Հա
Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 08:30

Ինչո՞ւ հայերի հետ Հնդկաստանից «կը փախչի» նաեւ ռեգբին

Հնդկաստանում հայեր գրեթէ չեն մնացել։ Հետզհետէ վերանում է նաեւ հայկական ժառանգութիւնը։ Գլխաւոր պատճառը գործազրկութիւնն է։ 

«alikonline.ir» - Հնդկաստանում հայեր գրեթէ չեն մնացել։ Հետզհետէ վերանում է նաեւ հայկական ժառանգութիւնը։ Գլխաւոր պատճառը գործազրկութիւնն է։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Հայերը Հնդկաստանում տարեցտարի քչանում են։ Նրանց հեռանալու գլխաւոր պատճառը գործազրկութիւնն է, ինչպէս նաեւ տնտեսական ծանր վիճակը, կարծում է Հնդկաստանում բնակւող Արմէնուհի Կարապետեանը։

«Բոլոր ոլորտներում մեծ մրցակցութիւն կայ։ Տեղացիների, այդ թւում` հայերի համար տարեցտարի բարդանում է գումար վաստակելու հարցը։ Նրանք լքում են հարազատ վայրերն ու տեղափոխւում ԱՄՆ, Աւստրալիա», -ասաց Կարապետեանը։

Արմէնուհին Ուզբեկստանից մի քանի տարի առաջ է տեղափոխւել Հնդկաստան, հիմա զբօսավար է աշխատում եւ էքսկուրսիաներ է կազմակերպում։ Մուսսոնների (սեզոնային կայուն քամիներ) սեզոնին նա Տաշքենդ է վերադառնում։

Նրա խօսքով` հայերը հիմնականում Կալկաթայում են ապրում։ Հէնց նոյն վայրում էլ Սուրբ Նազարէթի եկեղեցուն կից գործում է հայկական քոլեջը, որտեղ մօտ 125 աշակերտ կայ։ Քոլեջի հիմնական առարկաներն են հայոց լեզուն, պատմութիւնն ու գրականութիւնը։

Հնդկաստանի գլխաւոր հպարտութիւնը ռեգբիի ազգային հաւաքականն է, որի 90%-ը հայեր են։ Յայտնի է, որ Հնդկաստանի ռեգբիի հաւաքականը մասնակցում է բարձր մակարդակի միջազգային խաղերին։ Այդ մարզաձեւը երկրում ամենատարածւածն է։

«Հնդկաստանում հայերին են պատկանում նաեւ լւացքատները։ Նրանք շատ ակտիւ են այդ բիզնեսում», - ասաց Կարապետեանը։

Լրիւ այլ պատկեր է աշխարհի ամենախիտ բնակեցւած քաղաքում` Մումբայում, որտեղ ընդամենը ութ հայ է մնացել, թէեւ մեգապոլիսում բոլոր պայմանները կան տարբեր ազգերի խաղաղ կեցութեան համար։

Քիչ հայ է մնացել նաեւ հայկական համայնքի համար կարեւորագոյն քաղաքներից մէկում` Չեննայ (նախկին Մադրաս) քաղաքում։ Սակայն այստեղ պահպանւել է Սուրբ Մարիամի եկեղեցին, որը հայկական համայնքը կառուցել է 1712 թւականին։ Իսկ կար ժամանակ, երբ հայերն ակտիւ մասնակցութիւնն ունէին քաղաքի առեւտրային ու մշակութային կեանքում։

Հէնց այնտեղ է 1794-1796 թւականներին լոյս տեսել առաջին հայկական պարբերականը` «Ազդարար»-ը։ Այդ ժամանակ են Մադրասեան խմբակի հիմնադիրները թողարկել հայկական ապագայ պետութեան Սահմանադրութիւնը, որը կոչւում էր «Որոգայթ փառաց»։

Այսօր հայկական հարուստ ժառանգութիւնից Հնդկաստանում մնացել են մօտ տասը հայկական եկեղեցի ու մէկ գերեզմանատուն։

Հնդկաստանում հայերի մասին առաջին յիշատակումը որոշ աղբիւրներում թւագրւում է մ.թ.ա. առաջին դարով։ Հայերը հնդկական աղբիւրներում յիշատակւում են Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքների ժամանակ։ Յաջորդ յիշատակումը վերաբերում է 17-րդ դարին, երբ հայկական վաճառականները եկան Հնդկաստան։ Այստեղ նրանք մեծ ունեցւածք ստեղծեցին ու սկսեցին եկեղեցիներ, դպրոցներ ու տպարաններ կառուցել։

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Հնդկաստանի Հանրապետութեան վարչապետ Նարենդրա Մոդիի հրաւէրով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով եղել է Հնդկաստանում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։