Հա
11/03/2018

Շահան Գանտահարեան. «Լիբանանահայութեան շրջանում կայ ցանկութիւն գալ Հայաստան, բայց դա զանգւածային բնոյթ չունի»

Լիբանանում հրապարակւող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի խօսքով՝ եւ՛ սիրիական պատերազմը, եւ՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցութիւնն ունենում են Լիբանանի վրայ, եւ արդիւնքում նկատւում է նաեւ լիբանանահայութեան որոշակի արտահոսք:

«alikonline.ir» - Լիբանանում հրապարակւող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի խօսքով՝ եւ՛ սիրիական պատերազմը, եւ՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցութիւնն ունենում են Լիբանանի վրայ, եւ արդիւնքում նկատւում է նաեւ լիբանանահայութեան որոշակի արտահոսք:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ ընդհանրապէս քրիստոնեայ ազգաբնակչութիւնը հեռանում է եւ՛ Եգիպտոսից, եւ՛ Սիրիայից, եւ՛ Իրանից, եւ՛ նաեւ Լիբանանից:

«Բայց Լիբանանը, որն անցել է 17-ամեայ քաղաքացիական պատերազմի բովով, հիմա համեմատաբար հանգիստ է:  Իհարկէ, կայ մտավախութիւն, որ բազմաթիւ գործօնների հետեւանքով, լարւածութիւն նորից կը սկսւի, բայց այդ գործօնները  սահմանափակ տեսքով եղան մինչ հիմա. զսպող մեխանիզմներ կան հիմա: Այսօր շատ աւելի լաւատեսական գնահատականներ եւ բնութագրեր են հնչում այն առումով, որ Լիբանանն արդէն համալիբանանեան կեցւածք է դրսեւորել»,- ասաց նա:

Նշենք, որ աւելի վաղ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը, կանխատեսելով եւ զգալով լիբանանահայ համայնքին սպառնացող վտանգը՝ նշել էր, որ պէտք է զբաղւել լիբանանահայերի հայրենադարձութեան խնդիրներով:

Լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարեանը համաձայնեց, որ Լիբանանում ներքաղաքական խնդիրները շատ էին, սակայն նկատեց, որ դրանք կարծես թէ լուծւում են:

«Վարչապետը հրաժարական տւեց, յատկապէս Սաուդական Արաբիայի պատճառով: Բայց յետոյ միջազգային հանրութիւնը նրան հետ բերեց իր պաշտօնին»,- ասաց նա՝ յաւելելով, որ այս պահի դրութեամբ չկայ այն աշխարհաքաղաքական որոշումը, որ Լիբանին եւս ներքաշեն պատերազմական գործողութիւնների մէջ:

Շահան Գանտահարեանի խօսքով՝ լիբանանահայութեան շրջանում կայ ցանկութիւն գալ Հայաստան, բայց դա զանգւածային բնոյթ չունի:

«Կարծում եմ, որ «Հայրենադարձութեան մասին» օրէնքի մշակումը շատ ողջունելի է: Դա չի վերաբերում միայն լիբանանահայերին, այլ ամբողջ սփիւռքին»,- ասաց նա:

Խօսելով լիբանանահայութեան՝ հայրենիք վերադառնալու մասին՝ նորից նշեց, որ հիմա էլ նկատելի է, որ որոշակի խումբ գալիս է Հայաստան, նաեւ նկատեց՝ հայրենիքի հետ կապն ամրացրել են այստեղից դէպի Լիբանան եղած կանոնաւոր թռիչքները:

«Կապն ակտիւացել է Լիբանանի հետ, եւ նաեւ միջպետական յարաբերութիւններն են խորանում»,- ասաց նա՝ մատնանշելով ՀՀ նախագահի այցը Բէյրութ եւ հոկտեմբերին սպասւող Լիբանանի նախագահի այցը Երեւան,- դա կօգնի, որ համայնքում երիտասարդները  մտածեն նաեւ հայրենիք վերադառնալու մասին: Լիբանանի համայնքը շատ մեծ դեր է կատարում նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման հարցում»:

Դիտարկմանը, թէ Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան եկած սիրիահայերի մի մասը դժգոհեց Հայաստանից, թէ իրենց այստեղ լաւ չընդունեցին, գուցէ լիբանանահայերի դէպքում էլ նման խնդիր լինի, Շահան Գանտահարեանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ այստեղ սիրիահայերին լաւ չընդունեցին, որովհետև եւ՛ Սփիւռքի նախարարութիւնը, եւ՛ համապատասխան գերատեսչութիւնները հայեցակարգեր են մշակել եւ գործնական քայլերի դիմել: Ոմանք, իհարկէ, Հայաստան որպէս տարածք են դիտարկել՝ այլ տեղ գնալու համար՝ Լիբանանը առաջին կանգառ համարելով, յետոյ Հայաստան եկել: Բայց ստւար մի խումբ մնացել է այստեղ, եւ նրանք շատ գոհ են պետութեան ընձեռած հնարաւորութիւններից»:

կապւած լուրեր

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։