Հա
10/03/2018

Թուրքիան պէտք է ճանաչի իր քաղաքականութիւնից տուժած ժողովուրդների Ցեղասպանութիւնը. Ալեւիների Եւրոպական խորհրդի փոխնախագահ

Արդէն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարութիւնը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականութիւնից տուժած ժողովուրդների Ցեղասպանութիւնը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտարարեց Ալեւիների Եւրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառոյցի նախագահ էլդար Քըլչքայան:

«alikonline.ir» - Արդէն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարութիւնը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականութիւնից տուժած ժողովուրդների Ցեղասպանութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտարարեց Ալեւիների Եւրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառոյցի նախագահ էլդար Քըլչքայան:

«Դրա համար պէտք է միաւորւեն աշխարհասփիւռ հայերի ու ալեւիների եւ միւս ժողովուրդների ջանքերը»,- ասաց նա:

էլդար Քըլչքայան յիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին հրապարակել էին հռչակագիր, իսկ այսօր արդէն պաշտօնական այց են կատարել Երեւան, այցելել են Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք մատուցել հայոց զոհերի յիշատակին, հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաեւ ազգային փոքրամասնութիւնների քուրդ, եզդի, ասորի պատգամաւորների հետ, ուսանողների հետ: Նրա խօսքով՝ այս այցի շրջանակում եզրակացրել են, որ ոչ հայերն են ալեւիներին բաւականաչափ ճանաչում,  ոչ էլ ալեւիները՝ հայերին, եւ սա այն դէպքում, երբ հարիւրաւոր տարիներ ապրել են կողք կողքի:

«Դարեր շարունակ Անատոլիայի ժողովուրդն ապրել է միեւնոյն ճակատագրով: Նրանց սնել է նոյն հողը, նոյն օդն են շնչել. չնայած ալեւիների, հայերի, քրդերի, ասորաքաղկենդոնացիների այս ներդաշնակութեանը, մշտապէս փորձել են ոչնչացնել բազմազանութեան այս դրսեւորումները ամենադաժան մեթոդներով իրականացւող ձուլման քաղաքականութեան միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով ու արեամբ»,-յայտարարութեան տեքստը ներկայացրեց էլդար Քըլչքայան՝ ընդգծելով, որ  այս այցով նրանք վճարում են այն պարտքը, որ ունեն Հրանտ Դինքի եւ այն հարիւրաւոր հայերի յիշատակի առաջ: «Երբ թուրք զինւորները սպանում էին հայերին ու արտաքսում, ալեւիները անում էին հնարաւորը նրանց օգնելու համար: Մենք նրանց դահիճներին չէինք յանձնում: Բայց դժբախտաբար, մեզ չյաջողւեց փրկել բոլորին եւ կանխել Հայոց Ցեղասպանութիւնը»,-ասաց նա եւ  յաւելեց, որ  Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ յաջորդը փաստօրէն իրենց հերթն էր:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյեանը յիշեցրեց, որ  նախկինում այցելութիւններ են կատարել Արեւմտեան Հայաստան, վարել են հասարակութեան հետ համագործակցութեան եզրեր փնտրելու քաղաքականութիւն, եւ այդ այցերի շրջանակում առաջին շփումը եղել է հէնց ալեւիների հետ:

«Սկսեցինք իրականացնել մշակութային ծրագրեր՝ դրանք մեծացնելով դէպի Եւրոպա»,- տեղեկացրեց Արագած Ախոյեանը եւ յաւելեց, որ այսօր 2 մլն ալեւիներ ապրում են Եւրոպայում, ինչը նշանակում է, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականութիւնից տուժած ժողովուրդները, փաստօրէն, վերագտնում են իրար եւ փորձում լուծումներ գտնել միասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։