Հա
13/02/2018

«Ակօս»-ի գլխաւոր խմբագիր. «Ի վերջոյ, այդ ընտրութիւնն իրականացւելու է, եւ պոլսահայ համայնքը պատրիարքի աթոռին է նստեցնելու արժանի մէկին»

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդւարդ Տանձիկեանն անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի վերանշանակմանն ու ստամբուլահայ համայնքի ներսում այդ ամենից առաջացած ճգնաժամին: 

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդւարդ Տանձիկեանն անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի վերանշանակմանն ու ստամբուլահայ համայնքի ներսում այդ ամենից առաջացած ճգնաժամին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Թէեւ Գարեգին Բեկչեանն ընտրւեց որպէս պատրիարքի տեղապահ՝ այդ ընտրութիւններին մասնակցած ու պարտւած Աթեշեանը պէտք է որ հրաժարական տար, սակայն չարեց դա: Հիմա հասկանալի է, թէ ինչու: Վստահաբար այս օրերի հետ կապւած իր ծրագրերն ունէր»,- գրում է Տանձիկեանը՝ նկատելով, որ Աթեշեանն այս ընթացքում պարբերաբար յիշեցրել է համայնքին, որ հէնց ինքն է պետութեան կողմից նախընտրելի միակ թեկնածուն, իսկ պետութիւնն էլ, իր հերթին, տարբեր միջնորդների միջոցով հասկացրել է, որ Բեկչեանն իշխանութիւնների համար ցանկալի անձ չէ:

«Որոշ բանակցութիւնների արդիւնքում պարզ դարձաւ, որ պետութիւնը որոշել է շարունակել իր ճանապարհն Աթեշեանի հետ:

Ի վերջոյ, շատ խնդրահարոյց մի նամակով հայ համայնքին հասկացրին՝ «ընտրութիւն-մնտրութիւն չկայ, մեր մարդն Աթեշեանն է»: Իհարկէ, հէնց այդպէս չասացին, սակայն նամակից արւած հետեւութիւնը դա է: Սա որեւէ տրամաբանական բացատրութիւն չունի՝ ո՛չ իրաւական, ո՛չ եկեղեցական կանոնակարգի տեսանկիւնից: Առանց պատրիարքի մահանալու նոր ընտրութիւն կատարել չկարողանալու եւ պատրիարքին անգործունիա ճանաչելու պայմանների թւում առողջական խնդիրների մասին կէտի տեղ չգտնելու որոշումը ո՞ր դատարանն է ընդունել՝ մեծ հարց է»,- շարունակում է «Ակօս»-ի խմբագիրը՝ նշելով, որ ստեղծւած իրավիճակն անհնարին է առանձին դիտարկել Թուրքիայում տիրող լարւած ներքաղաքական վիճակից, եւ հայ համայնքը, ցաւոք, կրում է երկրի ընդհանուր վիճակի հետեւանքները նաեւ իր ներհամայնական կեանքում:

«Սակայն անհնարին է ստւեր գցել ընտրութեան ու ընտրողի իրաւունքի վրայ: Ի վերջոյ, այդ ընտրութիւնը կատարւելու է, եւ հայ համայնքը պատրիարքի աթոռին է նստեցնելու արժանի մէկին: Մենք երբեք չպէտք է կորցնենք մեր հաւատը դրա հանդէպ եւ պէտք է շարունակենք աշխատել»,- եզրափակել է Տանձիկեանը:

Ինչպէս աւելի վաղ յայտնել է «tert.am»-ը, Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշեանը կը շարունակի մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում: Նման որոշման կրօնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի եւ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցութեամբ արտահերթ ժողովից յետոյ:

Աւելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրաւիրւած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրութիւնների կազմակերպմամբ զբաղւող նախաձեռնող խմբի անդամների եւ հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայութեամբ պաշտօնապէս յայտարարվել էր, որ աւելի քան 9 տարի կոմայի մէջ գտնւող պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի կենդանութեան օրոք որեւէ նոր ընտրությեան հայ համայնքին գնալ չի թոյլատրւի եւ որ պետութիւնը հաւատարիմ է մնալու իր՝ 2010 թւականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշեանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։