Հա
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 11:40

«Ստամբուլը գոհարի մէջ տեղաւորած վարպետը». Թուրքիայում «Գրանդ բազարի» յայտնի հայ արհեստաւորի մասին ֆիլմ է նկարահանւել

Թուրքիայում նկարահանւել է աշխարհի ամենամեծ ու ամենահին շուկաներից մէկը համարւող «Փակ շուկայի» կամ «Գրանդ բազարի» (թուրքերէն յայտնի է որպէս «Քափալը չարշը») յայտնի հայ արհեստաւորներից մէկի՝ Սեւան Բըչաքչըի կեանքի մասին պատմող ֆիլմ: 

«alikonline.ir» - Թուրքիայում նկարահանւել է աշխարհի ամենամեծ ու ամենահին շուկաներից մէկը համարւող «Փակ շուկայի» կամ «Գրանդ բազարի» (թուրքերէն յայտնի է որպէս «Քափալը չարշը») յայտնի հայ արհեստաւորներից մէկի՝ Սեւան Բըչաքչըի կեանքի մասին պատմող ֆիլմ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ստամբուլի «Փակ շուկայում» հաւաքարարից մինչեւ արհեստաւոր առանց գոնէ մի «բարեւ» ասելու ու որպիսութեամբ հետաքրքրւելու չի անցնում աշխարհի եզակի գոհարագործներից Սեւան Բըչաքչըի կողքով»,- գրում է թուրքական «Hürriyet» պարբերականը, որը ֆիլմի ստեղծման առիթով զրուցել է Սեւան Բըչաքչըի ու ֆիլմի հեղինակների հետ:

«Ստամբուլը գոհարի մէջ տեղաւորած վարպետը» անւանումով ֆիլմի ռեժիսոր Ումրան Սաֆթէրն ու սցենարիստ Ահսէն Դինէրը փորձել են 72 րոպէում տեղաւորել 46-ամեայ հայ արհեստաւորի անցած ուղին. Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում անցած մանկութիւնից, 12 տարեկանում «Փակ շուկայի» դռներից ներս մտնելուց մինչեւ միջազգային ճանաչում:

Սաֆթէրը պատմում է, որ գործընկերների հետ որոշել են Ստամբուլը լաւագոյնս ներկայացնող արւեստի 3 գործիչների մասնակցութեամբ ֆիլմեր նկարել. երեք կերպարներից երկուսի դէպքում ընտրութիւնը հետաքրքրական կերպով հայերի վրայ է կանգ առել: Առաջինը «Ստամբուլի աչքն էր»՝ Արա Գիւլէրը, երկրորդը՝ գոհարագործ Սեւան Բըչաքչըն, որը յայտնի է «Մատանիների պարոնը» մականունով:

«Սա իմ ծննդավայրն է, քաղաք, որով կշտանում եմ արդէն 46 տարի: Մասնագիտութեանս բերումով աշխարհի շատ գեղատեսիլ վայրեր եմ տեսել, շքեղութիւն էլ: Բայց Ստամբուլի հանդէպ սէրս երբեք աւարտ չունեցաւ, չի էլ ունենայ: Ես մեծացել եմ Սամաթիայում՝ բազմամշակոյթ, գեղեցիկ մի վայր է: Հին ընկերներս այստեղ են, նրանք էլ իմ պէս հին Ստամբուլի հին երեխաներն են»,- պատմում է լեգենդար հայ վարպետը, որն այսօրւայ պէս յիշում է Ստամբուլի «Փակ շուկայ» մուտք գործելու օրը:

Պատահական չէ, որ ֆիլմի հեղինակները շեշտում են, որ ֆիլմը նախեւառաջ համբերութիւն է սովորեցնելու երիտասարդ սերնդին:

«Քանի որ պէտք է սովորես՝ նստում ես վարպետի անմիջապէս կողքին, մօտիկից հետեւում: 6 տարի վարպետիս կողքին միայն նայել եմ: Ամբողջ օրը… 2017 թւականն է. ո՞վ ունի այդքան համբերութիւն: 35 տարի առաջ «Քափալը չարշըում» կարեւոր մի արհեստաւորի մօտ որպէս աշակերտ ընդունւելը մեզ համար հաւասարազօր էր Հարւարդի կամ Օքսֆորդի համալսարան ընդունւելուն: Ես համարում եմ, որ ուսանել եմ ամենաթագաւորական համալսարանում: Երբ ընկերներս իմացան, որ վարպետ Յովսէփի մօտ եմ աշխատելու, չէին հաւատացել»,- յիշում է Բըչաքչըն:

Նա ցաւով արձանագրում է, որ ոսկերչութիւնն ու արծաթագործութիւնը այլեւս մահացող արհեստ են:

«Այն ժամանակ ձեռքի աշխատանքը շատ էր գնահատւում. մէկ մատանու պատւէրով մեր վարպետը կարողանում էր հոգալ մեր մէկ շաբաթւայ աշխատավարձերի հարցը: Հիմա ամէն բանի մեքենայացումը ոլորտում մարդկային գործօնն է նւազեցրել: Արհեստը մեռաւ: Երկու սերունդ անց ապագան չեմ տեսնում… Ոլորտում անորոշութիւն կայ, իսկ մարդիկ չեն ցանկանում անորոշութեան մէջ ներդրումներ անել: Երազանքները մահացան»,- փաստում է հայ վարպետը:

Ի դէպ, ինչպէս աւելի վաղ ներկայացրել է «tert.am»-ը, ներկայում Ստամբուլում ակնագործութեամբ ու ոսկերչութեամբ կամ արծաթագործութեամբ զբաղւող արհեստաւորները հիմնականում Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներից մօտ 30 տարի առաջ ժամանած քրիստոնեայ ու իսլամացւած հայեր են՝ սասունցիներ, բիթլիսցիներ, մշեցիներ ու մարդինցիներ, նրանցից առաջ առաւել ակտիւ էին բուն պոլսահայերը, որոնք էլ արհեստը փոխանցեցին Ստամբուլ հասած գաւառահայերին:

Մեր օրերում Ստամբուլի «Փակ շուկայ»-ում աշխատում է մօտ երկու հազար հայ ոսկերիչ, իսկ հայերին պատկանող ոսկերչական ապրանքանիշների թիւն անցնում է հազարը, ինչը մի քանի անգամ քիչ է մօտ կէս դար առաջ եղած ցուցանիշներից, երբ Ստամբուլի հայ ոսկերիչները կազմում էին ընդհանուր շուկայի կէսից աւելին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։