Հա
19/12/2017 - 12:10

Թուրքիան հայոց եկեղեցուց վրէժ է լուծում. հայերը մնացել են առանց առաջնորդի

Թուրքիայի կառավարութիւնն անտարբերութեան է մատնում Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութեան հարցը:

«alikonline.ir» - Թուրքիայի կառավարութիւնն անտարբերութեան է մատնում Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութեան հարցը։ «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ այդ երկրի իշխանութիւններին ուղղւած հայ համայնքի նամակներն անպատասխան են մնում։

«Պարզ չէ, թէ որքան երկար կարող է ձգւել այս վիճակը։ Հնարաւոր է նոյնիսկ տարիներ, քանի որ ոչ մի պաշտօնական պատճառաբանութիւն կամ մեկնաբանութիւն չի տրւում, յայտնի չէ, թէ մենք քանի տարի կարող ենք անյոյս սպասել»,- ասաց Էստուկեանը։

Խմբագրի խօսքով՝ առանց Թուրքիայի կառավարութեան թոյլտւութեան հայ հոգեւոր համայնքն այդ երկրում առաջնորդի ընտրութիւններ անցկացնելու իրաւունք չունի։

«Պատրիարքարանն անճարութեան է մատնւած, քանի որ այս պայմաններում ոչ մի բան անել չի կարող»,- ասաց Էստուկեանը։

Միակ անելիքը կառավարութեանը յղւած նամակներն են, որոնք արդէն մի քանի ամիս է` անպատասխան են մնում։

Էստուկեանը Թուրքիայի իշխանութեան պահւածքում ոչ թէ պատահականութիւն, այլ դիտաւորութիւն է տեսնում։ Նրա համոզմամբ, նպատակը Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչեանի հրաժարականին հասնելն է։

«Թուրքիայի կառավարութեան նախընտրելի փոխանորդը իրենց կողմից նշանակւած Արամ սրբազանն էր (Արամ արք. Աթեշեան-ԽՄԲ.)։ Հետեւաբար նրանք ցանկանում էին, որ Արամ Աթեշեանը մնար, եւ ոչ մի ընտրութիւն էլ չկազմակերպւէր։ Բայց կրօնական ժողովի որոշումը Թուրքիայի իշխանութիւնների այդ որոշմանը դէմ գնաց` Բեքչեան սրբազանին տեղապահ նշանակելով»,- ասաց Էստուկեանը։

Նրա բնորոշմամբ, Պոլսոյ հայ հոգեւոր համայնքն այժմ անորոշութեան, անհաղորդութեան մէջ է, եւ չի բացառում, որ Թուրքիայի կառավարութիւնն այսպիսով վրէժ է լուծում իրեն չենթարկւելու համար։

Յիշեցնենք, որ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆեանն առողջական խնդիրների պատճառով արդէն շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականութիւնները: Դրանք ժամանակաւորապէս իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշեանը։

Սակայն 2017 թւականի մարտի 15-ին անցկացւեց պատրիարքական տեղապահի ընտրութիւն, որի արդիւնքում տեղապահի պաշտօնում ընտրւեց Գարեգին արք.Բեքչեանը, ինչից յետոյ Արամ արքեպիսկոպոսը ստիպւած հրաժարական տւեց։

Այդ ժամանակվանից սկսած` Պոլսոյ պատրիարքարանը պարբերաբար դիմում-նամակներ է ներկայացնում Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւն` պատրիարքի նոր ընտրութիւններ նշանակելու համար։

Ի սկզբանէ Հայոց եկեղեցին Թուրքիայի իշխանութիւններին երկու փուլով ընտրութեան օրեր էր առաջարկել դեկտեմբերի 10-ն ու 13-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։