Հա
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 10:10

«Հայկական աւանգարդը» Վրաստանի պատմութեան մէջ. ինչ հէտք են թողել հայերը Թբիլիսում

Այն փաստը, որ Վրաստանի վերջին ընտրութիւններում յաղթած հայերի թիւը մեծ է, բոլորովին էլ զարմանալի չէ։ Յատկապէս Թբիլիսում հայերը միշտ աւանգարդի դերում են եղել։ «armeniasputnik»-ը ներկայացնում է այն հայերին, որոնք իրենց հետքն են թողել Վրաստանի պատմութեան մեջ։

«alikonline.ir» - Այն փաստը, որ Վրաստանի վերջին ընտրութիւններում յաղթած հայերի թիւը մեծ է, բոլորովին էլ զարմանալի չէ։ Յատկապէս Թբիլիսում հայերը միշտ աւանգարդի դերում են եղել։ «armeniasputnik»-ը ներկայացնում է այն հայերին, որոնք իրենց հետքն են թողել Վրաստանի պատմութեան մեջ։

Էթնիկ հայերը Վրաստանում այսօր ակտիւօրէն ներգրաււած են քաղաքական ու հասարակական կեանքում։ Երկու քաղաքի` Նինոծմինդայի ու Ախալքալաքի քաղաքապետները` Անիվարդ Մոսոյեանն ու Իւրիկ Իւնանեանը, էթնիկ հայեր են։ Վրաստանի խորհրդարանում նոյնպէս քիչ չէ հայ պատգամաւորների թիւը։

Ժամանակակից Վրաստանի պատմութեան մէջ առաջին անգամ վրաց երիտասարդութեան շահերը հայ է ներկայացնում` Գիորգի Թումասեանը։

 



Ալեքսանդր Մանթաշեանց

Թիֆլիսը հնարաւոր չէ պատկերացնել առանց այս ականաւոր հայի, որը ոչ միայն 19-20-րդ դարերի ամենահարուստ մարդն է եղել ու քաղաքին շքեղ առանձնատներ ու շինութիւններ է պարգեւել, այլեւ քաղաքն ապահովել է հեռախօսակապով։

Ալեքսանդր Մանթաշեանցը ծնւել է Թիֆլիսում, 1842 թւականին մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազեանցի մասնաւոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերէն, ռուսերէն, վրացերէն, անգլերէն։

Ալեքսանդր Մանթաշեանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերութեան գլխաւոր նախաձեռնողն ու հիմնադիրը եւ մինչեւ իր կեանքի վերջը մնացել վարչութեան անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների յատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշեանը եղել է հայ մշակոյթի, գիտութեան, արւեստի եւ գրականութեան մեծ նւիրեալ եւ հովանաւոր։

 

Ալեքսանդր Խատիսեան

Թբիլիսի քաղաքապետներից մէկը եղել է Ալեքսանդր Խատիսեանը, որն այդ պաշտօնում ընտրւել է 1910 թւականի սեպտեմբերի 20-ին։ Խատիսեանը ծնւել է Թիֆլիսում 1874 թւականի փետրւարի 17-ին՝ խոշոր ազնւականի ընտանիքում։

1891 թւականին աւարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկւայի եւ Խարկովի համալսարաններում եւ ստացել բժշկական կրթութիւն։

Ինչպէս Մանթաշեանցը, նա նոյնպէս գերազանց տիրապետել է մի քանի լեզւի` հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն ու վրացերէն։

Նրա կառավարման տարիներին, Թիֆլիսում մի շարք կարեւոր հարցեր են լուծւել` ջրամատակարարումից մինչեւ փողոցների լուսաւորութիւն։ Նրա պաշտօնավարման օրոք քաղաքն ասֆալտապատւել է, տրամւայի գծեր են կառուցւել։

 

Միքայէլ Արամեանց

Արամեանցը բնիկ թիֆլիսեցի չի եղել, բայց նա նոյնպէս մեծ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում։ Միքայէլ Արամեանցը ծնւել է 1843 թւականին մայիսի 4-ին Ղարաբաղում։ 1871 թւականին մեկնել է Թիֆլիս, որտեղ զբաղւել է առեւտրով։ Այնուհետեւ ընդգրկւել է նաւթարդիւնաբերման բիզնեսում, Թիֆլիսում հիմնադրել է «Ազգային բարեգործական ընկերութիւնը»։ Եղել է Ներսիսեան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանաւորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանաւոր «Արամեանցի հիւանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիւ 1 կլինիկական հիւանդանոց) կառուցմանը՝ նւիրաբերելով հարիւր հազար ռուբլի։ Արամեանցի անւան հետ է կապւած նաեւ Թբիլիսիի «Մարիոտ» հիւրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նաւի՝ «Մաժեստիկ»-ի նմանութեամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, Արամեանցը կորցրել է գրեթէ ողջ կարողութիւնը։ Զրկւելով հարստութիւնից ու դիրքից՝ 1924 թւականի մահացել է սովի ու աղքատութեան մէջ։

 

Ալեքսանդր Մատինեան

Մատինեանը, որը ծնւել է 1843 թւականին Թիֆլիսում, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ է, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխներից մէկը։ Թիֆլիսի քաղաքագլուխների պատմութեան մէջ Ալեքսանդրն այն եզակի անձն է, որը չորս անգամ անընդմէջ ընտրւել է նոյն պաշտօնում։

Նրա ղեկավարման տարիներին Թիֆլիսում կատարւում են բազմաթիւ կարեւոր աշխատանքներ, այդ թւում՝ կամուրջների (նախկին Վերիսկու, ներկայիս Գալակտիոն Տաբիձէ), սպանդանոցի, ձիաքարշի, հեռախօսի, քաղաքային տան կառուցում։

Առողջապահութեան բնագաւառում կարեւոր էին Ալեքսանդր Մատինեանի նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ Հաւլաբար եւ Խարփուխ թաղամասերում կառուցւած երկու հիւանդանոցները։

 

Պօղոս Իզմայիլեան

Թիֆլիսի քաղաքագլուխներից մէկն է եղել։ Ծնւել է 1852 թւականին։ Նա ակտիւ մասնակցութիւն է ունեցել երկրի հասարակական կեանքում։ Հիմնել է այսպէս կոչւած «Իւանովի գրադարանը», որը դէպի իրեն էր ձգում յատկապէս պատանի ընթերցողներին: Նա մեծ դեր է խաղացել ոչ միայն վրաց մամուլի կայացման գործում, այլեւ ակտիւ կերպով մասնակցել է Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ»-ի աշխատանքներին։ Քաղաքագլուխ է ընտրւել 1879 թւականին։

 

Ռաֆայէլ Չմշկեան

Ծանրորդ Ռաֆայէլ Չմշկեանը ծնւել է 1929 թւականին Թիֆլիսում։ 1952 թւականին աւարտել է ֆիզկուլտուրայի վրացական պետական ինստիտուտը։

Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956), օլիմպիական խաղերի (1952), աշխարհի կրկնակի (1954,1955), Եւրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ։ 1961 թւականից մարզիչ է աշխատել «Դինամօ» ընկերութիւնում։

1946 թւականից մինչեւ այսօր «Դինամօ» ակումբի պատւաւոր անդամ է։

 

Պօղոս (Պաւէլ) Զուրաբեան

Զուրաբեանը բնիկ թիֆլիսեցի չէ, սակայն իր կեանքը կապել է հէնց այս քաղաքում։ Նա Թիֆլիսի գլխաւոր ճարտարագէտներից մէկն է եղել, նախագծել եւ Թիֆլիսում կառուցել է 36 եկամտաբեր տներ (1899-1917), Ներսիսեան դպրոցի նոր շէնքը (1909, համահեղինակ, այժմ՝ Ինդուստրիալ ինստիտուտ), Վոլգա-Կամսկ դրամատան Թիֆլիսի բաժանմունքը (1910, այժմ՝ Վրաստանի ազգային գրադարան), Մ. Արամեանի և Յ. Ձուբալովի անւան հիւանդանոցների համալիրը Հաւլաբարում, Ալեքսանդրեան մանկաբարձ-մանկաբուժական հիւանդանոցը (երեքն էլ՝ 1910)։

 

Սերգէյ Փարաջանով

Հանրայայտ ռեժիսորը ծնւել է Թբիլիսիում 1924 թւականի յունւարի 9-ին, հնավաճառի ընտանիքում։

1964 թւականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թւականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձութիւններից մէկը եւ իր տեղը զբաղեցրել այնպիսի յայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայէլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինէորի մասին» եւ Անդրէյ Տարկովսկու «Իւանի մանկութիւնը»։

Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գոյնը» (1968 թ.), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կեանքի մասին։

Նրա թբիլիսեան շրջանի կենսագիր Իւրի Մեչիտովը մի անգամ ասել է. «Սերգէյը Թբիլիսիի ծնունդ է, քաղաք, որը իւրաքանչյուրիս մէջ նստած է արտիստիկ կերպով»։

 

Գայիանէ Խաչատրեան

Յայտնի նկարչուհին ծնւել է 1942 թւականի մայիսի 9-ին Թբիլիսիում։ Փարաջանովը նրան համարում էր 20-րդ դարի երկրորդ կէսի ամենանշանակալի նկարչուհին։ Աշխատանքներից ցուցադրւել են մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լիսաբոնում, Վենետիկում, Մոսկւայում, Երեւանում։

Ստեղծագործում է հիմնականում կոմպոզիցիայի բնագաւառում

 

Անահիտ Բոստանջեան

Գրող, բանաստեղծ Անահիտ Բոստանջեանը ծնւել է Թբիլիսիում, այստեղ աւարտել միջնակարգ դպրոցը, բարձրագոյն կրթութիւն է ստացել Հայաստանում։ Սակայն Թբիլիսի հանդէպ կարօտը ստիպել է նրան վերադառնալ Վրաստան։ Նա միշտ ասել է, որ երկու հայրենիք ունի` Վրաստանն ու Հայաստանը։

Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միութիւնների անդամ (2012), Կալիֆոռնիայի Հայ գրողների միութեան պատւաւոր անդամ (2016), Վրաստանի գրողների միութեան հայկական վերաբացւած մասնաճիւղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից աւելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։

Բոստանջեանը մահացել է 2017 թւականին։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ