Ստամբուլում կեանքից հեռացել է ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանը, որը Թուրքիայում առաւել յայտնի է «Անթեւ Յակոբ» անւամբ:
«alikonline.ir» - Ստամբուլում կեանքից հեռացել է ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանը, որը Թուրքիայում առաւել յայտնի է «Անթեւ Յակոբ» անւամբ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը:
Նշենք, որ Կոթողեանը 79 տարեկան էր: Թուրքական «Milliyet» պարբերականը, յայտնելով լեգենդար բժշկի մահւան լուրը, նրան անւանել է «Թուրքիայի մեծագոյն մաշկաբաններից մէկը»:
Արեւմտեան Հայաստանի գաւառներից 1938թ.-ին Ստամբուլ գաղթած հայ ընտանիքի զաւակ Յակոբը ծնւել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում՝ Ջերահփաշա հիւանդանոցում:
Գիւղից Ստամբուլ տեղափոխւած աղքատիկ ընտանիքի տղան ստիպւած է եղել մանուկ հասակից աշխատել եւ տեղաւորւել է հայ արծաթագործների խանութներից մէկում: Հէնց ծանր աշխատանքի ընթացքում է, որ սարսափելի միջադէպի ժամանակ նա կորցրել է ձեռքը:
Վերակենդանացման բաժնում յայտնւած «Անթեւ Յակոբի» ընտանիքին բժիշկները յոյս ներշնչել չեն շտապել, ասել են՝ կը մեռնի:
Սակայն այդ օրը Յակոբ Կոթողեանը կարծես վերածնւել է՝ կրկին Սամաթիայի Ջերահփաշա հիւանդանոցում:
Հաշմանդամութեան պատճառով հասակակիցների խղճահարութեամբ լի հայացքներից խուսափելու համար մէկ տարի շարունակ դպրոց գնալ չցանկացած Յակոբն աւելի ուշ հասկացել է, որ լաւ մասնագիտութիւն ձեռք բերելու միակ ուղին սովորելն է:
1957 թ.-ին Ստամբուլի համալսարանի բժշկութեան ֆակուլտետ ընդունւած Յակոբն աւելի ուշ աշխատանքի է անցել նոյն Ջերահփաշա հիւանդանոցում:
Բազմաթիւ գիտական յօդւածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախօս եւ վաստակաւոր բժիշկ Յակոբ Կոթողեանը բազմաթիւ կեանքեր է փրկել միայն մէկ՝ ձախ ձեռքով։