Հա
09/01/2018 - 08:20

Ուրուգւայի Մալդոնադօ քաղաքում «Հայաստանի Հանրապետութեան» հրապարակ է բացւել

Ուրուգւայի Պունտա դէլ Էստէ նահանգի Մալդոնադօ քաղաքում բացւել է Հայաստանի Հանրապետութեան հրապարակ, որտեղ տեղադրւել է Իջեւանից քանդակագործ Գոռ Դաւթեան հայ կնոջ կերպարով քանդակը:

«alikonline.ir» - Ուրուգւայի Պունտա դէլ Էստէ նահանգի Մալդոնադօ քաղաքում բացւել է Հայաստանի Հանրապետութեան հրապարակ, որտեղ տեղադրւել է Իջեւանից քանդակագործ Գոռ Դաւթեան հայ կնոջ կերպարով քանդակը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Armenia»-ն, Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգւայում Հայաստանի դեսպանութիւնը եւ Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկայ են եղել Ուրուգւայի զբօսաշրջութեան նախարար Լիլիամ Քեչիչեանը, Պունտա դէլ Էստէի նահանգապետ Անդրէս Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրէս Անտիա Բերհենսը, Ուրուգւայում Հայաստանի դեսպան Էսթէր Մկրտումեանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգւայի թեմի առաջնորդ Յակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը, Ուրուգւայի հայ ազգային կոմիտէի ներկայացուցիչներ:

«Հայ համայնքն առանձնանում է բազմաթիւ մարդկանցով ու թիմային աշխատանքով: Բազմաթիւ տարիներ մենք աշխատել ենք գեղեցիկ Պունտա դէլ Էստէում այս տեղի համար, որին, կարծում եմ, մենք արժանի ենք: Մեր համայնքը վայելում է բոլոր ուրուգւայցիների համակրանքը՝ որպէս ուժեղ, աշխատասէր համայնք, որը պահպանում է իր աւանդոյթները»,- նշել է Լիլիամ Քեչիչեանը:

Միջոցառումը կազմակերպւել է Հայաստանի Հանրապետութեան եւ Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի միջոցառումների շրջանակներում: Միջոցառման ժամանակ Պունտա դէլ Էստէն եւ Իջեւանը հռչակւել են քոյր քաղաքներ:

«Հայաստանի եւ Ուրուգւայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25 տարիների ընթացքում երկու ժողովուրդների աւանդական համակրանքը վերածւել է բարեկամութեան եւ երկկողմ համագործակցութեան՝ յանուն ազգերի մէջ խաղաղութեան եւ ներդաշնակութեան»,- նշել է Ուրուգւայում Հայաստանի դեսպան Էսթէր Մկրտումեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։