Հա
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 14:20

Այդ եռանդուն հայը, կամ ինչպէս Բաղեանը բացայայտեց տիեզերքը

1989 թւականի մարտին «Սփէյս Շաթլ» ծրագրով թռիչքը տեւեց չորս օր։ Արտասովոր ոչինչ չկար, բայցի այն փաստից, որ պատմութեան մէջ առաջին անգամ Երկիր մոլորակը լքեց հայը։

Այսօր Ջէյմզ Բաղեանն իրեն երջանիկ մարդ է համարում, եւ, դատելով ամէն ինչից, նա դրա իրաւունքը լիովին ունի։

«alikonline.ir» - 1989 թւականի մարտին «Սփէյս Շաթլ» ծրագրով թռիչքը տեւեց չորս օր։ Արտասովոր ոչինչ չկար, բայցի այն փաստից, որ պատմութեան մէջ առաջին անգամ Երկիր մոլորակը լքեց հայը։ Ռուբէն Գիւլմիրսարեանը պատմում է դրան նախորդած ու յաջորդած իրադարձութիւնների մասին։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

Հրշէջ, ֆուտբոլիստ կամ ուսուցիչ դառնալու մանկական երազանքները ոչ միշտ են իրականանում, որովհետեւ տարիքն իր գործն է անում։ Բայց լինում են դէպքեր, ինչպէս Ջէյմզ Բաղեանի դէպքում, որ տիեզերք հասնելու պատանեկան կրքոտ երազանքն անգամ երկու անգամ է իրականանում, ու դրան զուգահեռ մարդն այլ մասնագիտութիւններ էլ է ձեռք բերում։ Այսօր Ջէյմզ Բաղեանն իրեն երջանիկ մարդ է համարում, եւ, դատելով ամէն ինչից, նա դրա իրաւունքը լիովին ունի։

Վաղուց անցել է այն ժամանակը, երբ ամբողջ մոլորակն անուն առ անուն գիտէր տիեզերագնացներին ու նրանց նկարները փակցնում էր պատերին, այսօր այս մասնագիտութիւնը սովորական է համարւում, թէեւ հասկանալի պատճառներով այն հասանելի է միայն ընտրեալներին։ Ահա Բաղեանին էլ աւելի լաւ գիտեն Հայաստանում, քան Ամերիկայում, որտեղ նա ապրել ու աշխատել է ամբողջ կեանքում։ Պատճառը հասկանալի է` ամերիկեան աստղագնացների թիւը տասնեակների է հասնում, իսկ աստղագնաց հայը միակն է։

Ջէյմզի պապը` Նազարէթ Քունդեբաղեանը, Արաբկիրից Ամերիկա է հասել 1913 թւականին։ Կնոջը` Սաթենիկին, նա հանդիպել է ամերիկեան հողում. կինը ծնւել էր Մալաթիայում, իսկ Նահանգներ էր հասել ամուսնուց հինգ տարի առաջ։ Նրանց թոռը` Ջէյմզը, լոյս աշխարհ է եկել 1952 թւականին Ֆիլադելֆիայում։ Ի դէպ, նրա անունն ամերիկացիներն արտասանում էին իրենց հասկանալի տարբերակով` Բէյջին, որը չինական երանգ էր ստանում։ Նրանք այսպէս էին կրճատել իրենց համար անհասկանալի ու դժւար արտաբերւող «Քունդեբաղեանը»։ Ջէյմզի հայրը օդաչու էր, Երկրորդ Համաշախարհայինի ժամանակ ծառայում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, եւ երեւի այդ պատճառով էր, որ որդին աւիացիայի հանդէպ անյաղթահարելի ձգտումով տոգորւեց։

Ֆիլադելֆիայի բարձրագոյն դպրոցն աւարտելուց յետոյ եռանդուն պատանին ինժեներ-մեխանիկի կրթութիւն ստացաւ համալսարանում եւ մինչեւ 1978 թւականն աշխատեց ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փորձարարական կենտրոնում։ Նրա աշխատանքն այնքան արդիւնաւէտ եղաւ, որ ինժեներական մի քանի բացայայտումների հեղինակ դարձաւ։ Ջէյմզը զուգահեռաբար զբաղւեց տիեզերական կենսաբանութեան ու բժշկութեան խնդիրներով, ինչը նրան տարաւ դէպի Ջեֆերսոնի ինստիտուտի ուսանողական նստարան։ Այստեղ նա բժշկական գիտութիւնների դոկտորի կոչում եւ բուհի մրցանակ ստացաւ։ 1978 թւականին Բաղեանը վիրաբոյժ ու բժշկական հետազօտող աշխատեց Լոնդոնի Ջեքսոնի անւան տիեզերական կենտրոնում` միաժամանակ ուսում ստանալով աերոտիեզերական բժշկութեան դպրոցում։ Ուսման մէջ բացառիկ ունակութիւնների դրսեւորելով` նա պատւաւոր շրջանաւարտի կոչման արժանացաւ։ Իսկ 1980 թւականից Բաղեանն ընդգրկւեց ԱՄՆ-ի աստղագնացների խմբում։

ՌՕՈՒ փոխգնդապետի կոչում ստանալուց յետոյ նա աւելի քան մէկուկէս հազար ժամ թռիչք է իրականացրել` բաց չթողնելով աւիացիոն մրցման ցանկացած հնարաւորութիւն։ 1980 թւականին նրան ընդգրկել են ՆԱՍԱ-ի աստղագնացների կազմում, եւ նա անմիջական մասնակցութիւն է ունեցել առաջին վեց «Շաթլ»-ի թռիչքների բժշկական ապահովան նախապատրաստական աշխատանքներին` միաժամանակ զբաղւելով տիեզերական բժշկութեան խնդիրների գիտական աշխատանքով։ Երկիր մոլորակի ուղեծիր հասնելու հնարաւորութեանը նա ստիպւած է եղել սպասել ինը տարի։

Այդ տարիները նա նւիրել է իրեն ու ընկերներին կեանքի ամենակարեւոր իրադարձութեանը պատրաստելու դժւարին գործին։ Թռիչքին մասնակցելու հնարաւոր թեկնածուների ցանկը հետզհետէ կրճատւել է, բայց Բաղեանի անունը միշտ մնացել է այդ ցանկում։ Համբերելու ժամանակաշրջանն աւարտւել է 1989 թւականի մարտի 13-ին, երբ մեկնարկել է «Դիսքաւըրի» տիեզերանաւի ութերորդ թռիչքը Ջէյմզ Բաղեանի հետ։

«Space Shuttle» ծրագրով թռիչքը տեւել է չորս օր, աւելի ճիշտ` 4 օր, 23 ժամ եւ 38 րոպէ։ Այդ ընթացքում Ջէյմզը հասցրել է տիեզերանաւում գտնւող գործընկներին ազատել անկշռելիութեան հետեւանքով առաջացած տհաճութիւններից, բժշկակենսաբանական հետազօտութիւններ անցկացնել` չխնայելով առնետներին ու բեղմնաւորւած հաւկիթները։

Կարելի է ասել, որ որեւէ արտասովոր բան չի եղել, բացի նրանից, որ Երկիր մոլորակն առաջին անգամ լքել է հայ տղամարդը։ Յայտնի չէ` այդ հայն էյֆորիայի գիրկն ընկել է կատարւածից, թէ ոչ, փոխարէնը գիտութիւնը Բաղեանից ստացել է արժէքաւոր աշխատանքներ, որոնցում ներկայացւել են տիեզերական հիւանդութեան պատճառները, շարժման տիեզերական հիւանդութիւնը, թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմում առաջացող փոփոխութիւնները, ներկայացւել են բժշկական կենսաբանութեան հարցերը, տիեզերական ճառագայթման ազդեցութիւնը։ Նրա գիտական փորձարկումների մեծ մասը հիմնւել են հայ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակեանի հետազօտութիւնների վրայ։

Հետագայում Ջէյմզ Բաղեանն ակտիւ մասնակցութիւն է ունեցել բժշկական նախագծերին ու ծրագրերին, ղեկավար պաշտօններ զբաղեցրել ԱՄՆ-ի առողջապահութեան ազգային ծառայութիւնում, շրջակայ միջավայրի պահպանութեան գործակալութիւնում։ Աստղագնացի փորձն ու գիտական ներուժն օգտագործւել են 1991 թւականի յունիսի 5-ին։ Այս անգամ Բաղեանը տիեզերք է հասել «Կոլումբիա»-ով եւ ուղեծրում անցկացրել 9 օր` 146 պտոյտ իրագործելով հարազատ մոլորակի շուրջ։ Տիեզերական թռիչքների կենտրոնը, բարձր գնահատելով Բաղեանի աւանդը, նրան պարգեւատրել է մեդալով, յատուկ պարգեւներ է ստացել նաեւ ՆԱՍԱ-ից։

Ինչպէս առաջին, այնպէս էլ երկրորդ թռիչքը շատ կարեւոր էր աստղագնաց ու գիտնական Ջէյմզ Բաղեանի համար։ Ճիշտ է` նա այլեւս տիեզերք չհասաւ, բայց տիեզերագնացութեան ոլորտի ուսումնասիրութիւններից չհրաժարւեց։ Նա շարունակեց աշխատել տիեզերական կենտրոնում, իսկ վերջին տարիներին ղեկավարում է Միչիգանի համալսարանի անեսթեզիոլոգիայի դեպարտամենտի առողջութեան կենտրոնը։

Ի դէպ, Բաղեանի տիեզերական առաջին թռիչքը ծրագրւած էր 1985 թւականին, բայց այդ ժամանակ նա չընդգրկւեց վերջնական ցուցակում եւ ողջ մնաց. «Չելենջերը» միլիոնաւոր հանդիսատեսի աչքի առաջ պայթեց թռիչքի 73-րդ վայրկեանում։ Այսօր 65-ամեայ Բաղեանն այլեւս ՆԱՍԱ-ի աստղագնացների ցանկում չէ, բայց ակտիւ կենսակերպը փոխելու մտադրութիւն չունի։ Զբաղւում է լեռնագնացութեամբ, թենիս է խաղում, լողում է ու թռիչքներ կատարում սպորտային ինքնաթիռներով։ Բացի այդ, նա մի արտասովոր նախասիրութիւն ունի. ազատ ժամանակ հին մեքենաներ է նորոգում։

Իհարկէ, այսպիսի մարդու մասին նաեւ լեգենդներ են հիւսում, եւ անհասկանալի է, թէ որտեղից են ծնւում դրանք։ Շատերն, օրինակ, պատմում են, որ 1989 թւականի թռիչքի ժամանակ Բաղեանը Հայաստանի վրայով անցնելիս իբր մայրենի լեզւով դիմել է հայ ժողովրդին եւ բարգաւաճման ու խաղաղութեան մաղթանքներ յղել։ Ջէյմզը երեւի յոգնել է այս առասպելը հերքելուց եւ նշել, որ եթէ այդ գաղափարն աւելի շուտ մատուցւէր, ինքն անպայման հէնց այդպէս էլ կը վարւէր։

Իսկ հայերէնը նա յիշում է, ինչպէ՞ս չյիշի, եթէ մանկութեան ու պատանեկութեան տարիներին ազատ օրերն անցկացնում էր Նազարէթ պապի հետ, որը խստօրէն հետեւում էր, որ տանը բացառապէս հայերէն հնչի։ Ջէյմզի հայրն էլ էր նախընտրում հայերէն շփումը, եւ այդ պատճառով էր, որ Ջէյմզը անգլերէն հասկացել է, բայց խօսել է սկսել միայն վեց տարեկանից, երբ շփւել է հասակակիցների հետ։

Հարցազրոյցներից մէկում ասել է, որ հաճելի է տիեզերք մեկնած առաջին հայը լինելու զգացողութիւնը, թէեւ վստահ չէ, որ այդ փաստը բացառիկութեան որեւէ իրաւունք է տալիս։

«Իմ նախնիներն այս երկիր են եկել, մենք ծնւել ենք այստեղ, իսկ հայկական ծագման կայունութիւնն անչափ դրական ուժ է»,- ասել է աստղագնացն ու հաւանաբար գնացել ժայռեր մագլցելու կամ աւտոտնակ` հերթական հին աւտոմեքենան խելքի բերելու համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։