Հա
Շաբաթ, 10 Փետրւարի 2018 08:00

Արամ Աթեշեանը կրկին Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ է, Բեկչեանի ընտրութիւնն ու բոլոր որոշումները չեղարկւում են

Արամ աքեպիսկոպոս Աթեշեանը կը շարունակի մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում. նման որոշում է կայացւել պատրիարքարանի հոգեւոր խորհրդի՝ փետրւարի 9-ին կայացած արտահերթ ժողովի ընթացքում:

«alikonline.ir» - Արամ աքեպիսկոպոս Աթեշեանը կը շարունակի մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում. նման որոշում է կայացւել պատրիարքարանի հոգեւոր խորհրդի՝ փետրւարի 9-ին կայացած արտահերթ ժողովի ընթացքում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նման որոշման կրօնական ժողովը յանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի եւ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցութեամբ արտահերթ ժողովից յետոյ:

Պատրիարքարանի հրապարակած յայտարարութիւնում կոչ է արւում վերադառնալ 2016 թւականի հոկտեմբերի 26-ի կրօնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիաք Մեսրոպ Մութաֆեանի առողջական խնդիրները բաւարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու եւ նոր պատրիարք ընտրելու համար:

Յիշեցնենք, որ 2016 թւականի հոկտեմբերի 26-ին Պոլսոյ Հայոց պատրիարքարանը յայտարարել է 9 տարի շարունակ կոմայի մէջ գտնւող պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին անգործունեայ ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրութեան մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսոյ Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կը ղեկավարէր ընտրական գործընթացը:

2017 թւականի փետրւարին Էջմիածնում կայացւած որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցաւ Պոլսոյ Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրութիւն: Ընտրութիւններում Արամ արքեպիսկոպոս Աթեշեանին յաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը, չնայած Աթեշեանի ու պետութեան կողմից միջամտութիւններին, ստանձնեց Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի պաշտօնը եւ ձեռնամուխ էր եղել պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմանը։

Այսպիսով՝ 2017 թւականի մարտի 15-ին տեղի ունեցած կրօնական ժողովի շրջանակում Պոլսոյ պատրիարքի նոր տեղապահի ընտրութիւնը, որի ժամանակ տեղապահ էր ընտրւել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը, չեղարկւում է, ինչպէս նաեւ չեղարկւում են Բեկչեանի տեղապահութեան օրօք կայացւած բոլոր որոշումները:

Յիշեցնենք, որ օրերս Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրաւիրւած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների եւ հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայութեամբ պաշտօնապէս յայտարարւել էր, որ աւելի քան 9 տարի կոմայի մէջ գտնւող պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի կենդանութեան օրօք որեւէ նոր ընտրութեան հայ համայնքին գնալ չի թոյլատրւի եւ որ պետութիւնը հաւատարիմ է մնալու իր՝ 2010 թւականին նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշեանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։