Հա
20/09/2017

Թուրքական լրատւամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Ստամբուլում հայկական եկեղեցուց դուրս եկած հայերի վրայ քարերով յարձակման մասին

Թուրքական լրատւամիջոցներն անդրադարձել են օրերս Ստամբուլի հայկական եկեղեցիներից մէկի մօտ հայերի վրայ ազգայնականների յարձակմանը:

«alikonline.ir» - Թուրքական լրատւամիջոցներն անդրադարձել են օրերս Ստամբուլի հայկական եկեղեցիներից մէկի մօտ հայերի վրայ ազգայնականների յարձակմանը: Ինչպէս գրում է թուրքական «diken.com.tr» կայքը, յարձակումը տեղի է ունեցել եկեղեցում մկրտութեան արարողութիւնից յետոյ բակում տեղի ունեցած հիւրասիրութեան ժամանակ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Յիշեցնենք, որ Ստամբուլի հայկական Սուրբ Յովհաննէս եկեղեցու մուտքի մօտ ազգայնականների խումբը քարերով յարձակւել է եկեղեցու բակում գտնւող հայերի վրայ ու բղաւել «Մա՛հ ձեզ»:

Ենթադրւում է, որ հայերի վրայ քարեր նետողներին դուր չի եկել, որ հիւրասիրութեան ժամանակ քրիստոնեաներն ալկոհոլ են օգտագործել:

Թեմայի շուրջ պարզաբանումներ էր տւել պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի հայրը:

Վերջինս լրատւամիջոցներին պատմել է, որ միջադէպի ժամանակ տարածքում որեւէ ոստիկան չի գտնւել:

Աւելի վաղ Օզուզունը թուրքական «artigercek.com» կայքում գրել էր. «Սովորաբար կիրակնօրեայ պատարագների ժամանակ մինչեւ պատարագի աւարտը հայկական եկեղեցիների մուտքի մօտ անվտանգութեան ուժերը պահակութիւն են անում: Պետութեան պարտականութիւնն է ապահովել իր քաղաքացու անձի եւ ունեցւածքի անվտանգութիւնը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խօսք: Սակայն այլ հարց է, թէ ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակութեան մեր իսկ հողերի վրայ չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել»:

«diken.com.tr»-ը նշում է, որ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնւող Սուրբ Յովհաննէս եկեղեցին կառուցւել է 1807 թւականին եւ վերջին անգամ վերանորոգւել 2006 թւականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։