Հա
Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 11:20

Ժիրայր Ռէյիսեան. «Սիրիական պատերազմի տարիներին հայ համայնքը չի կազմալուծւել, իսկ այժմ իրադրութիւնը յուսադրող է եւ վերադարձողներ կան»

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանի խօսքով՝ Սիրիական հակամարտութեան տարիներին հայկական սփիւռքի «ողնաշարը» համարւող հայ համայնքը չի կազմալուծւել:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանի խօսքով՝ Սիրիական հակամարտութեան տարիներին հայկական սփիւռքի «ողնաշարը» համարւող հայ համայնքը չի կազմալուծւել: Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ հակառակ տիրող պատերազմական վիճակին՝ անգամ ամենաթէժ պահերին Հալէպում հայկական դպրոցի, եկեղեցիների դռները բաց մնացին, զանազան կազմակերպութիւններ շարունակեցին գործունէութիւն ծաւաւել:

«Երբ կացութիւնը շատ աւելի յուսադրող եղաւ, վերադարձողներ եղան, որոնց մէջ կային ոչ միայն ներսի քաղաքներից, այլ նաեւ դրսից եկողները: Վիճակագրութիւն չկայ, բայց լսում ենք, որ ընտանիքները գալիս են Ամերիկայից, Լիբանանից, Հայաստանից եւ անգամ Աւստրալիայից»,- ասաց նա:

Ժիրայր Ռէյիսեանը նկատեց, որ Սիրիական հակամատութեան ընթացքում համայնքը շատ մեծ կորուստներ կրեց, դրանք՝ ե՛ւ նիւթական էին, ե՛ւ մարդկային: «Եթէ համեմատենք Սիրիայի ընդհանուր ժողովրդի հետ, հայ համայնքի կորուստները քիչ են, բայց մեր ունեցածի մէջ մենք շատ կորուստներ ունեցանք: Կան վիճակագրական տւեալներ, ինչպէս նաhատակւած հայ զինւորականների, այնպէս էլ՝ ահաբեկչութիւններին զոհ դարձած մարդկանց վերաբերեալ: Վիրաւորների թիւը բաւականին մեծ է»,- ասաց նա՝ նշելով, որ մօտաւոր տւեալներով՝ համայնքից զոհերի թիւը 250-ն է:

Ժիրայր Ռէյիսեանի խօսքով՝ պատերազմի հետեւանքով համայնքը կորցրեց նաեւ շատ աշխատատեղեր, եւ դրանց վերականգնման անհրաժեշտութիւն կայ:

Նրա խօսքով՝ հայութիւնը միշտ էլ Սիրիայում յարգանքի է արժանացել ե՛ւ իշխանութիւնների, ե՛ւ ժողովրդի կողմից: Նա Սիրիայի խորհրդարանում պատգամաւորների առկայութիւնը չպայմանաւորեց նրանով, որ սիրիական իշխանութիւնները շահեր են ունեցել հայերից: Նա նկատեց, որ միշտ էլ Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամաւորներ եղել են:

«Այս ընտրութիւնների ժամանակ մարդիկ ակնալում էին, որ մէկ հայազգի պատգամաւոր կունենանք, բայց ունեցանք երկուսը՝ մէկը Հալէպից, միւսը՝ Դամասկոսից»,- ասաց նա:

Խօսելով Սիրիայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղւած հայ համայնքի աշխատանքների մասին՝ նա նշեց․«Մենք միշտ էլ շնորհակալ ենք եղել Սիրիայի ժողովրդին, որ 100 տարի առաջ, տարեգրութեան ժամանակ հազիւ հասանք Սիրիա, իրենք տէր եղան մեզ»:

Նրա խօսքով՝ այսօր, երէկ եւ անընդմէջ Հայոց Ցեղասպանութեան հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացնում են: «Նախորդ շրջանում նաեւ յոտնկայս յարգանքի տուրք են մատուցել` 1.5 մլն. զոհերի յիշատակը յարգելով: Պետութեան ճանաչման հարցը չի նշանակում, որ անպայման արաբ եւ սիրիացի ժողովրդի վերաբերմունքն է արտացոլում: Դա քաղաքական հարց է, որը յարմար պահին անկասկած կը լինի»,- ասաց նա՝ նշելով, որ Սիրիան ոչ թէ բառերով է փորձել Ցեղասպանութիւնը ճանաչել, այլ՝ գործով:

Ժիրայր Ռէյիսեանի խօսքով՝ Հայաստան ապաստանած սիրիահայերի համար Հայաստանը կարող է միջազգային օժանդակութիւն ունենալ: «Այնքան ժամանակ, քանի դեռ կան Հայաստանում վատ ապրողներ, կայ միջազգային պարտաւորութիւն` այդ ընտանքիներին օժանդակելու»,- նշեց նա:

Սիրիահայ պատգամաւորը, անդրադառնալով Հայաստան-Սիրիա յարաբերութիւններին, նշեց, որ գոնէ իր կարծիքով՝ Սիրիան որեւէ այլ երկրի հետ Հայաստանի նման յարաբերութիւններ չունի, քանի որ հայ եւ սիրիացի ժողովուրդներն ունեն շատ երկար տարիների պատմութիւն: «Սիրիան Հայաստանին համարում է ոչ միայն բարեկամ, այլ բարեկամից շատ աւելի մօտ երկիր ՝ իր պետութեամբ եւ ժողովրդով: Այդ կապը միշտ կը մնայ ջերմ եւ հաւատում եմ, որ այդ բաժինն օրըստօրէ կը շատանայ»,- նշեց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։