Հա
07/02/2018

Հայոց պատրիարքի ընտրութեան հարցը Թուրքիայում նոր կրքեր է բորբոքել

Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրութեան շուրջ կրքերը թեժանում են. հայերը դատի են տւել Թուրքիայի ներքին գործերի նախարարութեանը, թուրքերը հայերին կանչել են «զրոյցի»:

«alikonline.ir» - Հայոց պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խումբը դատի է տւել Թուրքիայի ներքին գործերի նախարարութեանը։ Այս մասին «Sputnik» Արմենիային յայտնել է Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկեանը։

«2017 թւականից սկսած` Թուրքիայի կառավարութիւնն անտարբերութեան է մատնում Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութեան հարցը»,- ասաց Էստուկեանը` նշելով, որ նոր ընտրութիւններ կազմակերպելու թոյլտւութեան հարցով Թուրքիայի իշխանութիւններին ուղղւած հայ համայնքի նամակներն անցեալ տարւայ օգոստոսից մինչ օրս անպատասխան են մնում։

«Պատրիարքարանն անճարութեան է մատնւած, քանի որ այս պայմաններում ոչ մի բան անել չի կարող»,- ասաց նա` պարզաբանելով, որ այդ երկրի օրէնքներով, առանց Թուրքիայի ՆԳՆ թոյլտւութեան հայ հոգեւոր համայնքը նոր առաջնորդի ընտրութիւններ անցկացնելու իրաւունք չունի։

Էստուկեանի համոզմամբ` Թուրքիան այսպիսով փորձում է Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչեանին ստիպել հրաժարական տալ, քանի որ իշխանութիւնների նախընտրելի թեկնածուն Արամ սրբազանն է, որին հայ եկեղեցու կրօնական ժողովը դէմ գնաց եւ նրա փոխարէն տեղապահ նշանակեց Բեքչեանին։

Բայց Թուրքիայի ՆԳ նախարարութեան դէմ հայերի ներկայացրած դատական հայցը նոր հետեւանքներ է առաջացրել։ Նախ բարձրացած աղմուկի պատճառով հրաժարական են ներկայացրել պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի որոշ անդամներ, ինչի հետեւանքով խաթարւել է խմբի աշխատանքը, ապա Թուրքիայի իշխանութիւնները հանդիպման են հրաւիրել հայերին։

«Ստամբուլի կուսակալութիւնում վաղը ժողով պիտի գումարւի, որին պէտք է մասնակցի նաեւ այսօր յանձնախմբի փաստացի ղեկավար հանդիսացող բանբերը`իրավապաշտպան Սեպուհ Ասլանգիլը»,- ասաց Էստուկյանը։

բանբերը`իրաւապաշտպան Սեպուհ Ասլանգիլը»,- ասաց Էստուկեանը։

Նա նաեւ նշեց, որ հանդիպման թեման եւ օրակարգն առայժմ չի հրապարակւում, բայց ենթադրւում է, որ հանդիպմանը մասնակցելու է նաեւ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլէյման Սոյլուն։

Յիշեցնենք, որ Թուրքիայի հայ համայնքի պատրիարք Մեսրոպ Մութաֆեանն առողջական խնդիրների պատճառով արդէն շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականութիւնները: Դրանք ժամանակաւորապէս իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը։

2017 թւականի մարտի 15-ին պատրիարքական տեղապահ ընտրւեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը, իսկ Արամ արքեպիսկոպոսը ստիպւած եղաւ հրաժարական տալ։

2017 թւականի օգոստոսից սկսած` Պոլսոյ պատրիարքարանը պատրիարքի նոր ընտրութիւններ նշանակելու հարցով պարբերաբար դիմում է Թուրքիայի ներքին գործերի նախարարութեանը, բայց արձագանք չի ստանում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։