Հա
Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017 12:30

««Ապրել հայերէնով» Թուրքիայում, կամ ինչպէս պէտք է իրար հասկանան հայաստանցիներն ու ստամբուլահայերը». Սեւան Դէյիրմենջեանի հարցազրոյցը

Ստամբուլահայ մտաւորական, գրող, ուսուցիչ եւ թարգմանիչ Սեւան Դէյիրմենջեանը «repairfuture.net» կայքին տւած հարցազրոյցում խօսել է ստամբուլահայերի ինքնութեան, այդ ինքնութեան մասին ընկալումների, Հայաստանի եւ Սփիւռքի հետ նրանց փոխյարաբերութիւնների մասին:

«alikonline.ir» - Ստամբուլահայ մտաւորական, գրող, ուսուցիչ եւ թարգմանիչ Սեւան Դէյիրմենջեանը «repairfuture.net» կայքին տւած հարցազրոյցում խօսել է ստամբուլահայերի ինքնութեան, այդ ինքնութեան մասին ընկալումների, Հայաստանի եւ Սփիւռքի հետ նրանց փոխյարաբերութիւնների մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Դէյիրմենջեանը փաստում է, որ Ստամբուլի հայերի համար հայերէնը «սուրբ ապաստանի» պէս մի բան է եւ յաճախ աւարտւում է դպրոցի կամ եկեղեցու պատերից դուրս. առօրեայ կեանքում պոլսահայերից շատերը դժւարանում են հայերէնով արտայայտել ամենապարզ տերմիններն ու ներքին յոյզերը, աւելի ճիշտ՝ կարծում են, որ հայերէնով դա անել չեն կարողանայ:

«Ինչպէս ասեմ, օրինակ՝ իրենց սէրը, սիրային յարաբերութիւնները հայերէնով չեն ապրում, մտքներով չի անցնում, որ հայերէնով էլ է դա հնարաւոր: Երբ բարկանում են՝ հայերէնի կարիքը չեն զգում, հասկացա՞ք իրավիճակը: Երիտասարդները «հայերէնի մէջ» չեն ապրում, խնդիրը սա է: Ցաւօք, ուսուցիչներն էլ հայերէնով չեն ապրում: Ես նրանց չեմ մեղադրում, դա շատ բնական է, բայց պէտք է ճիշտ ախտորոշում տրւի, որպէսզի բուժումն էլ ճիշտ իրականացւի: Այսօր հայ երիտասարդներից շատերը հայերէն չեն կարողանում խօսել, որովհետեւ վախենում են սխալներ անել»,- շարունակում է պոլսահայ մտաւորականը:

Միեւնոյն ժամանակ, Դէյիրմենջեանն ուշադրութիւն է հրաւիրել ծպտեալ հայերի (նկատի ունի Թուրքիայի տարբեր անկիւններում եւ գլխաւորապէս Արեւմտեան Հայաստանում ապրող իսլամացւած հայերին - «tert.am») հայերէնի հանդէպ ունեցած յատուկ վերաբերմունքին՝ շեշտելով, որ մայրենիի հանդէպ նրանց անթաքոյց հետաքրքրութիւնը տարիներ շարունակ հայութեան հանդէպ ունեցած կարօտի դրսեւորումն է:

Անդրադառնալով Հայաստան-Սփիւռք-Թուրքիայի հայութիւն փոխյարաբերութեանը՝ ստամբուլահայ մտաւորականը, որն իր ուսանողական տարիներն անց է կացրել Երեւանում, փաստում է, որ պոլսահայ համայնքի ու հայաստանեան հասարակութեան միջեւ առողջ ու անմիջական երկխօսութեանը խանգարող մի շարք խնդիրներ շարունակում են այժմէական մնալ: Դրանցից մէկն ու թերեւս առաջնայինը կրկին լեզւական խնդիրն է:

«Այս դէպքում առաջին խնդիրը լեզուն է, քանի որ շփման միջոց հանդիսանալու պատճառով ամենաշատն է աչք զարնում: Այս խնդիրն ի վերջոյ լուծւում է անգլերէնով կամ էլ արեւմտահայերէնով շփւելով: Սակայն ընթացքում ի յայտ է գալիս եւս մի խնդիր. թուրքերի ու Թուրքիայի հանդէպ վերաբերմունքը, որը մեծ տեղ է զբաղեցնում այսօր ժամանակակից հայկական ինքնութեան մէջ: Խնդիրն այն է, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Սփիւռքի հայերն այս հարցում նոյն մօտեցումները չունեն: Ի տարբերութիւն Հայաստանի հայերի, որոնք թուրքերին որպէս առաւել միատարր զանգւած են պատկերացնում, Ստամբուլի հայերը տեսնում են, որ թուրքական ինքնութիւնն աւելի խորքային տեսանկիւնից դիտելու դէպքում շատ աւելի բազմազան մի «տեսականի» է իրենից ներկայացնում: Եւ քանի որ Թուրքիայից դուրս ապրող հայերի համար սա ոչ այնքան հեշտընկալելի թեմա է՝ կարող է դառնալ անհամաձայնութիւնների պատճառ»,- պատմում է ստամբուլահայ մտաւորականը:

Դէյիրմենջեանը յիշում է, թէ ինչպէս են տարիներ առաջ Երեւանի փողոցներում իրեն զգուշացրել հայերէն խօսել: Դա իրեն յիշեցրել է տարիներ առաջ Թուրքիայում օտար լեզուների հանդէպ որդեգրւած խիստ մօտեցումները, որոնց հետեւանքները Թուրքիայի հասարակութիւնը՝ նաեւ հայերը, յաճախ կրում է մինչ օրս:

«Այո, Հայաստանի հասարակութիւնը մեծ մասամբ միատարր զանգւած է, տարբեր մօտեցումներում պահպանողականութիւնը մեծ մասշտաբների է հասնում, սփիւռքահայերի հանդէպ վերապահումներ ունեն: Երբ Ստամբուլից ընկերներիցս մէկին հիւրընկալել էի Երեւանում՝ իրար հետ թուրքերէն էինք խօսում: Ճանապարհին լիբանանցի մի հայ մեզ հանդիպեց, որն ասաց՝ «Գոնէ Հայաստանում հայերէն խօսէք»: Սա ես չեմ կարող կապել իմ պատկերացրած այն ժողովրդավար Հայաստանի հետ, որը փորձում եմ ձեւաւորել իմ մտքում»,- նշում է Դէյիրմենջեանը, ում յաճախ կոչում են ժամանակակից ստամբուլահայ համայնքի՝ հայերէնին ամենավարժ տիրապետող մտաւորականներից մէկը:

Միեւնոյն ժամանակ, ստամբուլահայ ուսուցիչը պատմում է իր՝ որպէս հայ եւ անհատ ներքին փոփոխութիւնների մասին, որոնք իր մէջ տեղի ունեցան Հայաստանում անցկացրած տարիների շնորհիւ:

«Հայաստանում անցկացրածս 6 տարիներից յետոյ՝ համալսարանն աւարտելիս ինձ հարցրին, թէ ինչ եմ զգում: Պատասխանս շատ կարճ եղաւ. երբ գալիս էի այստեղ՝ հայ էի, իսկ հիմա մարդ դարձայ: Հայաստանի գործօնը շատ կարեւոր էր իմ ինքնութեան ճանաչման տեսանկիւնից. չէ՞ որ Հայաստանում հայ լինելը ոչ մի առանձնայատկութիւն չի ենթադրում, այդ մասին քեզ պարբերաբար չեն յիշեցնում այստեղ: Հայաստանից դուրս ապրող հայերն իրենց ինքնութիւնը շեշտելու համար չափից դուրս շատ ջանք են թափում, եւ ըստ իս՝ դա վերածւում է «կպչունութեան»,- ասում է Սեւան Դէյիրմենջեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։