Հա
03/02/2018

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւորն ընդգրկւել է «Սահմանադրութիւնը քննարկող յանձնաժողովի» կազմում

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը սիրիական հարցով Սոչիում կայացած ազգային երկխօսութեան համաժողովը կարեւոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպէս Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ: 

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը սիրիական հարցով Սոչիում կայացած ազգային երկխօսութեան համաժողովը կարեւոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպէս Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ: «Իմ կարծիքով Սոչիի ժողովը շատ կարեւոր է, քանի որ տեղի ունեցաւ այն պահին, երբ Սիրիայում ահաբեկչութեան դէմ յաղթանակներ արձանագրւեցին: Սոչիի ժողովը փաստեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակւում է Սիրիական ղեկավարութեամբ` առանց դրսի միջամտութիւնների»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց հայազգի պատգամաւորը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ժողովի արդիւնքում ձեւաւորւած «Սահմանադրութիւնը քննարկող յանձնաժողովի» անդամ է: «Ժողովի աւարտին հրապարակւած յայտարարութիւնը ինքնին բացայայտում է, որ սիրիացիները մեծամասնութեամբ կառչած են ազգային սկզբունքներին եւ Սիրիայի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը»,- յաւելեց Նորա Արիսեանը:

Յիշեցնենք, որ Սիրիայի հարցով ազգային երկխօսութեան համագումարը կայացել է յունւարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրաւիրւել է սիրիական հասարակութեան 1000-ից աւելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդէս են եկել ազատ ընտրութիւնների անցկացման օգտին, որոնք պէտք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդիւնքներով դրա մասնակիցները համաձայնութեան են եկել կազմելու սահմանադրական յանձնաժողով, որը կունենայ 150 անդամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։