Print this page
27/01/2018 - 08:50

Լինել անաչառ, շարժւել ժամանակի շնչով. Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է հիմնադրման 110-ամեակը

Ձեռքը պահել հասարակութեան զարկերակի վրայ, լինել անաչառ, շարժւել ժամանակի շնչով. Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամեակը: 

«alikonline.ir» - Ձեռքը պահել հասարակութեան զարկերակի վրայ, լինել անաչառ, շարժւել ժամանակի շնչով. Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամեակը: «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում հայկական «Ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանն, անդրադառնալով թերթի անցած ուղուն, նշեց, որ 1908 թւականին Թուրքիայում հայկական թերթ հրատարակելը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, այդ գործի ակունքներում կանգնած գործիչները կարողացել են հասնել դրան: 

«Դժւարին ժամանակներում լոյս տեսած թերթը կարողանում էր ձեռքը հասարակութեան զարկերակի վրայ պահել, իր էջերում հրատապ թեմաներ առաջ քաշել: Ասեմ, որ այս 110 տարւայ ընթացքում «Ժամանակ» թերթը կարելի է ասել մշտապէս գործել է, ժամանակ առ ժամանակ փոքր դադարներ են եղել, սակայն շարունակել է աշխատել: Եղել է ժամանակ, երբ այդ պահի քաղաքական գործընթացներով պայմանաւորւած թերթի աշխատանքը դադարեցւել է, սակայն յաջորդ օրը բոլորովին այլ անւամբ այն հրատարակւել է»,- ասաց Արա Գոչունեանը:

«Մէկ դարից աւելի պատմութիւն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարեւորագոյն  իրադարձութիւնների, այդ թւում՝ վերապրել է Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասաց նա: Արա Գոչունեանը նկատեց, որ թերթի հրատարակման առաջին տարիներին այն բաւական մեծ ընթերցողների բանակ ունէր: Լոյս էր տեսնում 15 հազար օրինակով, եւ տարածւում էր աշխարհի տարբեր երկրներում: Այսօր թերթի միջոցները սուղ են, այն լոյս է տեսնում 1000-1500 օրինակով: Կրկին տարածւում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն կայքի միջոցով այն աւելի շատ հասանելի է:

«Ժամանակ»-ի 110-ամեայ անցած ուղում  ամենամեծ ձեռքբերումը Արա Գոչունեանը համարեց խորը աւանդոյթների շարունակողը մնալը: Նա ընդգծեց, որ ավւանդոյթները պահելով` փորձում են ստացած ժառանգութեան վրայ նոր բան աւելացնել:  

Արա Գոչունեանը նշեց, որ թէեւ թերթը ժամանակին փոքր դադարներ է ունեցել, սակայն այսօր փակւելու վտանգի առջեւ կանգնած չէ: Մինչդեռ արեւմտահայերէնի գոյութիւնը լուրջ մարտահրաւէրի առջեւ է:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւնների մասին ՀՀ նախագահի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելոյթին, Արա Գոչունեանը նշեց, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ:

«Գործնականօրէն ոչ մի տարբերութիւն չկայ՝ հայ-թուրքական արձանագրութիւններն ուժի մէջ կը մնան, թէ ոչ: Միւս կողմից, Երեւանի նախաձեռնութիւնը չի կարելի ստորագնահատել: Մենք, իհարկէ, շատ կուզենայինք, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւններ հաստատւեն, սակայն այս պահի դրութեամբ Անկարայի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բաւական հեռու ենք»,- ասաց նա:

Յարակից լուրեր