուշադրութիւնն այս թեմային բևեռելով` կը ստիպենք նրանց մերժել Ադրբեջանի կողմից առաջ քաշւող վիճելի նախապայմանները»:

Արձագանգում է ՀԲԸՄ Բուլղարիայի միւս մասնաճիւղը

«Anonymous Bulgaria» խմբի կողմից տեղադրւած փաստաթղթերի սեփական հետաքննութեան վերաբերեալ «Արմէնպրես»-ը պարզաբանում է խնդրել նաև ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճիւղի ղեկավար Առնօ Քոյումջեանից:

Քոյումջեանը նշեց, որ քաջատեղեակ է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից շարունակաբար իրականացւող հակահայ քաղաքականութեանը, որի միջոցով ադրբեջանական կողմը ամէն կերպ փորձում է սեպ խրել Բուլղարիայում բարեգործական գործունէութիւն ծաւալող հայերի, որոնք, իմիջիայլոց, բոլորը հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ, և տեղի բուլղարացի ժողովրդի միջև դարաւոր պատմութիւն ունեցող յարաբերութիւններում:

Այն հարցին, թէ ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճիւղը որքանով է զգում ադրբեջանական գործօնի բացասական ազդեցութիւնն իր գործունէութեան վրայ, պարոն Քոյումջեանը պատասխանում է, որ ադրբեջանական կողմը մշտապէս փորձում է ճնշումներ բանեցնել բուլղարական իշխանութիւնների դէմ՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և համատեղ նախագծերը:

Պարոն Քոյումջեանի խօսքով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարքագիծն անընդունելի է և ոչ մի կերպ չի համապատասխանում Բուլղարիայում ընդունւած սկզբունքներին, իսկ իւրաքանչիւր քայլ, որն ուղղւած կը լինի հայ-բուլղարական յարաբերութիւնների խափանմանը, ուղղակի դատապարտւած կը լինի ձախողման:

Քոյումջեանն ընդգծում է, որ Բուլղարիայի իշխանութիւնները շատ մեծ դեր են տալիս տեղի հայ համայնքի հետ յարաբերութիւններին, քանի որ տեղի հայերն ակտիւ գործունէութիւն են ծաւալում ինչպէս մշակութային, այնպէս էլ տնտեսական, հասարակական շատ այլ բնագաւառներում:

Բուլղարիայի դեսպանատան խորհրդաւոր լռութիւնը

Այս և այլ հարցերի վերաբերեալ մեկնաբանութիւն ստանալու նպատակով՝ «Արմէնպրես»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանութեան հետ՝ ցանկանալով պարզել, թէ ընդունելի՞ է արդեօք Բուլղարիայի համար այն հանգամանքը, որ մի ինչ-որ երկրի (տւեալ դէպքում Ադրբեջանի) դեսպանատուն միջամտում է հաւատարմագրող երկրի և իր քաղաքացիների յարաբերութիւններին՝ մոռանալով, որ դիւանագիտական ներկայացուցչութիւնը քաղաքական մարմին չէ և ընդունող պետութեան ներքաղաքական կեանքին միջամտելու իրաւունք չունի: Իսկ այն հարցերը, թէ Բուլղարիայի իշխանութիւններն այս խնդիրների լուծման և Ադրբեջանի դեսպանատան նման անօրինական գործունէութիւնը դադարեցնելու համար ի՞նչ հակաքայլեր են իրականացնում, անպատասխան մնացին այնպէս, ինչպէս և միւս վերոնշեալ հարցերը:

Դեսպանատան պատասխանն «Արմէնպրես»-ին ներկայացնում ենք առանց մեկնաբանութեան.

«Դեսպանատան էլեկտրոնային փոստով ուղարկւած հարցումների կապակցութեամբ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ Դեսպան Մարիա Պաւլովան Երևանում չէ: Աւելին, կը ցանկանայի յայտնել, որ Բուլղարիայի դեսպանատունը ԶԼՄ-ների և ինտերնետային հրապարակումների վերաբերեալ մեկնաբանութիւն չտալու հաստատւած գործելակերպ ունի»:

Յօդւածը՝ ԱՐԱՄ ԱՆԱՆԵԱՆԻ, ԱՐԷՆ ՊԵՏՈՒՆՑԻ ԵՒ ԴԱՒԻԹ ՄԱՄԵԱՆԻ

 

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։