Հա
Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 11:00

Թրամփը «նեղում» է Երուսաղէմի հայերին. համայնքը տուժում է բախումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղէմի վերաբերեալ, որը բախումների ալիք է առաջացրել, վնասել է նաեւ «Սրբազան երկրում» բնակւող հայերին։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղէմի վերաբերեալ, որը բախումների ալիք է առաջացրել, վնասել է նաեւ «Սրբազան երկրում» բնակւող հայերին։

Հայկական թաղամասը եւ այնտեղ բնակւող հայերը չեն տուժել բախումների հետեւանքով։ Այսօր Երուսաղէմում հանգիստ եւ խաղաղ է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել, կարող է բացասաբար անդրադառնալ նրանց բարեկեցութեան վրայ: «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Երուսաղէմի հայ պատրիարքարանի վարդապետ Կորիւն Բաղդասարեանը։

Թրամփի կողմից Երուսաղէմն Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելն իրարանցում է առաջացրել համաշխարհային հանրութեան մէջ։ Ամերիկայի առաջնորդը նաեւ փաստաթուղթ է ստորագրել ամերիկեան դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ տեղափոխելու մասին։
«Երուսաղէմում եւ հայկական թաղամասում ամէն ինչ հանգիստ է, խաղաղ։ Թրամփի յայտարարութիւնից յետոյ սկսած բախումները շրջանցել են հայկական թաղամասը։ Այդ առումով հայ համայնքն անվտանգութեան մէջ է»,- ասաց Բաղդասարեանը։

Նրա խօսքով` բախումները հիմնականում տեղի են ունեցել Պաղեստինում, Բեթղեհէմում, Արեւելեան Երուսաղէմում, Դամասկոսի դարպասների մօտ։ Սակայն եթէ ընդհարումները շարունակւեն, ապա դա կը հարւածի տեղի հայերի գրպանին։

«Սուրբ ծննդի տօնին մենք սպասում էինք բազմաթիւ հայ ուխտագնացների, այս տարի տօնը, ամենայն հաւանականութեամբ, կը նշենք առանց նրանց։ Եթէ բախումները շարունակւեն, հայ ուխտագնացները, անվտանգութեան նկատառումներից ելնելով, չեն գայ»,- ասաց Բաղդասարեանը։

Դա, ընդհանուր առմամբ կազդի նաեւ զբօսաշրջիկների հոսքի վրայ, ինչն իր հերթին կը վնասի տնտեսութեանը։ Տեղի հայերը հիմնականում զբաղւում են առեւտրով եւ հիւրանոցային բիզնեսով, զբօսաշրջիկների թւի նւազումն առաջին հերթին կազդի նրանց վրայ, կարծում է Բաղդասարեանը։

Երուսաղէմի հայ պատրիարքութիւնը յոյս ունի, որ իրավիճակը շուտով կը փոխւի, եւ բախումները, որոնք համայնքի համար յղի են բացասական հետեւանքներով, չեն կրկնւի։

Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղէմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկեանը 13 պատրիարքների եւ Երուսաղէմի եկեղեցիների ղեկավարների հետ միասին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ քաղաքի կարգավիճակի փոփոխութիւնը կը հանգեցնի անդառնալի հետեւանքների։

«Մենք համոզւած ենք, որ նման քայլը կը հանգեցնի ատելութեան, հակամարտութեան եւ տառապանքների Երուսաղեմում եւ Սուրբ հողում»,- գրել են հոգեւորականները։

Իսրայէլում բնակւում է աշխարհի ամենաակտիւ հայ համայնքներից մէկը։ Երուսաղէմի հին հատւածը հայ քրիստոնեաները կիսում են հրեաների, մահմեդականների եւ այլ քրիստոնեաների հետ։ Նրանց համար գոյութիւն ունի երկու հայրենիք` պատմական եւ հոգեւոր` Երուսաղէմը։ Հայերը եւ հայկական հետքը Հին քաղաքին հաղորդում են այն կոլորիտը, որը հարիւրաւոր հաւատացեալներ է ձգում ամբողջ աշխարհից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։