Հա
Շաբաթ, 26 Օգոստոսի 2017 09:50

Սասունը չլքածները. ստամբուլաբնակ հայուհին դէպի Սասունի լեռներ իր ուխտագնացութիւնը նւիրել է իրենց գիւղերից չհրաժարւած հայերի ու իր հօր յիշատակին

Ստամբուլում բնակւող արմատներով սասունցի Սիլւա Արսլան Դեմիրջին, ում ընտանիքը արտագաղթել է հայրենի գիւղից մօտ 3 տասնամեակ առաջ եւ տեղափոխւել Կ. Պոլիս, առաջին անգամ ճանապարհ է բռնել դէպի պատմական Սասուն՝ նւիրելով ուղեւորութիւնը Սասունում ծնւած իր հայրիկի յիշատակին: 

«alikonline.ir» - Ստամբուլում բնակւող արմատներով սասունցի Սիլւա Արսլան Դեմիրջին, ում ընտանիքը արտագաղթել է հայրենի գիւղից մօտ 3 տասնամեակ առաջ եւ տեղափոխւել Կ. Պոլիս, առաջին անգամ ճանապարհ է բռնել դէպի պատմական Սասուն՝ նւիրելով ուղեւորութիւնը Սասունում ծնւած իր հայրիկի յիշատակին: Իր ուխտագնացութեան պատմութիւնը երիտասարդ Սիլւա Դեմիրջին կիսել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում:

Ցեղասպանութիւնից յետոյ Սասունում ապրել շարունակած հայերի երկրորդ սերնդին պատկանող նրա հայրիկը գնացքով Ստամբուլ հասնելու օրերին փորձել էր յետեւում թողնել անցեալի ամբողջ բեռն ու դառնութիւնը, սակայն՝ ապարդիւն:

1970-80-ական թւականներին Սասունի ծպտեալ հայերի դէմ սաստկացած կրօնական ճնշումների հետեւանքով տասնեակ ընտանիքներ լքեցին Սասունի լեռները՝ Ստամբուլում հայկական եկեղեցի, դպրոց ու համայնք գտնելու յոյսով:

«Որքան էլ որ դժւարութիւններ ապրած լինի՝ հայրս երբեք չհրաժարւեց իր հողից: Սասունը, Սասնոյ լեռները…. Մեր Նաթոփան գիւղի լաւ ու վատ յիշողութիւնները շատ եմ լսել մանուկ հասակում: Երբ մեր բարեկամները Ստամբուլում մէկ տեղում էին հաւաքւում՝ սկսում էին հին ժամանակները յիշել: Մի քանի անգամ առաջարկեցի ինձ էլ տանել Սասուն: Բայց հայրս ձեւացրեց, թէ չի լսում:  Վերջին անգամ տաս տարի առաջ էր իր գիւղ գնացել, չկարողացայ համոզել: Թէեւ նա չէր ասում, բայց գիտէի՝ շատ են ցաւ ապրել այդ ճանապարհներին, յատկապէս՝ կանայք»,- պատմում է Սիլւան: 

Սակայն Սիլւան ի վերջոյ համարձակութիւն է հաւաքում իր երազանքն իրականացնելու ՝դէպի հայրենի Սասուն ճանապարհորդելու:

Ծնողների պատմած հայկական ուխտատեղիները հասնելով ու մոմ վառելով, իր մահմեդականացւած ազգականներին վերագտնելով ու իր այս պատմութիւնը «Ակօս»-ի էջերում անմահացնելով՝ Սիլւա Դեմիրջին փորձել է յարգել երկու տարի առաջ մահացած իր հօր յիշատակը: 

«Հեռւից նշմարւում են տները: Արդէն աւերակ են: Արտի եզրի առաջին տունը հօրս տունն է: Շնչում եմ օդն ու ինձ է հասնում Փերիհան հօրաքրոջս պատրաստած թոնրի հացի բուրմունքը, հօրս վառած ցախի հոտը, կաթսայի մէջ եռացող այծի կաթի բուրմունքն է բերել քամին»,- յիշում է իր ճանապարհորդութեան մասին Դեմիրջին: 

Սասունի յայտնի մեղրը դարձաւ ստամբուլաբնակ սասունցու ճանապարհորդութեան խորհրդանիշը. «Հօրս մեղրով յիշեցի: Նա շատ է սիրում մեղր, այն էլ՝ Սասունի: Թէեւ մեղրի սիրահար չեմ, բայց համտեսեցի ու նրա պատկերաը կենդանացաւ իմ առաջ: Սակայն այս լեռներում հօրս բացակայութիւնը դառնացրեց Սասունի քաղցր մեղրի համը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։