Հա
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 08:30

«Միլիոն արժեցող գաղտնիքը». ինչպէս է «ВВС»-ի յայտնի հաղորդավարն իմացել հայկական արմատների մասին

Յայտնի անգլիացի հեռուստահաղորդավար Դէյւիդ Դիկինսոնի պատմութիւնը ժամանակին պարզապէս ցնցեց «BBC» հեղինակաւոր հեռուստաալիքի լսարանին` հազարաւոր մարդկանց ստիպելով արտասւել: Մանուկ հասակում Դէււիդը յանկարծակի իմանում է, որ հայկական արմատներ ունի, իսկ արդէն հասուն տարիքում մեկնում Կոստանդնուպոլիս, որտեղից սերում էին նրա նախնիները...

«alikonline.ir» - Յայտնի անգլիացի հեռուստահաղորդավար Դէյւիդ Դիկինսոնի պատմութիւնը ժամանակին պարզապէս ցնցեց «BBC» հեղինակաւոր հեռուստաալիքի լսարանին` հազարաւոր մարդկանց ստիպելով արտասւել: Մանուկ հասակում Դէււիդը յանկարծակի իմանում է, որ հայկական արմատներ ունի, իսկ արդէն հասուն տարիքում մեկնում Կոստանդնուպոլիս, որտեղից սերում էին նրա նախնիները... Գրում է «armeniasputnik.am»-ը:

Դէյւիդ Դիկինսոնը (Գիւլասարեան) յայտնի անգլիացի գործարար է, զբաղւում է հնաոճ իրերով, «BBC» հեռուստաալիքի ամենայայտնի հաղորդավարներից մէկն է, նա մի քանի տարի շարունակ երեկոյեան «փրայմ թայմ» ժամերին վարում էր «Bargain Hunt» շոուն: 2006 թւականից տեղափոխւել է «ITV», որտեղ այժմ «David Dickinson's Name Your Price for ITV» սեփական շոուն է վարում:

2006 թւականի հոկտեմբերին «BBC» հեռուստաալիքով եթեր հեռարձակւեց «Who Do You Think You Are» վաւերագրական հաղորդաշարի երրորդ շարքը (հաղորդման հերոսները ուսումնասիրում են իրենց տոհմածառը), որի շրջանակներում Դեւիդ Դիկինսոնը մեկնեց նախնիների պատմական հայրենիք` Թուրքիա, իրենց ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելու համար:

Ինչպէս խոստովանում է հեռուստահաղորդավարը` իր մասնակցութեամբ «Who Do You Think You Are» հաղորդաշարը դարձաւ ամենավարկանիշայինը: Իսկ Դիկինսոնի ինքնակենսագրական գիրքը, որտեղ նա անկեղծ եւ հումորով պատմում է, թէ ինչպէս դարձաւ Մանչեսթերի աշխատաւոր դասի ներկայացուցիչ, մեծ տարածում գտաւ, դարձաւ ամենավաճառւողներից մէկը:

 

Ճակատագրական բացայայտում

Դէյւիդը լոյս աշխարհ է եկել 1941 թւականին: Նա դաստիարակւում ու մեծանում էր Չեշիրի կոմսութիւնում (Մանչեսթերից քիչ հեռու), Ջիմ եւ Ջոյս Դիկինսոնների ընտանիքում, որում, ինչպէս ինքն էր ենթադրում մինչեւ իր կեանքի որոշակի ժամանակահատւածը, նաեւ ծնւել էր: Անկախ դրանից, տղան միշտ զգացել էր, որ մի փոքր տարբերւում է իրեն շրջապատող մարդկանցից՝ ինչպէս իր ընտանիքի անդամներից, այնպէս էլ հասակակից ընկերներից: Ինչեւէ, Դիկինսոնների ընտանիքում նա շրջապատւած էր սիրով եւ հոգատարութեամբ: Յատկապէս մտերիմ էր տատի հետ, որին նա «դայակ» էր անւանում, եւ հօրաքոյր Էթելի:

11 տարեկանում տղան յանկարծակի փաստաթղթեր է գտնում, որոնք վկայում են այն մասին, որ իրեն որդեգրել են: Դէյւիդի խօսքով` նրա համար դա շոկ չէր, հակառակը նա նոյնիսկ ուրախ էր դէպքերի նման զարգացման համար: Սակայն այսպէս, թէ այնպէս, մեծահասակներին նա մի շարք հարցեր ունէր… Հայկական արմատների եւ մօր` Եւգենիա (Ջենի) Գիւլասարեանի մասին նրան պատմեց հօրաքոյր Էթելը:

30 տարեկանում Դէյւիդը գտնում է իր կենսաբանական մօրը, ով այդ ժամանակ Ջերսիում էր ապրում, եւ սկսում է նամակագրութիւն պահել նրա հետ: Ժամանակի ընթացքում պարզւում է, որ նա Ջենիի եւ մի ամուսնացած տղամարդու անօրինական զաւակն է: Հօր խիստ բնաւորութեան եւ այն ժամանակւայ բարքերի նկատմամբ ունեցած վախը ստիպել էին աղջկան հրաժարւել իր երեխայից եւ որդեգրման տալ Դիկինսոնների ընտանիքին (Ջոյսն, ամենայն հաւանականութեամբ, Եւգենիայի վարսայարդարն էր): Որոշ ժամանակ անց Ջենին ամուսնանում է Բերտ անունով մի տղայի հետ եւ մեկնում Ջերսի: Զոյգը որոշում է մոռանալ Դէյւիդի գոյութեան մասին: Շուտով նրանք որդի են ունենում, որին անւանում են Քէն:

Երկար տարիներ Դէյւիդն ու Ջենին շարունակում են նամակագրւել, սակայն նրանց այդպէս էլ բախտ չի վիճակւում հանդիպել եւ տեսնել միմեանց: Որդու առաջարկը՝ գալ եւ տեսնել մօրը, Եւգենիան միշտ մերժում էր:

«Ջերսիում լինելով՝ ես պարզապէս կարող էի յայտնւել նրա տան շեմին, բացել դուռը… Սակայն, երբ ասացի նրան այդ մասին հեռախօսով, նրա ձայնը դողաց. նա շատ վախեցած եւ յուզւած էր: Այդ ժամանակ ես մտածեցի. «Արդեօք արժէ՞ նման բան անել: Արժէ՞ արդեօք ներխուժել այդ կնոջ կեանքն ու այն տակնուվրայ անել»… Նա ասաց, որ ամուսինը բարդ բնաւորութիւն ունի: Միեւնոյն ժամանակ, ես կարծում եմ, որ նրան դժւար էր նայել սեփական երեխայի աչքերին, որին նա ժամանակին թողել է: Եւ ես յարգում եմ նրա դիրքորոշումը»,- ասել է «Who Do You Think You Are» հաղորդման հերոսը:

Ինչ վերաբերում է Դէյւիդի կենսաբանական հօրը, նրա ինքնութիւնն այդպէս էլ անյայտ է մնում:

 

Արիւնակցական կապերին առնչւող հարցերն ամենադժւարն են աշխարհում

14 տարեկանում Էթել հօրաքոյրը տղային ուղարկում է գործարան՝ ինժեներական գործը սովորելու, սակայն, կէս տարի անց, նա թողնում է աշխատանքն ու զբաղւում տեքստիլի առեւտրով: Շատ աւելի ուշ Դէյւիդն իմանում է, որ իր մօրական կողմի պապը` Հրանտ Գիւլասարեանը, նոյնպէս տեքստիլ էր վաճառում եւ այնքան յաջողակ էր իր գործում, որ 20 տարեկանում միլիոնատէր էր դարձել:

Իսկապէս, Մանչեսթերում հաստատւելով՝ 1900-ականների սկզբին Գիւլասարեանը դարձաւ այն ժամանակւայ զարգացող հայ համայնքի մի մասը, որի ներկայացուցիչները Օսմանեան կայսրութիւնից փախել էին Մեծ Բրիտանիա` փրկւելով Ցեղասպանութիւնից:

«Ի զարմանս ինձ, ես յայտնաբերեցի, որ պապս մետաքս է վաճառել: Նա Կոստանդնուպոլսից Անգլիա էր տեղափոխւել 1910 թւականին: Հրանտը գործւածքեղէն էր վաճառումլ այն նոյն փողոցի վրայ, որտեղ ես էի վաճառում: Ինչպէս դա անւանել, եթէ ոչ գէնետիկայի առանձնայատկութիւններ: Հէնց իմ հայ պապին եմ ես վերագրում առեւտրի նկատմամբ ունեցած կիրքը»,- խոստովանում է Դեւիդը:

Մանչեսթերի հայկական եկեղեցում, որտեղ ամուսնացել էր Հրանտ Գիւլասարեանը, Դիկինսոնն իմանում է, որ իր պապն ամուսնացած է եղել Մարիա-Ադելաիդա անունով աղջկայ հետ, որից 12 տարով մեծ էր: Ամուսինները երեք երեխայ էին լոյս աշխարհ բերել՝ Եւգենիա, Մարի եւ Ջէք: Սակայն կնոջ անհաւատարմութեան պատճառով զոյգն ամուսնալուծւել է: Արդար, սակայն խիստ Հրանտը (այսպէս էր նկարագրում հօրը դուստրը` Մարին) չէր կարող հանդուրժէր կնոջ նման պահւածքը: Երեխաների էլ անձամբ էր դաստիարակել…

Մանչեսթերի տեքստիլ արդիւնաբերութեան մէջ տեղի ունեցած անկման հետ մէկտեղ, վատանում են նաեւ Հրանտի գործերը: Կեանքի վերջին տարիները նա անցկացնում է «Բլեքփուլ» հիւրանոցի համարում եւ մահանում միայնութեան մէջ…

Մօր եւ պապի կեանքի, ինչպէս նաեւ իր արմատների մասին հնարաւորինս շատ տեղեկութիւն իմանալու ցանկութիւնը հետագայում Դիկինսոնին բերում է հեռաւոր Ստամբուլ: Թուրքիայի մայրաքաղաքում հայ պատմաբանի հետ միասին նրանք գտնում են Դէււիդի նախնիների տունը, որը հարեւանների վկայութեամբ, արդէն երկար ժամանակ էր ինչ դատարկ էր, այնտեղ մարդ չի ապրում: Սակայն Դէււիդին չի յաջողւում ներս մտնել:

Իրենց տոհմածառն ուսումնասիրելով` բրիտանացի հեռուստահաղորդավարը հասկանում է, որ կորցրած ազգականների բոլոր հետքերն անհետանում են 1919 թւականից յետոյ: Այդ ժամանակ նա յայտարարութիւն է տալիս Թուրքիայի ամենայայտնի հայալեզու «Ակօս» թերթում: Մի քանի օր անց թերթի խմբագրութիւն Խաչիկ Գիւլասար անունով մի մարդ է զանգահարում. պարզւում է, որ նա Դիկինսոնի զարմիկն է (1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ ընտանիքը որոշել է փոխել Գիւլասարեան ազգանունը` Գիւլասարի): Երրորդ պորտի եղբայրների հանդիպումը շատ ոգեւորում եւ ուրախացնում է երկուսին էլ: Այդպիսով, շրջանը փակւում է: Դէյւիդը տուն է վերադառնում քիչ թէ շատ բաւարարւած: Թէեւ բոլոր հարցերի պատասխանն այդպէս էլ չի յաջողւում ստանալ, խճանկարն, այնուամենայնիւ, հաւաքւած է: Այժմ նա գիտի, թէ ով է, ինչ ազգի ներկայացուցիչ է եւ ինչպէս է նրա մէջ համադրւել արեւմտեանն ու արեւելեանը:

Բրիտանացի հնաոճ իրեր վաճառող գործարարի պատմութիւնն, իսկապէս, ցնցող է, եւ, հաւանաբար, այդ պատմութեան ամենահետաքրքիր պահն այն է, որ իր ազգականներից ամէնից շատ ժառնգել է պապի եւ մօր հայ գէները: Առաջին անգամ տեսնելով Դէյւիդին (Եւգենիայի մահից յետոյ), նրա խորթ եղբայր Քէնը ապշած էր՝ եղբայրը շատ նման էր մօրը:

Ի դէպ, թուխ մաշկ ունենալու պատճառով հեռուստադիտողները Դիկինսոնին մեղադրում էին արհեստական արեւայրուք ունենալու համար տարբեր քսուկների օգտագործման մէջ: Սակայն հայկական գէներն արտացոլւել են ոչ միայն նրա արտաքինի, այլեւ բնաւորութեան եւ աշխարհընկալման մէջ:

«Ես այդքան էլ Դիկինսոն չեմ, ես հէնց Գիւլասարեան եմ: 11 տարեկանից ընկած եմ այդ ազգանւան հետեւից… Իմ մէջ շատ հայական բան կայ…»,- խոստովանել է Դէյւիդը: Հաւանաբար, պապը` Հրանտ Գիւլասարեանը, որը, ինչպէս յայտնել էր մօրաքոյր Մարին, այդպէս էլ չիմացաւ նրա գոյութեան մասին, ոչ միայն կը հպարտանար թոռնիկով, այլեւ կընկերանար նրա հետ, չէ՞ որ նրանք այդքան ընդհանրութիւններ ունէին…

Յարակից Հրապարակումներ

  • Հայկական արմատներ ունեցող արքայազնը «փտելու» է հինգ աստղանի հիւրանոցում
    Հայկական արմատներ ունեցող արքայազնը «փտելու» է հինգ աստղանի հիւրանոցում

    Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկի՝ միլիարդատէր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը չի համաձայնել գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ։

    «Ritz Carlton» շքեղ հիւրանոցի բանտարկեալ, արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը հրաժարւել է գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ:

  • «Forbes Woman»-ի անդրադարձը. Դիզայներ Ջորջիո Արմանին ծնւել է Ցեղասպանութունից մազապուրծների ընտանիքում
    «Forbes Woman»-ի անդրադարձը. Դիզայներ Ջորջիո Արմանին ծնւել է Ցեղասպանութունից մազապուրծների ընտանիքում

    «Forbes Woman» ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ «Giorgio Armani» իտալական նորաձեւութեան տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրաւ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին: 

  • Ամերիկայում Աւստրալիայի նոր դեսպանը՝ հայկական արմատներ ունի
    Ամերիկայում Աւստրալիայի նոր դեսպանը՝ հայկական արմատներ ունի

    Ուրբաթ, յունւարի 29-ին, Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային իր հաւատարմագրերը յանձնեց Աւստրալիայի նորանշանակ դեսպան Ժոզէֆ Հոքին:
    Նորանշանակ դեսպանի հայրը պաղեստինահայ է, իսկ մայրը՝ աւստրալացի: Հոքիի հօր իսկական մականունը Հոքիդոնեան է եղել։ Նա այն փոխել է 1948-ին՝ Աւստրալիա ժամանելուց յետոյ:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին

    Կան հայեր, ովքեր ապրելով օտար երկրներում, կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի վարկանիշի եւ առհասարակ Հայաստանի զարգացման եւ բարգաւաճման գործում: Յաճախ նրանց անուններն այդպէս էլ անյայտ են մնում: Ոմանց մասին էլ բարեբախտաբար իմանում ենք: Նրանցից մէկն էլ Վալենտինա Կարախանեանն է՝ Վատիկանի արխիւի հետազօտողներից մէկը, ով ամուսնու՝ Լորենցօ Նատալէի հետ այցելեց Արցախ:

  • BBC-ն յատուկ յօդւած է պատրաստել Հայաստանի մասին
    BBC-ն յատուկ յօդւած է պատրաստել Հայաստանի մասին

    Անգլիական յայտնի BBC լրատւականը յատուկ յօդւած է պատրաստել Հայաստանի եւ համաշխարհային հասարակութիւնում Հայաստանի տեղի մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, BBC-ի թղթակիցը նախ շրջել է Լոնդոնի փողոցներով՝ փորձելով անցորդներից ճշտել, թէ ինչ գիտեն նրանք Հայաստանի վերաբերեալ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։