Հա
10/03/2018 - 09:40

«Իր առաջին բժշկական կաբինետը պարտքով էր բացել». թուրքական կայքն անդրադարձել է լեգենդար պոլսահայ բժիշկ Կոթողեանին

Թուրքական «T24» կայքն անդրադարձել է վերջերս կեանքից հեռացած ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանին՝ հարցազրոյց վարելով նրա այրու՝ Սիւզան Կոթողեանի հետ:

«alikonline.ir» - Թուրքական «T24» կայքն անդրադարձել է վերջերս կեանքից հեռացած ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանին՝ հարցազրոյց վարելով նրա այրու՝ Սիւզան Կոթողեանի հետ: Գրում է «tert.am»-ը:

«Անթեւ Յակոբ» անւամբ յայտնի պոլսահայ բժշկի այրին յիշել է ամուսնու անցած ուղու, յամառութեան ու հպարտութեան ե իր մականունն այդքան էլ չսիրելու մասին:

«Երբ առաջին անգամ տեսայ նրան ծանօթներիցս մէկի տանը՝ նկատեցի, որ վերնաշապիկի թեւերից մէկը դատարկ է, քամին քշում էր: Ինձ այնտեղ տեսել հաւանել էր, մայրը եկել էր մեր տուն ու ասել, որ Յակոբը ցանկանում է ծանօթանալ ինձ հետ: Ես էլ ասացի, որ եթէ հայրս դեմ չլինի՝ կը մտածեմ: Յիշում եմ՝ ընկերներով ընթրիքի էինք դուրս եկել, Թարաբիայում ընթրեցինք: Ես խորոված կոտլետ ուզեցի, մտածեցի՝ Յակոբին էլ հեշտ կը լինի ուտել: Սակայն նա հաւի բուդ պատւիրեց: Սպասում էի, թէ ինչպէս է մէկ ձեռքով հաւի բուդն ուտելու, բայց նա հանգիստ վերցրեց պատառաքաղը, յետոյ դանակն ու սկսեց վարպետօրէն կտրել ու հանգիստ ուտել:

Յետոյ իր ընկերներն ասացին, որ նա երբեք հաւի բուդ չի ուտում, այդ օրն այդպէս արեց, որ ինձ ապացուցի իր կարողութիւնը»,- յիշում է Սիւզան Կոթողեանը:

Նա պատմել է, որ թէեւ շատերն ամուսնուն ճանաչում էին որպէս «Անթեւ Յակոբ», սակայն ինքը՝ Կոթողեանը, չէր սիրում իր այդ մականունը:

«11 տարեկանում, երբ կորցրեց թեւը, Յակոբը փակւեց տանը: Այդ ժամանակ իր ընկերները ստիպելով դուրս հանեցին նրան, տարան ֆուտբոլային հանդիպում դիտելու: Որովհետեւ նա շատ էր սիրում ֆուտբոլ: Յակոբին հանկարծ հրելով մտցնում են խաղադաշտ, բոլորը նրան են նայում, Յակոբն ամաչում է: Բայց ընկերները ստիպում են, որ չհեռանայ ու խաղայ գնդակով: Միշտ ասում էր, որ իր բոլոր նւաճումների համար այդ օրւայ իր ընկերներին է պարտական»,- յիշում է բժշկի այրին:

Տիկին Կոթողեանը յիշում է, որ իր առաջին կոսմետոլոգիական կաբինետն ամուսինը բացել էր պարտքով գումար վերցնելով՝ 34 տարեկան հասակում:

«Առաջին անգամ կաբինետ մտնելիս ասում է. «Տէ՛ր Աստւած, օրական 5 այցելու էլ ինձ տաս՝ եւ՛ պարտքերս կը փակեմ, եւ՛ ընտանիքիս ինչպէս որ պէտք է կը պահեմ: Սակայն եթէ 5 յաճախորդից աւելի սկսես տալ ու դրանով երես առնեմ՝ աւելի լաւ է՝ մի՛ տուր»,- ամուսնու կեանքի նշանակալի դրւագն է յիշում Սիւզան Կոթողեանը, որը թէեւ հարուստ պոլսահայ ընտանիքի աղջիկ էր, սակայն Յակոբ Կոթողեանի կեանքի դժւար կացութիւնը նրան չվախեցրեց վերջինիս հետ ամուսնանալու որոշում կայացնելիս:

«Ինձ ասաց՝ «Իմ ֆինանսական վիճակը ոչ թէ զրօ է, այլ զրոյից էլ ցածր: Ունեմ մայր ու քոյր, որոնց պէտք է պահեմ: Բժշկական կաբինետս էլ պարտքով եմ բացել: Դու այս ամէնին պատրա՞ստ ես»: Յակոբն ինձ ու ընտանիքին չոր հացով կը պահէր, բայց հօրս դուռը չէր գնայ օգնութեան համար: Նա այն մարդն էր, ում փնտրում էի»,- պատմում է Կոթողեանի այրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։