Հա
25/02/2018 - 09:20

«Ծագող» Դիանա Աբգարի երկիրը. ինչպէս է Ճապոնիայում հայուհին փրկել իր ժողովրդին

1918 թւականին Ճապոնիան առաջիններից մէկն էր, որ ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութիւնը` հէնց Դիանա Աբգարի գործունէութեան շնորհիւ։ 1920 թւականի յուլիսին` Սեւրի պայմանագրի ստորագրման նախօրէին, ՀՀ վարչապետ եւ արտգործնախարար Համազասպ Օհանջանեանը Դիանա Աբգարին դիւանագիտական ներկայացուցիչ եւ Հայաստանի գլխաւոր հիւպատոս նշանակեց Հեռաւոր Արեւելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան։

«alikonline.ir» - 1859 թւականի աշնան կէսերին մեծահարուստ վաճառական Յովհաննէս Աղաբէկը, որը իր մեծ բիզնեսն էր հիմնել բրիտանական Հնդկաստանում, մասնաւորապէս նրա այն հատւածում, որն այսօր Մեանմա, իսկ այն ժամանակ Բիրմա էր կոչւում, եօթերորդ երեխային ունեցաւ` Անահիտին։ Հայ ժողովրդի կեանքում նրա ունեցած դերի մասին է պատմում «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը։

Աղաբէկի ընտանիքը Հնդկաստան է տեղափոխւել Սպահանի մերձակայքում գտնւող Նոր Ջուղայից, ուր հայերին տեղափոխել էր Պարսից շահ Աբաս Առաջինը` փրկելով թուրքերից, փրկելով նրանց արհեստն ու հարստութիւնը, սակայն առաջին հերթին` նրանց կեանքը։ Աղաբէկի ընտանիքին Հնդկաստանը գրաւեց առեւտրի համար անսահման հնարաւորութիւններով, եւ նրանք տեղափոխւեցին Կալկաթա։ Այն ժամանակ շատ հայ արհեստաւորներ ու վաճառականներ էին տեղափոխւել այդ արտասովոր քաղաքը` քարի վրայ փորագրելու հմտութեամբ, գորգագործութեամբ, թանկարժէք քարերի մշակմամբ, ոսկերչական արւեստով եւ դրամահատումով զարմացնելով անգամ զարգացած մշակոյթ ունեցող Հնդկաստանին։

Անահիտի ծնւելուց յետոյ ծնողները Կալկաթա վերադարձան, այնտեղ նրան «Արեւելեան սեմինարիա» սովորելու տւեցին։ Հէնց այդտեղ էլ Անահիտը սկսեց ուսումնասիրել անգլերէնն ու սանսկրիտը, իսկ հայերէնը նա սերտել էր դեռ փոքր տարիքից. տանը միայն մայրենի լեզւով էին խօսում։ Սեմինարիայում Անահիտը ուսանում էր Ռաբինդրանաթ Թագորի հետ։

Ամուսնանալ չէր շտապում, ընդ որում` այն տարիներին աղջիկները վաղ էին ամուսնանում։ Միայն 29 տարեկանում նա ամուսնացաւ մեծահարուստ վաճառական Միքայէլ Աբգարի հետ։ Թերեւս զուր չէր այդքան սպասել, Միքայէլն Անահիտին խենթի պէս էր սիրում եւ Դիանա էր անւանում։ Այդպէս Անահիտը Դիանա Աբգար դարձաւ։

Հարսանեկան ճանապարհորդութիւնը հետաքրքիր է։ Ամուսինները հասցրեցին շրջագայել Հոնկոնգում, Չինաստանում եւ Ճապոնիայում։ Ծագող արեւի երկրում` հին Կոբէ քաղաքում էլ հէնց որոշեցին բնակութիւն հաստատել, այնտեղ առեւտրային ընկերութիւն հիմնեցին, որը զբաղւում էր տարբեր ապրանքների արտահանմամբ եւ ներմուծմամբ, իրենց հիւրանոցը կառուցեցին, որը «Մեծ արեւելեան հիւրանոց» էր կոչւում։

Դիանա Աբգարը հետաքրքրւում էր այն ամէնով, ինչը նրա ուժերի սահմաններում էր։ Մի օր Ինդոնեզիայում, որտեղ ամուսիները յայտնւել էին աշխատանքի բերումով, նա տեղի թերթում մի յօդւած հրապարակեց` Ինդոնեզիայի քաղաքների բնապահպանական վիճակի մասին գրառումներ էին։ Յօդւածները նրան ճանաչում բերեցին, եւ ամուսինները իւրային դարձան նաեւ այս երկրում։ Այնուհետեւ նա սկսեց վէպեր եւ պատմւածքներ գրել։ Առաջին իսկ տպագրւած պատմւածքը մեծ յաջողութիւն ունեցաւ, եւ Դիանա Աբգարը Ճապոնիայի ամենապահանջւած անգլալեզու հեղինակը դարձաւ։

Դիանայի ամուսինը` Միքայէլը, շատ վաղ մահացաւ` 1906 թւականին։ Դրանից յետոյ Դիանան երեխաների հետ տեղափոխւեց Եոկոգամա, որտեղ նոր առեւտրի տուն հիմնեց` ապրանքներ մատակարարելով ոչ միայն դէպի Ասիա, այլեւ Եւրոպա եւ ԱՄՆ։

Շուտով նրան աշխատանք առաջարկեցին Ճապոնիայի ԱԳՆ-ի արձանագրութիւնների բաժնում։ Դիանան լրացուցիչ եկամտի կարիք չունէր, սակայն հաճոյքով համաձայնեց։ Շատ արագ վառ եւ գեղեցիկ հայուհին դիւանագէտների շրջանում ամենանկատելի դէմքերից մէկը դարձաւ։ Անկրկնելի շարժուձեւով եւ անզուգական ճաշակով նա նախարարական եւ կառավարական մակարդակով հանդիպումների պարտադիր մասնակիցն էր։

Նրան յօդւածներ էին պատւիրում նաեւ «Times»-ն ու «Le Figaro»-ն։

1909 թւականը Կիլիկեան Ադանայում հայերի դէմ նոր բռնութիւն գործադրւեց։ Դիանան դրանց արձագանգեց յօդւածներով, ճապոնական եւ արտասահմանեան մամուլում իր վէպերով։ Հրատարակչութիւններում լոյս տեսան նրա գրքերը։ Նա այդ ժամանակ նամակագրութիւն է վարում յայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, որոնց թւում նաեւ Նիւ Ջերսիի նահանգապետ Վուդրօ Վիլսոնն էր։

Հայոց Ցեղասպանութիւնից հայերը փրկւելով ոչ միայն արեւմուտք եւ հիւսիս էին փախչում, այլեւ շատերը արեւելք գնացին։ Մօտ 500 մարդ փախաւ Վլադիւոստոկ, որն այն ժամանակ բռնազաւթել էր Ճապոնիան։ Իշխանութիւնները գողութիւնն ու մուրացկանութիւնը կանխելու համար նաւահանգստային քաղաք ժամանած հայերից պահանջում էին, որպէսզի նրանցից իւրաքանչիւրն առնւազն 1500 ճապոնական իեն ունենար։

Թերթերում այն ժամանակ գրում էին, որ Դիանա Աբգարի ընկերութիւնը վերածւել էր դիւանագիտական առաքելութեան գրասենեակի հայ փախստականների համար, իսկ տունը` ժամանակաւոր կացարանի։ Նրա երաշխաւորումով Ճապոնիայի իշխանութիւններն ու եւրոպական երկրների հիւպատոսները հայ փախստականներին անցագրեր տւեցին։ Տեղի ոստիկանութիւնում նրա մի խօսքն աւելի մեծ արժէք ունէր, քան որեւէ պաշտօնական փաստաթուղթ։

Ծագած անախորժութիւնների դէպքում իշխանութիւնները դիմում էին տիկին Աբգարին, եւ նա բարի խօսքով, նիւթական միջոցներով օգնում էր այդտեղ յայտնւածներին` նրանց ճիշտ խորհուրդներ տալով։

Հեռաւոր Արեւելքում տիկին Աբգարը միակ մարդն էր, որն օգնում էր հայերին։ Հայերը ոչ լեզու գիտէին, ոչ տեղի սովորոյթներին էին ծանօթ։ Նա այնպիսի նիւթական աջակցութիւն էր ցուցաբերում, որ իր շռայլութեամբ հարազատ երեխաներին լուրջ մտահոգութեան առիթ տւեց։ Յաճախ Ամերիկայի եւ Անգլիայի իշխանութիւնները նրա երաշխաւորութեամբ հայերին գումար էին յատկացնում, որպէսզի այդ մարդիկ կարողանային Ամերիկա կամ Անգլիա հասնել։ Նրա խնդրանքով շոգենաւային ընկերութիւնները հայերին մեծ զեղչերով տոմսեր էին տրամադրում։

1918 թւականին Ճապոնիան առաջիններից մէկն էր, որ ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութիւնը` հէնց Դիանա Աբգարի գործունէութեան շնորհիւ։ 1920 թւականի յուլիսին` Սեւրի պայմանագրի ստորագրման նախօրէին, ՀՀ վարչապետ եւ արտգործնախարար Համազասպ Օհանջանեանը Դիանա Աբգարին դիւանագիտական ներկայացուցիչ եւ Հայաստանի գլխաւոր հիւպատոս նշանակեց Հեռաւոր Արեւելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան։

Դիանա Աբգարի գերեզմանի, ինչպէս եւ հարեւանութեամբ գտնւող ամուսնու գերեզմանի կողիքն սպիտակ քարից խաչ է դրւած։ Նրանց շիրիմները գտնւում են Եոկոգամայի «Գայձին Բոտի» գերեզմանատանը, որտեղ օտարերկրացիներին են թաղում։ Գերեզմանները խնամւած են նաեւ այսօր. ճապոնացիները մոռացկոտ չեն։ Իսկ մե՞նք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։