Հա
Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017 10:40

Մեքսիկայի հայերը տարբեր ոլորտներում առաջատար մասնագէտների թւում են

Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կօշիկի, գորգերի արտադրութեամբ զբաղւողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագէտների թւում են: Մեքսիկայի հայ համայնքը ձեւաւորւել է Հայոց Ցեղասպանութեանը յաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատւած հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում: 

«alikonline.ir» - Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կօշիկի, գորգերի արտադրութեամբ զբաղւողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագէտների թւում են: Մեքսիկայի հայ համայնքը ձեւաւորւել է Հայոց Ցեղասպանութեանը յաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատւած հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում: Նրանց թւում էին նաեւ ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականները: Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, Մեխիկոյի Յիշողութեան եւ հանդուրժողականութեան թանգարանի աշխատակցուհի Սոնիա Առաքելեանի խօսքով, Մեքսիկայում հայերի թիւը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, սակայն գրեթէ միշտ հայերը փոքրաթիւ համայնք են ունեցել: Տեղի հայերի թիւն այսօր էլ 1500-ից չի անցնում:

«Նրանցից շատերը եկել են Թուրքիայի տարբեր մասերից՝ Ադանա, Վան, Կարս, Բիթլիս եւ այլ շրջաններ: Այդ տարիներին շատերը զբաղւել են կօշիկի արտադրութեամբ կամ առեւտրով: Իմ մօրական կողմից պապիկը՝ Լեւոն Բոդոսեանը եւս ունեցել է կօշիկի խանութ, իսկ իմ հօրական կողմից պապիկը՝ Քերոփ Առաքելեանը, սկսել է աշխատել որպէս ատաղձագործ, շուտով փոխել է իր գործը եւ իմ հօր հետ հիմնել երկրում խոշոր խաղալիքների խանութներից մէկը՝ «ARA TOY STORES»-ը:

Մեքսիկայում մնացած հայերից շատերը հիմնել են իրենց սեփական գործը: Մեքսիկան իրենց ընդունեց գրկաբաց եւ սեփական կեանքը դասաւորելու հնարաւորութիւն տւեց»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում պատմեց Սոնիա Առաքելեանը:

Ներկայում Մեքսիկայում հայ համայնքը ցրւած է: Հայերի հիմնական մասն ապրում է Մեխիկօ քաղաքում: Լինելով ցրւած համայնք՝ այն չի ունեցել դպրոց, մշակոյթի տուն, ազգային որեւէ կառոյց: Լեզւի պահպանութեան հիմնական պատասխանատւութիւնն ընտանիքներինն է: Նրանք, ովքեր խօսում են հայերէն, դա իրենց տատիկների, պապիկների, ծնողների շնորհիւ է: Ամէն դէպքում լեզւի պահպանութիւնն այսօր համայնքի օրակարգային հարցերից է: Սոնիա Առաքելեանը նկատում է, որ իր սերնդակիցներից շատերը չեն խօսում հայերէն եւ նրանց մի մասն ամուսնացած է ազգութեամբ ոչ հայերի հետ:

Չնայած փոքրաթիւ լինելուն, ինչպէս նաեւ չկազմակերպւածութեանն, ամէն դէպքում տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում հայերն առաջատար մասնագէտների թւում են: Մեքսիկայի նշանաւոր հայերից են գործարարներ Ս. Պալուեանը եւ Շ. Քրդիկեանը, ճարտարագէտ Ջ. Նշանեանը, Մեխիկոյի Ազգային համալսարանի դասախօսներ` ֆիզիկոս Շ. Հաճեանը, արւեստաբան, պարուհի Ա. Օհանեանը, աստղագէտ դոկտոր Պ. Փիշմիշը (Փիշմիշեան), երաժիշտ Պ. Հիւսեանը եւ այլք: Մեքսիկայի ճանաչէած հայերից է գիտնական Խոսէ Սարուխանը, ում որդին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն է եղել:

Ինչ վերաբերում է այն հայերին, ովքեր Մեքսիկա են եկել Հայաստանի անկախութիւնից յետոյ, ապա նրանց թիւը մօտ 500 է: Ոմանք դասական երաժշտութեան մասնագէտներ են, ոմանք գիտնականներ են, պրոֆեսորներ, որոնք աշխատում են տարբեր համալսարաններում: Շատերն ունեն սեփական բիզնեսը տարբեր ոլորտում՝ կօշիկի, գորգերի արտադրութիւն եւ այլն:

«Հայ համայնքը ֆորմալ առումով կազմակերպւած չէ, այդուհանդերձ այս փոքրաթիւ եւ ցրւած համայնքը հպարտ է իր հայկական ծագմամբ: Իւրաքանչիւրն իր հնարաւորութեան սահմաններում նպաստում է այն գործին, որ Մեքսիկան իմանայ, թէ ովքեր են հայերը եւ ինչերի միջով են անցել: Հայերին համախմբելու հարցում մեծ դեր է կատարում Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, որը հիմնւել է 3 տարի առաջ: Այն իրականացրել է տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են հայկական մշակոյթի տարածմանը: Դա շատ կարեւոր է: Դեսպանատունը խթանում է նաեւ ուսանողների փոխանակման ծրագիրը: Դիւանագիտական այս կառոյցը կարեւոր է ոչ միայն Հայաստան-Մեքսիկա մշակութային, տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար, այլեւ այն կապող օղակ է տեղի հայ համայնքի համար»,- ասաց նա:

Սոնիա Առաքելեանը ներկայում աշխատում է Մեխիկոյի Յիշողութեան եւ հանդուրժողականութեան թանգարանում, որը 7 տարի առաջ է բացւել: Այն շատ մեծ թանգարան է՝ աւելի քան 6000 քմ. տարածքով: Այսօր այն ամենաշատ այցելութիւն ունեցող թանգարաններից է: Թանգարանի հիմնման նախագիծը ստեղծւել է հրէական համայնքի երկու ներկայացուցիչների նախաձեռնութեամբ:

«11 տարի առաջ, երբ այն դեռ կառուցման փուլում էր, ես նրանցից մէկի՝ տնօրէն Շարոն Զագայի կողմից հրաւիրւեցի իրենց հետ համագործակցելու: Այս թանգարանն ունի 7  բաժիններ, որոնք պատմում են տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանութիւնների, այդ թւում հայերի Ցեղասպանութեան մասին: Թանգարանի մէկ այլ հատւած նւիրւած է հանդուրժողականութեանը եւ Մեքսիկայում Մարդու իրաւունքների խախտումներին: Հայերին նւիրւած սրահը փոքր է, սակայն միեւնոյն ժամանակ բաւական ազդեցիկ, 7 տարի անց ես հպարտ եմ՝ ասելով, որ աւելի քան 2 մլն 800 հազար այցելու ենք ունեցել, այցելուներից շատերը երբեւէ չէին լսել հայերի մասին, այսօր նրանք գիտեն»,- յաւելեց նա: 

2015 թւականին որոշւեց թանգարանում կազմակերպել ժամանակաւոր ցուցադրութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան թեմայով: Սոնիա Առաքելեանի խօսքով՝ այն մեծ յաջողութիւն ունեցաւ, մեծ թւով այցելուներ եղան՝ պատգամաւորներ, դերասաններ, ակտիւիստներ, գործարարներ, լրագրողներ: Չորս ամիս տեւած ցուցահանդէսին 70 հազարից աւելի այցելու է գրանցւել: Ցուցահանդէսը ներկայացւել է նաեւ ԱՄՆ-ում: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։