Հա
Երկուշաբթի, 22 Յունւարի 2018 11:30

Կէս միլիոն հայ ներկայացւած ամենատարբեր ոլորտներում. Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման գործում

Ֆրանսիայում ներկայում ապրում է մօտ 500 հազար հայ: Նրանք բնակւում են Ֆրանսիայի գրեթէ ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսէլ, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայէլ, Լա Սիոտա եւ այլ քաղաքներում: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը, եթէ նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակւում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

«alikonline.ir» - Ֆրանսիայում ներկայում ապրում է մօտ 500 հազար հայ: Նրանք բնակւում են Ֆրանսիայի գրեթէ ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսէլ, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայէլ, Լա Սիոտա եւ այլ քաղաքներում: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը, եթէ նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակւում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

«Ֆրանսիայի հայ համայնքը բաւական ակտիւ է: Նախ գործում են բազմաթիւ հայկական կազմակերպութիւններ, մշակութային, երիտասարդական միութիւններ, հիմնադրամներ: Հայերը ներգրաււած են ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականութիւն, տնտեսութիւն, գիտութիւն, կրթութիւն, մշակոյթ եւ այլն»,- ասաց Յարութ Մարտիրոսեանը:

Ֆրանսիայում հայերի մասին առաջին յիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Ֆրանսիացիների եւ հայերի միջեւ ռազմական եւ առեւտրական յարաբերութիւնները զարգացել են 11-14-րդ դարերում: 9-րդ դարում կրթութիւն ստանալու նպատակով Ֆրանսիա են տեղափոխւել բազմաթիւ հայ երիտասարդներ, ովքեր անմասն չեն մնացել երկրի հասարակական-քաղաքական կեանքից: 1855 թւականին Փարիզում հրատարակւել են Ֆրանսիայում հայկական առաջին «Արեւելք» եւ «Մասեաց աղաւնի» պարբերականները:
Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրեայ եւ շուրջ 40 կիրակնօրեայ դպրոց: Հայկական դպրոցներ յաճախում է 1500 երեխայ: Յարութ Մարտիրոսեանի խօսքով, նախատեսում են աւելացնել հայկական դպրոցներ յաճախող աշակերտների թիւը:

«Նախատեսում ենք աշակերտների թիւն աւելացնել 500-ով: Նպատակ ունենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ տարեցտարի աշակերտների թիւն աւելանայ, չէ որ այսօր Ֆրանսիայում ապրում են բազմաթիւ ընտանիքներ, որոնց երեխաները հայկական դպրոցներ չեն գնում: Իրականում դպրոցների թիւն աւելացնելը, ուսուցիչներ պատրաստելը բարդ գործ է, սակայն մենք ամէն ինչ անելու ենք այդ ծրագիրն իրագործելու համար»,- ասաց նա: 

Յարութ Մարտիրոսեանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանութիւնները միշտ լաւ աչքով է նայել հայ համայնքին: Նրա խօսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպւածութեամբ, դժւարին պահերին պետութեան կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լաւագոյնը լինել տարբեր ոլորտներում: 

«Հայ-ֆրանսիական բարեկամութիւնը տարեցտարի ամրապնդւում ու ընդլայնւում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնների ամրապնդման գործում: Այս օրերին Ֆրանսիա է այցելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Այս ձեւաչափով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ առաջին հանդիպումն է: Ծանօթութիւնից զատ, կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների քննարկման շրջանակը լայն կը լինի՝ երկկողմ հետաքրքրութիւններին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս տարի Հայաստանն է ընդունելու, եւ այլ թեմաներին վերաբերող հարցեր»,- յաւելեց նա: Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ են՝ Յարութ Մարտիրոսեանն աւելացրեց, որ անհրաժեշտ է ակտիւացնել համագործակցութիւնը տնտեսութեան, մշակութային ոլորտներում: 

Նախագահ Սերժ Սարգսեանը յունւարի 22-24-ն աշխատանքային այց կը կատարի Ֆրանսիայի Հանրապետութիւն՝ Փարիզ եւ Ստրասբուրգ: ՀՀ նախագահն այցի շրջանակներում յունւարի 22-ին եւ 23-ին հանդիպումներ կունենայ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշէի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դէ Ռիւժիի, ինչպէս նաեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբի անդամների հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդիւնքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Նախագահ Սարգսեանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենայ քաղաքապետ Անն Իդալգոյի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Յունւարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կը մասնակցի Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդէս կը գայ ելոյթով եւ կը պատասխանի պատգամաւորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսեանը հանդիպումներ կունենայ նաեւ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդի, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարութիւն՝ իրաւունքի միջոցով» եւրոպական յանձնաժողովի (Վենետիկի յանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։