Հա
17/02/2018

«Նոր Յառաջ». «Բեկչեանը թուրքական իշխանութիւնների կողմից չընդունւեց, քանի որ հէնց նրա՝ Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդը լինելու ժամանակ է Բունդեսթագը ճանաչել Ցեղասպանութիւնը»

Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը թուրքական իշխանութիւնների կողմից չընդունւեց այն կարեւոր պատճառով, որ հէնց նրա՝ Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը լինելու տարիներին է այդ երկրի խորհրդարանն ընդունել ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը: 

«alikonline.ir» - Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը թուրքական իշխանութիւնների կողմից չընդունւեց այն կարեւոր պատճառով, որ հէնց նրա՝ Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը լինելու տարիներին է այդ երկրի խորհրդարանն ընդունել ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ փոխանցում է «Հայ Ձայնը»՝ յղում անելով «Նոր Յառաջ»-ին:

Լայնածաւալ յօդւածում պարբերականն անդրադարձել է ստամբուլահայութեան վերապրած ճգնաժամին, իշխանութիւններին դիմադրութեանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի՝ Պոլսոյ պատրիարքի փոխանորդի պաշտօնում վերանշանակումից բխող իրական վտանգներին:

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ՝ որոշակի կրճատումներով.

«Պոլսոյ Հայոց պատրիարքարանի Կրօնական ժողովի օրինական որոշումը թուրքական իշխանութեան կողմից մերժւեց, որովհետեւ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանն անցանկալի անձ էր իրենց համար: Եթէ պատրիարքի տեղապահի ընտրութիւններում յաղթած լինէր Արամ Աթեշեանը՝ որեւէ խնդիր չէր առաջանայ: Թուրքիայի համար կայ երկու «կարմիր գիծ»՝ Հայոց Ցեղասպանութիւնն ու քրդական հարցը: Թուրքական պետութեան հիմնադրման ու ժխտողականութեան երկու հիմնաքարերը: 

Քրդական հարցն այսօր դարձել է Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի պատերազմելու պատճառ:

Իսկ Հայկական հարցի դէպքում Գարեգին Բեկչեանի՝ Գերմանիայում հայ համայնքի հոգեւոր առաջնորդութեան ժամանակահատւածում այդ երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը նրան դարձրեց թուրքական իշխանութիւնների համար անցանկալի անձ:

Համայնքի ներսում պատրիարքական փոխանորդ Աթեշեանի վերանշանակումից դժգոհողները շատ են: Սակայն պետութիւնը պարտադրեց համայնքին իր անձը: Իսկ ինչո՞ւ է հէնց Աթեշեանն իշխանութիւնների նախընտրած անձը: Ըստ որոշ շշուկների՝ կան նիւթական ու քաղաքական զգայուն հարցեր, որոնց դէպքում համագործակցութիւնն այս երկու տարրերի համար էլ կարեւոր է:

20-րդ դարում Պոլսոյ պատրիարքարանն ունեցել է բացառիկ դէմքեր, որոնք ի հեճուկս թուրքական իշխանութիւնների սարսափելի ճնշումների՝ կարողացել են դիմանալ ու դիմադրել եւ առաւելագոյն կերպով հետապնդել համայնքի շահերը: 

Սակայն ներկայ իրավիճակում ամենամտահոգիչը ներքին պառակտումն է: Նախքան Գարեգին Բեկչեանի ընտրութիւնը՝ Սահակ Մաշալեանը սպառնաց հրաժարական տալ Կրոնական ժողովի նախագահի պաշտօնից՝ տարբեր մեղադրանքներ տեղալով Աթեշեանի հասցէին: Սակայն այժմ այդ նույն Կրոնական ժողովը պետութեան ճնշման տակ չեղեալ է համարում 2017-ի մարտին տեղի ունեցած պատրիարքի տեղապահի ընտրութիւնների արդիւնքն ու վերանշանակում Աթեշեանին: Ըստ երեւոյթին՝ այս իրավիճակը պէտք է շարունակւի մինչեւ կոմայի մէջ գտնւող պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի վախճանը: 

Շուրջ 10 տարւայ համեմատաբար բարենպաստ շրջանից յետոյ պոլսահայութիւնը, ինչպէս եւ երկրի ու տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու երկրները, ապրում է տագնապալի պահեր:

Այն ամէնն, ինչ Էրդողանը շնորհեց հայերին եւ միւս փոքրամասնութիւններին իր իշխանութեան առաջին տարիներին, անսպասելի ու հրաշալի մի նւէր էր: Բացւեց փակագիծը, որը վերադարձրեց հայ համայնքին աւելի վաղ բռնազաւթւած կալւածքների մի մասը, ընձեռեց իշխանութեան հետ յարաբերութիւնների բարելաւման, իսլամացւած հայերի յայտնաբերման, Ցեղասպանութեան մասին հրապարակային քննարկումների բացառիկ առիթ: Սակայն փակագիծն այլեւս փակւած է:

Լինելով այլեւս տկարացած՝ պոլսահայութիւնը, սակայն, դեռ պայքարում է, դիմադրում: Նրանք ունեն համայնքի ներկայացուցիչներ, որոնք ամէն օր կարող են մահափորձի թիրախ դառնալ: Համայնքը ցոյց տւեց իր դիմադրելու ունակութիւնը նաեւ պատրիարքական ընտրութեան պայքարի մէջ՝ թէ՛ ներքին գործերի նախարարի դիմաց, թէ՛ մի շարք պատգամաւորների խիզախ ելոյթներով: Նոյնիսկ Գարեգին Բեկչեանն իր օրինակելի վարքով դարձաւ դիմադրելու ունակութիւն դրսեւորած օրինակ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։