Հա
Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 09:10

ԱՄՆ-ում հայերի անհաւանական յաջողութեան պատմութիւնը. Ինչպէս է մածունը գրաւել Ամերիկան

Այսօր Ամերիկայի միջին վիճակագրական բնակիչը տարեկան մօտ 7 կգ. եոգուրտ է ուտում, սակայն քչերը գիտեն այն մասին, որ Միացեալ Նահանգներում եոգուրտ առաջինը սկսել է արտադրել հայ ամուսինների զոյգը:

Սարգիս Կոլոմբոսեանն ու Ռոզա Կրիկորեան-Կոլոմբոսեանը` «Colombo» յայտնի եոգուրտի հեղինակները, առաջիններից էին, որոնց յաջողւեց լիարժէք կեանքի կոչել ամերիկեան երազանքը եւ զարմանալի յաջողութեան պատմութիւն ստեղծել:

«alikonline.ir» - Այսօր Ամերիկայի միջին վիճակագրական բնակիչը տարեկան մօտ 7 կգ. եոգուրտ է ուտում, սակայն քչերը գիտեն այն մասին, որ Միացեալ Նահանգներում եոգուրտ առաջինը սկսել է արտադրել հայ ամուսինների զոյգը:

Սարգիս Կոլոմբոսեանն ու Ռոզա Կրիկորեան-Կոլոմբոսեանը` «Colombo» յայտնի եոգուրտի հեղինակները, առաջիններից էին, որոնց յաջողւեց լիարժէք կեանքի կոչել ամերիկեան երազանքը եւ զարմանալի յաջողութեան պատմութիւն ստեղծել: «Sputnik» Արմենիան բացառիկ հարցազրոյց է ներկայացնում Սարգսի եւ Ռոզայի որդի Ռոբերտ (Բոբ) Կոլոմբոսեանի հետ, որին վիճակւած էր դառնալ ընտանեկան բիզնեսի ժառանգորդը: Զրուցել է Լիլիթ Յարութիւնեանը:

Արեւմտեան Հայաստանից Ամերիկա գաղթած Սարգիս Կոլոմբոսեանն ու Ռոզա Կրիկորեանը 1900-ականների սկզբին ծանօթացան Մասաչուսեթսում եւ որոշեցին ամուսնանալ: Սարգիսը միրգ ու բանջարեղէն էր վաճառում, իսկ նրա կինն աշխատում էր բրդի արտադրութեան գործարանում: Երբ ընտանիքում 4 երեխայ յայտնւեց, Ռոզան որոշեց օգնել ամուսնուն, հին հայկական բաղադրատոմսով նա սկսեց եոգուրտներ պատրաստել, որոնք քիչ աւելի ուշ ստացան «Colombo» անւանումը:

Շուտով նոր արտադրանքը, որը յայտնի էր միայն Արեւելքից գաղթածներին, մեծ պահանջարկ սկսեց վայելել շրջակայքում: Կամաց-կամաց բիզնեսը սկսեց զարգանալ, գործին միացան նաեւ երեխաները: Այդպէս անցեալ դարի 30-ականների վերջին Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հիմնադրւեց «Colombo & Sons Creamery» ընկերութիւնը:

1960 թւականին ձեռնարկութեան վաճառքը կտրուկ աճեց, երբ հեղինակաւոր ամերիկեան պարբերականներից մէկում յօդւած յայտնւեց եոգուրտի օգտակար յատկութիւնների մասին: Մօտ տասը տարի անց Բոբ Կոլոմբսոեանը գլխաւորեց ընկերութեան նախագահի պաշտօնը եւ կառավարում էր բիզնեսը եղբօր` Ջոնի հետ: Արդէն 1975 թւականին «Colombo»-ն ԱՄՆ-ի ամենավաճառւող եոգուրտը դարձաւ:

1993 թւականին ապրանքանիշը գնեց «General Mills» ընկերութիւնը, իսկ 2010 թւականին ընկերութիւնը դադարեցրեց «Colombo»-ի արտադրութիւնը՝ կենտրոնանալով իր «Yoplait» ապրանքի վրայ: Բոբ Կոլոմբոսեանը, որն այդ ժամանակ 84 տարեկան էր, ընկերութեան որոշումը հետեւեալ կերպ մեկնաբանեց. «ԱՄՆ-ի հնագոյն ապրանքանիշից հրաժարւելն ամենավատ բանն էր, ինչ կարող էր անել ընկերութիւնը»:

 

- Արեւմտեան Հայաստանի ո՞ր քաղաքից են ձեր ծնողները ԱՄՆ տեղափոխւել:

- Հայրս Չնկուշ գիւղից է (ժամանակակից Դիարբեքիրի շրջան - խմբ.), մայրս` Քիլիսից: Սարգիսը Չիկագո է տեղափոխւել 1910 թւականին՝ օգնելու համար եղբօրը, որն այն ժամանակ հոթ-դոգ էր վաճառում: Ռոզան Ամերիկա էր տեղափոխւել 1922 թւականին երկու եղբայրների, քրոջ եւ նրա ամուսնու հետ, ընդ որում՝ նրանք որոշակի ժամանակ Մարսէլում մնացին: Արդիւնքում նա բնակութիւն հաստատեց Մասաչուսեթս նահանգի Լորենս քաղաքում, որտեղ աշխատում էր գործարանում: Հէնց այդտեղ էլ նա հանդիպեց իր ապագայ ամուսնուն:

 

- Արդեօ՞ք հայկական մածուն համտեսել էք:

- Իհարկէ, ես կերել եմ մածուն: Դրա պատրաստման տեխնոլոգիան մայրս «բերել էր» Հայաստանից, եւ հէնց դա էլ ընկած էր մեր արտադրանքի հիմքում:

 

- Ձեր ընտանիքը երբեւէ չի զղջացե՞լ է, որ վաճառեց ապրանքանիշը «General Mills» ընկերութեանը:

- Զղջացել է, քանի որ մի քանի տարի առաջ նրանք արտադրութիւնից հանեցին «Colombo»-ն եւ իրենց ուշադրութիւնը կենտրոնացրեցին «Yoplait»-ի վրայ, այն դէպքում, երբ «Colombo»-ն ԱՄՆ-ում 75 տարւայ ընթացքում առաջատար բրենդ էր համարւում:

 

- Ձեր արտադրանքին նւիրւած յօդւածների տակ ընթերցողները յաճախ են մեկնաբանութիւններ թողնում, որոնց իմաստն այն է, թէ «Colombo»-ն լաւագոյնն է եղել: Դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որեւէ մէկը մտածե՞լ է վերսկսել հին բաղադրատոմսով եոգուրտի արտադրութիւնը:

- Այո: Ըստ էութեան, ես դեռ պատրաստում եմ այն հին արտադրանքը, որը մայրս էր պատրաստում հեռաւոր 30-ականներին, եւ բաժանում եմ այն ընտանիքի անդամներին ու ընկերներին:

Այսօր ես 92 տարեկան եմ: Եթէ ես գոնէ 10 տարով երիտասարդ լինէի, անպայման արտադրանքը շուկայ կը վերադարձնէի:

Մեր ընտանիքի անդամներից շատերը հետաքրքրութիւն են ցուցաբերում այս թեմայի վերաբերեալ, բայց այդ հետաքրքրութիւնը բաւական համեստ է: Այսօր շուկայում մրցակցութիւնը մեծ է, յունական եոգուրտների մեծ տեսականի կայ, սակայն «Colombo», անկասկած, լաւագոյնն էր:

 

-Եղե՞լ էք Հայաստանում:

- Հայաստանում երբեք չեմ եղել: Պատմական հայրենիք յաճախ ծնողներս էին մեկնում: Բացի այդ, զարմիկս է իր ընտանիքով Հայաստան այցելել, եւ ես համոզւած եմ, որ իմ 4 դուստրերը եւ նրանց երեխաները մի օր կը լինեն հայրենիքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։