Հա
27/02/2018 - 14:40

Երուսաղէմի քաղաքապետարանն արձագանգել է Հայ առաքելական, Յոյն ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների բողոքին, սակայն Սուրբ Յարութեան տաճարի դռները փակ կը մնան

Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարը ղեկավարող Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Յոյն ուղղափառ քրիստոնէական եկեղեցիները, որ կիրակի օրւանից փակել էին եկեղեցու դռները՝ ի նշան իշխանութիւնների որոշումների դէմ բողոքի, չնայած Երուսաղէմի քաղաքապետի հաւաստիացումներին, չեն դադարեցրել բողոքը, եւ այսօր հոգեւոր պետերը հաւաքւելու են «յոյների մօտ»՝ քննարկելու իրենց հետագայ քայլերը:

«alikonline.ir» - Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարը ղեկավարող Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Յոյն ուղղափառ քրիստոնէական եկեղեցիները, որ կիրակի օրւանից փակել էին եկեղեցու դռները՝ ի նշան իշխանութիւնների որոշումների դէմ բողոքի, չնայած Երուսաղէմի քաղաքապետի հաւաստիացումներին, չեն դադարեցրել բողոքը, եւ այսօր հոգեւոր պետերը հաւաքւելու են «յոյների մօտ»՝ քննարկելու իրենց հետագայ քայլերը:

«tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ Կորիւն վարդապետ Բաղդասարեանը, ով երէկ յայտարարել էր, որ Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարի դռները փակ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ հարկային եւ հողային հարցերին վերաբերող 2 որոշումները չեղարկւեն:

«Երուսաղէմի քաղաքապետարանից արձագանգը հետեւեալն էր՝ քաղաքապետը յայտարարութեամբ էր հանդէս եկել, որ այս օրէնքը տարածւելու է եկեղեցապատկան շահութաբեր կալւածքների վրայ, ոչ թէ եկեղեցիների, վանքերի վրայ։ Բայց եկեղեցիներն իրենց շահութաբեր կալւածքների համար հարկերը վճարում են, եւ յստակ է, որ այս օրէնքը տարածւում է եկեղեցիների, վանքերի վրայ։ Փաստօրէն, մենք այդ իսկ պատճառով շարունակում ենք մեր բողոքի գործողութիւնները»,- «tert.am»-ին մանրամասնեց Կորիւն վարդապետ Բաղդասարեանը։

Հարցին, թէ արդեօ՞ք չընդառաջելու դէպքում բողոքը կարող է շարունակւել եւ ներառել գլխաւոր քրիստոնէական տօնը՝ Յարութեան տօնը, եւ այդ օրը տաճարի դռները փակ մնան, նա պատասխանեց. «Մեր պահանջն է, որ չեղարկւի այդ որոշումը, եւ Քնեսեթը հետ կանչի այդ շրջանառւող օրինագիծը։ Մեր բողոքի գործողութիւնը կը շարունակւի մինչեւ յիշեալ երկու օրէնքները չեղարկւեն»։

Յիշեցնեք, որ բողոքի պատճառներից առաջինը քաղաքապետարանի որոշումն է, որով եկեղեցիներին եւ վանքերին հրահանգւել է հարկ վճարել, այն դէպքում, երբ տարիներ շարունակ Իսրայէլի քրիստոնեական համայնքներն ու եկեղեցիներն ազատւած են եղել հարկերից։ Իսկ երկրորդ խնդիրը Իսրայէլի խորհրդարանում քննարկւող նախագիծն է, որը թոյլ կը տայ բռնագրաւել Երուսաղէմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գոյքի ընկերութիւններին վաճառւած հողը:

Երէկ չէ առաջին օրը նախատեսւած էր օրինագիծը քննարկել Քնեսեթի յանձնաժողովի մակարդակով, սակայն քննարկումը հետաձգւել է մէկ շաբաթով:

Նշենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է պատարագ, սակայն առանց ուխտաւորների եւ հաւատացեալների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։